«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանն է: Նա խոսել է իր բնավորության գծերի, նախասիրությունների մասին, հանդես է եկել ինքնատիպ խոստովանություններով: Լուիզան անդրադարձել է նաեւ իր անվան շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքին: Դերասանուհին նշել է, թե որն է եղել իր կյանքի ամենաբարդ շրջանը, եւ ինչ է ինքը սովորաբար անում այն պահերին, երբ թվում է` ելք չկա:
-Լուիզա՛, երբ փոքր էիք, Ձեզ թվում էր, որ…
-Ուսուցիչները սովորական մարդկանց կյանքով չեն ապրում:
-Ձեր մանկության գույնը ո՞րն է:
-Սպիտակը: Ես այն ասոցացնում եմ մաքրության հետ, ինչպես նաեւ դեղինը:
-Ձեզ համար միշտ դժվար է եղել ապացուցել, որ…
-Ոչինչ էլ դժվար չի եղել ապացուցել:
-Կուռքեր ունե՞ք կամ ունեցե՞լ եք:
-Ոչ, անգամ դեռահասության տարիքում, երբ բոլորը, օրինակ, Մայքլ Ջեքսոնին էին երկրպագում, ես էլի կուռքեր չունեի:
-Ձեզ սովորաբար չեն ներում այն բանի համար, որ…
-Որ ժամանակ չեմ ունենում…
-Ձեզ հետ գնումներ կատարելը հե՞շտ է, թե՞ դա իսկական արարողության է վերածվում:
-Ոչ միայն հեշտ է, այլեւ շահեկան, քանի որ սիրում եմ սակարկելու գործընթացը, հատկապես արտերկրում: Հայաստանում մենք մի փոքր բարդույթավորվում ենք այդ պահերին:
-Դժվարությամբ եք հասկանում այն մարդկանց, որոնք…
-Կարծում են, թե իրենք ամեն ինչ գիտեն:
-Ձեր կյանքի ճգնաժամային փուլը ինչի՞ հետ եք կապում:
-Հորս կորստի:
-Ի՞նչ եք անում, երբ թվում է, թե ամեն ինչ անհետ կորած է…
-Ձեռքս եմ վերցնում Աստվածաշունչը: Իհարկե, այն օգնում է ինձ, «Նարեկ»-ն էլ է օգնում: Դրանք իմ միակ, շտապ եւ անփոխարինելի օգնություններն են:
-Եթե հանգստանալ, ապա ի՞նչ ֆորմատով:
-Բոլոր ժամանակներում եւ հոգեվիճակներում հանգստի լավագույն տարբերակը ծովափնյա հանգիստն է ընտանիքիս հետ:
-Կա՞ մի աֆորիզմ, ասացվածք, որը Ձեզ տպավորել է, հուզել:
-Այո, այս պահին, չգիտես ինչու, հիշեցի «Կոմս Մոնտե Քրիստո»-ից Էդմոն Դանտեսի խոսքերը` «Սպասել եւ հուսալ»: Կարճ, ամփոփ, բայց խորիմաստ խոսքեր:
-Գրական ամենահոգեհարազատ կերպարը:
-Զարմանալի կթվա, բայց Շառլ Ազնավուրի անունը պետք է տամ: Նրա կերպարը, վերջին շրջանում հատկապես, ինձ առանձնապես գրավել է: Ի վերջո, եթե հաշվի առնենք, որ նա հեղինակել է «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը, կարող ենք համարել, որ նա` շանսոնյեն, գրական կերպար է:
-Վախենում եք, որ…
-Տգիտությունը հսկայական ծավալներ կստանա եւ առավել ընդգրկուն կդառնա:
-Ափսոսում եք, որ…
-Տարիներն անցնում են, եւ մայրս ծերանում է:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Միանշանակ, հաջողակ եմ:
-Ձեր տրամադրության անկումն ու վերելքը հիմնականում կախված է…
-Մարդկանց չարախոսությունից, վատ, բացասական էներգիայից, որ նրանք փոխանցում են: Եթե նույնիսկ անձամբ ներկա չեմ տվյալ միջավայրում, միեւնույնն է, ինձ վրա ազդում են նման խոսակցությունները:
-Չեք հիշում, թե վերջին անգամ երբ եք…
-Էկլերներ թխել, իսկ դա ինձ մոտ լավ է ստացվում:
-Ինքնախարազանվո՞ղ, թե՞ արդարացումներ փնտրող տեսակ եք:
-Ինքնախարազանվող, բայց վերջում անպայման ինքս ինձ հետ կոնսեսուսի եմ գալիս:
-Հաճա՞խ եք հարվածներ ստանում:
-Ոչ, որովհետեւ պաշտպանական ռեակցիաս բավական ուժեղ է:
-Ամեն դեպքում, Դուք էլ կունենաք Ձեր խոցելի կողմերը:
-Իհարկե, քանի դեռ արթնանում ենք, շնչում ենք, սիրում ենք, ունենք հիշողություն, չենք կարող խոցելի չլինել: Պարզապես ժամանակը կոփում է:
-Ձեր անձի շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքը:
-Ասում էին, թե, իբր, ամուսնալուծվել եմ եւ ապրում եմ մի դերասանի հետ: Նա, ով տարածել էր այդ սուտը, պնդում էր, թե մենք իր հարեւանությամբ ենք ապրում (ծիծաղում է):
-Եվ վերջում` ի՞նչ եք ուզում կյանքից:
-Ուզում եմ, որ այն, ինչ ունեմ, Աստված պահպանի, որովհետեւ ունենալը մի արվեստ է, ունեցածը պահպանելը` այլ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԵՐԱԶՆԵՐԻՍ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՄ ԱՊԱԳԱՆ»
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք` «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է:
Նա խոսեց ուշագրավ մի հատկության մասին. «Չեք հավատա, բայց իմ երազների միջոցով տեսնում եմ ապագան: Շատ բաներ ուղիղ չեմ տեսնում, այլ խորհրդանշական ձեւով, բայց կարողանում եմ դրանցից գլուխ հանել: Օրինակ` երբ 9 տարեկան էի, օրեր շարունակ միեւնույն մռայլ երազն էի տեսնում, եւ հետո հայրս մահացավ: Նույն երազը ես տեսա 24 տարեկանում, մահացավ եղբայրս: Այդ նույն կերպ ես կարողանում եմ կանխազգալ հաջողությունները: Երազիս միջոցով կանխատեսել եմ իմ, Թինա Քեյի, Օլգա Այվազյանի հղիությունը»,- մանրամասնեց երգչուհին:
Նա պատմեց էլի ուշագրավ դրվագներ, այս անգամ` գործնական կյանքի հետ կապված. «Երբ դեռ փոքր էինք, ես եւ եղբայրս հայտնի «ձՑՐպվվÿÿ ջՉպջՊՈ» նախագծից մասնակցության հրավեր ստացանք: Հրավիրող կողմին ոգեւորել էր այն հանգամանքը, որ քույր եւ եղբայր ե՛ւ երգեր էինք գրում, ե՛ւ գործիքավորում էինք, ե՛ւ կատարում: Դա բացառիկ բան էր: Պարզապես մենք հապաղեցինք: Մարզում ապրող երեխաներ էինք, վարանեցինք մեկնել արտերկիր»,-հիշեց Լիլիթը:
Բայց դա միակ բաց թողնված հնարավորությունը չէ երգչուհու կյանքում. «Չեք հավատա, բայց 2002-ին Միացյալ Նահանգներում ինձ համագործակցելու առաջարկ էր արել Բրիթնի Սփիրսի նախկին պրոդյուսերը: Պարզապես ինձ առաջարկվում էր տասը տարով պայմանագիր: Ես պետք է ԱՄՆ-ում ապրեի, աշխատեի, իսկ մայրս Հայաստանում էր, նոր էինք կորցրել եղբորս, վշտի մեջ էինք, չցանկացա նրան միայնակ թողնել»,-եզրափակեց Լիլիթը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Արդեն տեղեկացրել էինք, որ հունիսի 18-ին Հայաստանում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Վիսենտե Դել Բոսկեն:
Երեկ` հունիսի 18-ին, աշխարհահռչակ մարզիչը շփվեց նաեւ լրագրողների հետ եւ կիսվեց իր տպավորություններով:
Իսպանացի մասնագետը նախ շնորհավորեց ՀՖՖ-ին, ապա նշեց, որ իրեն Հայաստան է հրավիրել Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն. «Առաջինը կցանկանամ շնորհավորել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային վերջին երկու խաղերում հաղթանակ տոնելու կապակցությամբ, քանի որ այդ հաղթանակները ավելի իրատեսական դարձրին Հայաստանի երազանքը, այն է` հայտնվել ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլում: Կարծում եմ` քրտնաջան աշխատելը միայն կհարթի այդ ճանապարհը հայ ֆուտբոլիստների համար: Ինձ Հայաստան է հրավիրել Խավիեր Մինյանոն: Մեր ընկերներից մեկը աշխատում է տարբեր տարիքային խմբերի հետ, մյուսը` ազգային հավաքականի, նրանք Հայաստանի մասին միշտ լավ են արտահայտվել: Ամեն ինչ կանեմ հայ մարզիչներին փոխանցելու իսպանական փորձը»:
«Կարմիր Ֆուրիայի» նախկին գլխավոր մարզիչը անդրադարձավ նաեւ Հայաստանի ազգային հավաքականին. «Հայաստանի ազգային հավաքականի խաղերի չեմ հետեւել, սակայն տեղյակ եմ հաշիվներից եւ կարող եմ ասել, որ Հայաստանի ընտրանին կարեւոր հաղթանակներ տարավ: Առջեւում եւս շատ պատասխանատու հանդիպումներ են սպասվում, եւ այս հաղթանակների շնորհիվ Հայաստանը կարողացավ հանգստացնել իրավիճակը: Վստահ եմ, որ Հայաստանը առաջիկայում ավելի լավ խաղ կցուցադրի եւ նոր հաջողություններ կգրանցի: Ուժեղ ազգային հավաքական ունենալու համար կարեւոր է նաեւ ունենալ ուժեղ լիգա: Իսպանիայի առաջնությունում 10-ը տարի շարունակ հանդես էին գալիս Լեո Մեսսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն, եւ այդ փաստը միայն լավ առումով էր անդրադառնում իսպանացի ֆուտբոլիստների վրա: Վերջին տարիներին եվրոպական մրցաշարերի եզրափակիչներում հանդես էին գալիս իսպանական ակումբներ` բացառությամբ այս տարվա: Տեսեք, թե ինչ արդյուքներ են գրանցել «Ատլետիկոն», «Բարսելոնան» եւ «Ռեալը»: Այդ ամենը շատ է օգնում Իսպանիայի ազգային հավաքականին»:
Լեգենդար մարզիչը խոսեց ֆուտբոլում գործող նոր տեխնոլոգիաներից. «Ֆուտբոլում արդեն կա VAR համակարգը, բայց դա բավարար չէ: Այն ֆուտբոլային խնդիրներին լիարժեք լուծում չի տալիս: Ֆուտբոլը արագ սպորտաձեւ է, եւ այնտեղ ամեն պահ կարող է բան փոխվել. սա է պատճառը, որ առաջանում են խնդիրներ, եւ հարկավոր են լինում նոր տեխնոլոգիաներ, իսկ դրանք գնալով ավելի ու ավելի են զարգանում»:
Վիսենտե Դել Բոսկեն խոսեց նաեւ Մադրիդի «Ռեալի» ելույթների մասին. ««Ռեալը» շատ հզոր կազմ ունի: Եթե անհատապես նայենք թիմի ֆուտբոլիստներին, բոլորն էլ շատ ուժեղ են: Հիմա ակումբին միացել են նոր ֆուտբոլիստներ, եւ տեսնենք, թե ինչ կստացվի»:
Հիշեցնեք, որ հանրաճանաչ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականի հետ կարողացել է դառնալ ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ աշխարհի չեմպիոն, իսկ Մադրիդի «Ռեալը» գլխավորելու տարիներին 2-ական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների Լիգայում:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ