ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ 3D հոլովակի պատրաստման մասին լուրերը: «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 3D հոլովակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ: Համացանցում լուրեր են տարածվել, թե 3D հոլովակը պատրաստվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ողջ գործընթացը հանրությանն առավել ակնառու ներկայացնելու համար առաջարկել է պատրաստել 3D հոլովակ:
Նկատի ունենալով, որ հոլովակի պատրաստումը կարող է տևել շաբաթներ, իսկ հանրությունը պահանջում է հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ տեղեկատվություն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:
Ներկա պահին Քննչական կոմիտեն հրավիրել է թվային տեխնոլոգիաների բնագավառի համապատասխան մասնագետներ՝ արտադրական պրոցեսների նկարագրության, պատկերավորման համար, ովքեր աշխատում են 3D հոլովակի հիմնական տարբերակի պատրաստման շուրջ»,- հայտնում է Քննչական կոմիտեն: