Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետեւանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Ըստ դատավորների` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամների հրաժարականներից հետո ԲԴԽ-ում մնացել են 4 հոգի, եւ քվորում չի լինում, ու այս իրավիճակում դատական իշխանության գործունեությունը դրվում է հարվածի տակ: Մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ այս իրավիճակը պետք է անհանգստացնի ինչպես Ազգային ժողովի պատգամավորներին, այնպես էլ Դատավորների միությանը, քանի որ Ազգային ժողովը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որոնք կարող են նշանակվել ԲԴԽ անդամներ, իսկ դատավորների ժողովը դատավորներից 3 հոգու պետք է ընտրի ԲԴԽ անդամ: Մինչ օրս Ազգային ժողովում դեռեւս մեկ թեկնածուի հարց է քննարկվում, որը Գրիգոր Բեքմեզյանն է, նրան էլ դեռ չեն ընտրել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էլ դատավորների ժողով չի անում, եւ ԲԴԽ-ն, որի օրակարգում բազում հրատապ հարցեր կան լուծելու, ըստ էության, կազմալուծված է: Դատավորներն անգամ մտավախություն ունեն, որ աշխատավարձ չեն կարողանալու ստանալ, թեեւ դատական դեպարտամենտից «Ժողովուրդ» օրաթերթին հավաստիացրին, որ այդպիսի բան չի լինելու:
Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը, որի անունը նախաքննական մարմինը գաղտնիք է պահում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձը եղել է ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, ով ընդամենը 2 տարի է աշխատել ոստիկանության զորքերում, որից հետո տեղափոխվել է ոստիկանության այլ ստորաբաժանում, իսկ ներկայումս, ըստ լուրերի, համակարգում չի աշխատում:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջիկա օրերին կներկայացնի վեթթինգի գործընթացի իրականացման վերաբերյալ իր սկզբունքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրենց խմբակցության հետ երբեւէ չի քննարկել, թե ինչ նախագիծ է պատրաստվում ներկայացնել վեթթինգի մասով: Ավելին, Մարուքյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ իշխանությունը վեթթինգի գաղափարը չտապալի: «Մենք գաղափարին կողմ ենք, մենք ենք դա դրել շրջանառության մեջ, բայց ցանկացած լավ գաղափար կարելի է վատ իրականացնել, հետեւաբար սկզբունքներ ենք մշակում, որ եթե դա իրականացվի, ունքն ուղղելու փոխարեն չտան, աչքն էլ հանեն: Սա է մեր մոտեցումը, որ եթե արվի, ճիշտ արվի, իսկ մեր պատկերացրած ձեւը, թե ինչպես պետք է արվի, դա արդեն կներկայացնենք մեր սկզբունքներում»,- հայտարարեց Մարուքյանը:
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անմարդկային խախտումներ են հայտնաբերվել. այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը: Կենտրոնի ատամնաբուժական սենյակում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել: «Ձորակ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս բացահայտումներին, հայտարարեց, որ այդ թերությունները վերացվել են, բայց զրույցի ընթացքում նա բարձրաձայնեց մեկ խնդրի մասին: Պարզվում է` խնամքի կենտրոնի` դեղերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթները չեն կայանում, քանի որ պահանջած քանակությունը քիչ է, ինչի պատճառով մասնակիցները հրաժարվում են մասնակցել մրցույթին. «Զանգում ենք դեղատներին, խնդրում ենք, չեն գալիս մասնակցելու, ասում են` քիչ է քանակությունը, չնչին գումար է կազմում: Բարեգործները մատաղ են բերում, խնդրում ենք` էս երկու դեղը բերեք, բայց դա հետո մենք հաշվապահության կողմից մուտքագրում ենք, որ բարեգործի կողմից է»:
ԶԱՆԳՈՎ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ
Երեկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին բաժանվեց «100 փաստ նոր Հայաստանի մասին» ձեռնարկ, որտեղ շարադրված են կետերով այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունների ջանքերով: Իհարկե, ընդդիմախոսները կփորձեն արված գործերում էլ թերություններ փնտրել, գտնել, բայց ակնհայտ է, որ մեր երկրում լուծվել են այնպիսի հարցեր, որոնք տասնյակ տարիներով բարձրաձայնվել են, սակայն որեւէ առարկայական արդյունք մենք չենք ունեցել:
Առանձնացնենք շարադրվածից 58-րդ փաստը. «Հանրապետությունում առկա շուրջ 350 գազալցակայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտվել են: Այս փաստը կարեւորում եմ զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետեւ արդեն 15 տարի այդ հարցը քննարկվում էր, բայց պրոբլեմը չէր լուծվում: Իմ հանձնարարականով` Տարածքային կառավարման նախարարությունը ավտոգազալցակայաններին պարտավորեցրել է կատարել օրենքով սահմանված իրենց պարտավորությունները: 2018 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 10,5 տոկոսով»,- վարչապետի անունից գրված է 100 փաստի ձեռնարկի մեջ: Ինչպես նկատվեց, կառավարությունը լուրջ ջանքեր չի գործադրել, բյուջետային հատկացումներ չի արել, որպեսզի հանրապետությունում ունենանք այդքան կենսական դարձած մեծաթիվ զուգարանները, այլ կարգադրության միջոցով է հարցը կարգավորվել: Ինչպես հայտնի է, տուրիզմը չի կարող զարգանալ մի երկրում, որտեղ չկան տարրական պայմաններ ճամփորդելու համար:
Բայց միայն դա չէ խնդիրը. հիշո՞ւմ եք, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ այսօր Եվրասիական միության վարչապետն է, երկու բիոզուգարաններ բերեց. մեկը տեղադրվեց Սյունիքի մարզում, մյուսը` մայրաքաղաքի կենտրոնում, ամեն մեկի վրա ծախսվեց 175 հազար դոլար (62 մլն դրամ), սակայն այդ զուգարանները մի օր չաշխատեցին, ու պետության փողերը փոշիացվեցին: Բայց պարզվում է` հնարավոր էր ուղղակի աշխատանքների կազմակերպման արդյունքում գազալցակայաններին պարտավորեցնել կատարելու իրենց պարտականությունները զուգարաններ ունենալու (փաստորեն կառուցելիս պարտավոր էին զուգարաններով ապահովել), եւ խնդիրը կարգավորվեց:
Ու այսպիսի շատ ոլորտներ, խնդիրներ կան, որոնք կնճռոտ են, լուծման կարոտ, բայց տարիներ շարունակ զուտ կազմակերպչական անկարողության կամ անգործության հետեւանքով չեն լուծվել:
Ի դեպ, 100 փաստի հաշվետվությունը զուտ հրապարակայնության եւ փաստարկներով արված աշխատանքի մասին խոսելու ձեւի առումով շատ հետաքրքիր էր ու կարեւոր: