ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է` ՈՒՆՔԻ ՏԵՂԸ ԱՉՔՆ ԷԼ ՉՀԱՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովում շարունակվում է քննարկվել այն հարցը, թե, ի վերջո, ինչպես են պատկերացնում հայրենի իշխանությունները վեթինգ իրականացնելու մեխանիզմը, քանի որ այս պահի դրությամբ անհնար է ներկայիս Սահմանադրությամբ վեթինգ իրականացնել դատաիրավական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է վեթինգի նախագիծ ներկայացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից պարզել, թե արդյոք իշխանական խմբակցությունը քննարկել է վեթինգի նախագիծը իրենց հետ: ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ իրենց հետ այդ հարցի շուրջ որեւէ քննարկում չեն ունեցել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը պատրաստվում է առաջիկա օրերին վեթինգի իրականացման սկզբունքներ ներկայացնել:
-Պարո՛ն Մարուքյան, նախորդ շաբաթ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը վերջնամշակման փուլում է եւ շուտով կներկայացվի հանրային քննարկման: Արդյոք իշխանական խմբակցությունը այդ հարցի շուրջ քննարկում ունեցե՞լ է Ձեր խմբակցության հետ:
-Նախագիծ չկա, ես նախագծին ծանոթ չեմ, մենք սկզբունքներ ենք մշակել, որոնք առաջիկա օրերին կհրապարակենք:
-Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը, խնդրում եմ մի քիչ մանրամասնել:
-Սկզբունքները վեթինգ իրականացնելու համար, օրինակ, եթե վեթինգի համար հայեցակարգեր պետք է գրվի, իսկ մենք կարծում ենք, որ պետք է գրվի, այդ սկզբունքները կարող են հաշվի առնվել: Եթե հայեցակարգից հետո պետք է օրենքի նախագիծ գրվի, այդ սկզբունքները պետք է հաշվի առնվեն, եթե Սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, էլի պետք է այդ սկզբունքները հաշվի առնվեն: Այսինքն` սկզբունքներ, թե վեթինգ անելու համար ինչ չափանիշներ պետք է պահպանվեն: Մենք դրանք հրապարակելու ենք, որպեսզի բոլորի համար հասանելի լինեն այդ սկզբունքները:
-Իրավաբանների կարծիքով` անհնարին է Հայաստանում վեթինգ իրականացնել, քանի որ որեւէ կերպ ՀՀ սահմանադրությունը չի թույլատրում նման բան իրականացնել: Դուք համամի՞տ եք:
-Մենք ասել ենք, որ եթե վեթինգը իրականացվի նոր մարմնի ստեղծմամբ, ապա պետք է Սահմանադրական փոփոխություններ արվեն, որը հնարավոր է միայն հանրաքվեով, որովհետեւ դատական իշխանության Սահմանադրական գլուխը չի կարող փոփոխվել այլ կերպ, հետեւաբար պետք է հանրաքվե իրականացնել: Բայց իշխանությունները, որքանով հասկանում եմ, ուզում են դա անել ԲԴԽ-ի միջոցով: Իսկ այս պահի դրությամբ քանի չկա նախագիծ, ինձ համար դա անհասկանալի է: Կլինի նախագիծ, որտեղ հստակ կլինի, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում իրականացնել այդ ամենը, այդ ժամանակ էլ մենք կկարողանանք խոսել, հայտնել մեր տեսակետը: Այս պահի դրությամբ չկա այդ նախագիծը, ու մենք չենք կարող որեւէ բան ասել: Մենք արդեն մի քանի անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք աշխատել այն փաստաթղթի վրա, որը որ իրենք գրում են, որեւէ արձագանք չի եղել, եւ հիմա անիմաստ ենք համարում առանձին նախագիծ բերել: Բայց մենք որոշեցինք ներկայացնել այդ սկզբունքները, որն ավելին է, քան նախագիծը. դա լայնածավալ աշխատանք է:
-Իսկ քանի որ նման լայնածավալ աշխատանք է իրենից ներկայացնում վեթինգի նախագիծը, ի՞նչ եք կարծում, արդյոք հնարավոր կլինի՞ այս տարվա մեջ վեթինգ իրականացնել դատաիրավական համակարգում, որը, ըստ վարչապետի, պետք է առողջացնի դատական համակարգը:
-Եթե հանրաքվեով արվի, ապա ես կարծում եմ, որ դժվար է լինելու, եթե ԲԴԽ-ով արվի վեթինգը, որը չգիտեմ` ինչպես են անելու, գուցե կարողանան: Մեզ չեն հրավիրել որեւէ քննարկման որեւէ հարցում, որպեսզի հասկանալի լիներ, թե իրենք ինչպես են պատկերացնում վեթինգի իրականացման մեխանիզմը: Մամուլը գրում է, որ դրա մասին փակ շրջանակ գիտի, մենք տեղեկացված չենք: Մենք գաղափարին կողմ ենք, մենք ենք դա դրել շրջանառության մեջ, բայց ցանկացած լավ գաղափար կարելի է վատ իրականացնել, հետեւաբար սկզբունքներ ենք մշակում, որ եթե դա իրականացվի, ունքն ուղղելու փոխարեն չտան աչքն էլ հանեն: Սա է մեր մոտեցումը, որ եթե արվի, ճիշտ արվի, իսկ մեր պատկերացրած ձեւը, թե ինչպես պետք է արվի, դա արդեն կներկայացնենք մեր սկզբունքներում:
-Ձեր սկզբունքներում կա՞ այն հարցը, որ պետք է ազատվել դատական համակարգի բոլոր անձանցից, որպեսզի, ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետը, դատական հըամակարգում լինի «վիրահատական» պրոցես:
-Եթե պետք է լինի զտում, ուրեմն պետք է զտվի համակարգը, ու այդ զտման համակարգում պետք է գործող կոնտինգենտը թարմանա. բնականաբար այդտեղ պետք է նոր մարդիկ նշանակվեն: Նոր մարկանց նշանակելու պրոցեսը եւս պետք է լինի շատ խիստ ու երկար տարվող գործընթաց: Միայն մարդկանց հանելով չի, պետք է լինեն նաեւ նորմալ կադրեր, որոնք պետք է նշանակվեն: Վեթինգի մասին խոսում են ե՛ւ հասկացող, ե՛ւ չհասկացող մարդիկ, ու հիմա խոսել դրա մասին անիմաստ է: Առաջիկայում մենք կներկայացնենք մեր սկզբունքները, թե ինչպես ենք պատկերացնում վեթինգը, դրանով ամեն ինչ պարզ կլինի:

 

 

 

ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին բուռն քննարկում է իրականացվում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում` իրենց խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հունիսի 14-ին արած հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նա գրել էր, թե աշխատանքային լիազորությունները դադարեցնում է: Այդ ամենից հետո Տ. Ուրիխանյանը կարծես անհետացել է, հեռախոսն անջատված է, խորհրդարանի աշխատասենյակը փակ է, օգնականն անգամ աշխատանքի չի ներկայանում:
Բայց ուշագրավն այն է, որ Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարությամբ հանդես գալուց հետո իրականում պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Թե ինչն էր նրան ստիպել նման աղմուկ բարձրացնել, այդպես էլ անհայտ է մնում: ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարեցին, որ ամեն անգամ Ուրիխանյանն իր նմանօրինակ հայտարարություններով իրենց անհարմար վիճակում է դնում, քանի որ չեն կարողանում անգամ մեկնաբանել, թե ինչու է իրենց գործընկերը նման հայտարարությամբ հանդես եկել, եւ իրենք ինչ պետք է մեկնաբանեն՝ ի պատասխան լրագրողների հարցերի:
Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Տ. Ուրիխանյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պատգամավորական մանդատից առանց որեւէ բացատրության:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին փորձեց կապ հաստատել Տ. Ուրիխանյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը էլի անհասանելի էր:
Տեղեկացանք նաեւ, որ ԱԺ աշխատակազմը որեւէ դիմում՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ, չի ստացել որեւէ պատգամավորից, այդ թվում` Ուրիխանյանից:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԲԵՆԵՖԻՍԸ
Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ աննախադեպ թվով պատգամավորներ էին գրանցվել հարց տալու համար` 45 հոգի: Ընդ որում, նրանց թվում շատ էին իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Սակայն, ըստ էության, հարցերի բնույթը եւ պատասխանողները բազմազան չէին, եւ այնպիսի տպավորություն էր, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի բենեֆիսն էր խորհրդարանում: Գրեթե բոլոր հարցերին նա էր պատասխանում, մի քանի հարցերի էլ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իհարկե, այդ պատկերն ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ Պապիկյանի ղեկավարած նախարարությունը պատկանում է սուպեր նախարարությունների թվին եւ ընդգրկում է ամբողջ մարզերը, եւ այնտեղ էլ մեծամասամբ կենտրոնացված են բազմաթիվ խնդիրներ: Հենց դա է պատճառը, որ երեկ Պապիկյանը չէր հեռանում ամբիոնից:
Առհասարակ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանները մշտապես բավականին երկար են տեւում, քանի որ մեծ թվով պատգամավորներ են գրանցվում` հարց տալու: Սակայն այս փուլում պատգամավորներից շատերը տարօրինակ էին համարում այդպիսի ակտիվությունը, քանի որ ընդամենը մեկ շաբաթ առաջ հանձնաժողովների միացյալ նիստերում ընթանում էր ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, եւ պատգամավորները հնարավորություն ունեին հարցեր ուղղել կառավարության անդամներին եւ շատ ակտիվ դա արել են նաեւ այդ նիստերի ժամանակ:

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը, որը մինչեւ այժմ զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Նրա կենսագրական տվյալներն, ըստ էության, սակավ են, եւ դա նաեւ բնական է` հաշվի առնելով, որ նորանշանակ նախարարը 28 տարեկան է: Ըստ այդմ, նա իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս է եւ 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: Սակայն Ռուստամ Բադասյանն, ըստ էության, նորեկ չէ նոր իշխանությունների թիմում, եւ երեկ իշխանության ներկայացուցիչները սոցիալական ցանցերում շատ բուռն էին ընդունել նրա նշանակման փաստը եւ մեծ հույսեր էին կապում նրա հետ, այնինչ ընդդիմադիրները նրան ամենեւին էլ չէին ճանաչում:
Ռուստամ Բադասյանի անունը հանրության շրջանում հայտնվեց 2017 թվականին, երբ նա Նոր Կյանքի նախկին գյուղապետ Գարիկ Սարգսյանի փաստաբանն էր: Ինչպես հայտնի է, այն ժամանակ Գարիկ Սարգսյանը դատական գործընթաց էր սկսել` ընդդեմ համայնքի ավագանու նախկին որոշումների, եւ այժմ արդեն նորանշանակ նախարարը պաշտպանում էր նրա շահերը: Իսկ արդեն թավշյա հեղափոխությունից հետո Բադասյանը նախագահի տեղակալի պաշտոն ստացավ ՊԵԿ-ում, հիմա էլ` արդարադատության նախարարի կարեւոր պաշտոնը:




Լրահոս