Հայկական պատվիրակությունը «Վորլդսքիլզ Կազան»-ին մասնակցում է 3 մասնագիտություններով․ այնտեղ է նաեւ նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-24-ը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» առաջնության շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին և նախարարական գագաթնաժողովին:

Կազանում են հավաքվել աշխարհի շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: Երկու տարին մեկ անգամ անցկացվող «Վորլդսքիլզ» առաջնությանն այս անգամ մասնակցում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ` 50-ից ավելի որակավորումներով: Հավաքի նպատակն է քննարկել կրթական համակարգերի նորարական բարեփոխումները, մասնագիտությունների և որակավորումների ճկունության հնարավորությունները, կրթական արդյունքների չափման նոր մոտեցումները: Քննարկումների առանցքում միջին մասնագիտական կրթությունն ու դրա զարգացման հեռանկարներն են:

Հայկական 6 հոգանոց պատվիրակությունը «Վորլդսքիլզ Կազան 2019»-ին մասնակցում է խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիաներ և ոսկերչություն մասնագիտություններով:

Գլխավոր ասամբլեայի շրջանակում «Վորլդսքիլզի» նախագահ է ընտրվել Ժո դե Գոն: «Մենք պետք է աշխատենք միասին հաջողություններ արձանագրելու համար»,-ասել է նա՝ դիմելով ներկաներին:

Նախարար Արայիկ Հարությունյանը համաժողովի շրջանակում այցելել է հայկական տաղավար, հետևել առաջնության ընթացքին: Նա նաև առանձնազրույց է ունեցել «Վորլդսքիլզի» գործող նախագահ Բարթլի Սայմոնի հետ, կարճ հանդիպում՝ նորընտիր նախագահ պարոն Գոյի հետ:

Տեղեկացնենք, որ ռուսական կողմից համաժողովին մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Լուսավորության նախարար Օլգա Վասիլևան, ինչպես նաև Գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովը:




Լրահոս