Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Երեկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտ գտնվող չոր խոտածածկ տարածքը այրվում էր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի քանի մարտական հաշվարկով հրշեջ-փրկարարները թանգարանի աշխատակիցների հետ միասին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել:
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, թե որքան է տեւում ամենամյա նվազագույն արձակուրդը, եւ երբ է վճարվում արձակուրդի համար աշխատավարձը: Խնդրում եմ նաեւ տեղեկացնել, թե երբ է թույլատրվում աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել:
Գեւորգ Ալեքսանյան (37 տարեկան, խոհարար)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու` աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ hոդված):
Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, նշենք, որ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Մեզ հայտնի դարձավ, որ ճապոնացիներն ունեն 18 օրվա ամենամյա արձակուրդի իրավունք, սակայն ոչ բոլորն են միանգամից օգտագործում այն: Իսկ, ահա, Ֆրանսիայում ամենամյա արձակուրդի տեւողությունը 30 օր է: Բայց այն աշխատողները, որոնք նույն կազմակերպությունում աշխատել են ավելի քան 10 տարի, կարող են օգտվել մինչեւ 11 ամիս անընդմեջ վճարվող արձակուրդի իրավունքից:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ինձ խորհուրդ տալ` ամռան այս ամիսներին ինչպես խուսափել ինֆեկցիոն հիվանդություններից:
Կարինե Ղուկասյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի, ինչպես նաեւ կենցաղային շփումների միջոցով: Ամռանը լավ չլվացված մրգերը եւ բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման պատճառ:
Աղիքային վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
– մրգերը, բանջարեղենը, հատապտուղները, կանաչեղենն օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,
– չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող սննդամթերք,
– խստորեն հետեւել անձնական հիգիենայի կանոններին. ձեռքերը լվանալ հաճախակի` յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելիս եւ ուտելուց առաջ, տրանսպորտից, սանհանգույցից օգտվելուց հետո,
– չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո,
– ծորակի ջուրն օգտագործել միայն մի քանի րոպե հոսելուց հետո,
– արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, գետերում եւ այլ ջրավազաններում, որոնք նախատեսված չեն լողի համար:
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետեւյալ ախտանշանները. լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաեւ ջերմության բարձրացմամբ: Բայց որքան էլ վերը նշված կանոնները պահպանվեն, միեւնույն է, այդ ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության: Հիշենք, որ ինքնաբուժումը, հակաբիոտիկների անհարկի օգտագործումը կարող են հանգեցնել հիվանդության քրոնիկական ընթացքի: