ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հրապարակվել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին, որում ամփոփված են 100 փոփոխություններ, որոնք եղել են 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի մայիսը: Ընդ որում, գրքույկում ամրագրված է, որ հրապարակված 100 փաստը սպառիչ սահման չէ, այլ ընդամենը խորհրդանշական եզրահանգում:
Որպես առաջին փաստ` ներկայացված են բյուջետային եկամուտները: Ըստ այդմ, ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարվել էր, այլ 62 մլրդ դրամով: Եվ նշենք, որ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64,1 մլրդ դրամով, եւ դա հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման շնորհիվ բյուջետային եկամուտների աճով: Հետաքրքիր թվեր են ներկայացված տնտեսվարողների հետ կապված: Ըստ այդմ` կառավարության` հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որն ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսն է:
Նշվում է, որ սա նրանից է գոյացել, որ նախկին Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմինները տնտեսվարողներից գերավճարներ են պահանջել: Եվ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է մոտավոր 130 մլրդ: Եվ ստացվում է, որ 130 մլրդ ավելի գումար է վճարված եղել առանց դրա պարտավորությունն ունենալու: Եվ իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմինները բիզնեսից, գործարարներից ընդունած հաշվետվության դիմաց փող չեն գանձել, որի արդյունքում էլ 120 մլրդ դրամի պարտավորություն է մարվել:
Սա էլ նշանակում է, որ այս ընթացքում միայն այս հոդվածով կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտավորապես 300 մլն դոլար: Բացի այդ, հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով, նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ, շուրջ 15 մլրդ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին, այսինքն` 15 մլրդ դրամ էլ այս մասով է վրադարձվել բիզնեսին: Հեղափոխությունից հետո հաճախ էր ընդգծվում այն հանգամանքը, որ նախկինում բիզնեսի համար դժվարություններ էին ստեղծվում, նրանցից ավել գումարներ էին գանձում, որն էլ հանգեցնում էր նրան, որ վերջիններս ստվերում էին աշխատում, չէին գրանցում աշխատակիցներին եւ այլն: Եվ հիմա ստացվում է, որ բիզնեսի համար արհեստական խոչընդոտներ չկան, եւ նաեւ դա է պատճառը, որ հեղափոխությունից հետո, նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ, 82 մլն հատ կամ շուրջ 35-40 տոկոսով ավելի հսկիչ դրամարկղային կտրոն է տպագրվել: Բացի այդ, 51 հազար աշխատատեղ էլ դուրս է բերվել ստվերից: Հիմնականում տնտեսական տվյալներ են ներկայացված եւ, ըստ այդմ, կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2,3 տոկոսային կետով` կազմելով 51,4 տոկոս:
100 փաստի մեջ ամրագրված են նաեւ քաղաքական փոփոխություններ, եւ ամրագրված է, որ փոխվել է դեսպան նշանակելու մոտեցումը, եւ վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել, եւ դեսպանի պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ` հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը: Սակայն հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, նշվում է, թե տեսականորեն չի բացառվում դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումը: Այս հարցը եւս նախկին իշխանությունների հանդեպ ամենամեծ քննադատություններից մեկն է եղել: Գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունները տարբեր պաշտոնների են նշանակում մարդկանց, որոնք ծառայություններ են մատուցել, ընտրությունների ժամանակ ձայներ բերել, եւ դեսպանի պաշտոնը եւս դրանցից մեկն է եղել: Նախկինում, երբ չեն իմացել, թե ինչ պաշտոն տալ այս կամ այն մարդուն, նրան դեսպան են նշանակել, որի պատճառով էլ հաճախ սայթաքումներ են եղել:
Այժմ նոր իշխանությունները խոստանում են վերջ տալ այդ պրակտիկային, սակայն, ամեն դեպքում, ոչ ամբողջովին: Հետաքրքիր է նաեւ 100 փաստերից 75-րդը. այնտեղ մասնավորապես ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունում չկան քաղաքական բանտարկյալներ եւ քաղաքական հալածյալներ»: Իսկ որպես 100-րդ կետ ամրագրված է. «Վարչապետը եւ նրա ընտանիքի անդամներն աշխատում են կրել միայն հայկական արտադրության հագուստ` քաջալերելով ոլորտի զարգացումը եւ մասնագետներին»: Որպես ամփոփում նշվում է, որ կառավարությունը կատարել է տնտեսական հեղափոխության առաջին փուլը, եւ առաջիկայում սպասվում է երկրորդը: Նշվում է, որ պետք է մինչեւ տարվա վերջ անպայման ներդրումներ իրականացվեն, ինչից հետո կկատարվի տնտեսական հեղափոխության երկրորդը փուլը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵՑ
ՀՀ Պատմության իստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի` Վրաստան մուտքի հետ կապված հարցը վերջնականապես լուծվել է: Ինստիտուտի տնօրենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ արդեն իրեն պաշտոնապես տեղեկացրել են, որ խնդիրը տեխնիկական բնույթ է կրել: «Շնորհիվ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի` խնդիրը շատ արագ կարգավորվեց: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շատ ակտիվ աշխատում էր այդ ուղղությամբ Վրաստանի հետ, ու արդեն ինձ տեղեկացրել են, որ պատճառը տեխնիկական է եղել, հարցը կարգավորված է, ես ազատ կարող եմ մուտք ու ելք ունենալ Վրաստան»,- հայտարարեց Մելքոնյանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Վրաստանի սահմանին արգելել էին ջավախքցի ակադեմիկոսի մուտքը երկիր՝ պատճառաբանելով, թե անցանկալի կերպար է: Պատվիրակության կազմում էր եղել նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն անմիջապես հեռախոսազանգով կապվել էր ՀՀ ԱԳՆ Զոհրապ Մնացականյանի հետ՝ ներկայացնելով խնդիրը, եւ նախարարը դեսպանի միջոցով օպերատիվ կերպով կարողացավ այնպես կազմակերպել, որ Մելքոնյանը կարողացավ տրանզիտ կարգով Վրաստանով հասնել Հայաստան: Եւ հիմա, պարզվում է, հարցը վերջնականապես կարգավորված է:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Տեւական ժամանակ է, ինչ Ազգային ժողովի պատգամավորները բողոքում են աշխատասենյակների պայմաններից, մասնավորապես` ջերմաստիճանից, քանի որ այս շոգ եղանակին ԱԺ աշխատասենյակներից շատերում տեղադրված չեն հովացնող համակարգեր: Տարբեր պատգամավորներ մեզ հետ զրույցներում նշում են, թե այդ հարցը վաղուց բարձրաձայնել են այլ գույքեր պահանջելու հետ մեկտեղ, մյուս բոլոր հարցերը կարգավորել են, բայց օդորակիչի հարցը՝ ոչ: Պատգամավորները նաեւ դժգոհ են նույն խնդրից` ճաշարանի հետ կապված: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հստակ տեղյակ եմ խնդրից: Կարող եմ ասել, որ մենք ԱԺ բյուջետային միջոցներից խնայողության հաշվին հայտարարել ենք գնում օդորակիչների խմբաքանակ ձեռք բերելու համար: Սակայն մասնագետների հետ քննարկման եւ ուսումնասիրության արդյունքներով կարող ենք գնահատել, որ հոսանքի լարերը ԱԺ հին մասնաշենքում բավականին հին են եւ նախատեսված չեն այդքան լրացուցիչ հոսանք օգտագործող սարքերի ավելացմանը: Այդ իսկ պատճառով մենք 2020 թվականի բյուջեի հայտում նախատեսել ենք այս լարերի փոխարինման կապիտալ ծախսերը: Դրա համար որոշել եմ այս տարի ձեռնպահ մնալ նոր օդորակիչների տեղադրումից: Լարերի կապիտալ փոխարինումից հետո դրանք կտեղադրվեն»:
ԱՄՆ-ՈՒՄ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցը վերաբերում էր արցախյան հիմնախնդրին։ Նա նկատեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը միասին կամ առանձին բավական ավելացրել են իրենց զինավարժությունները, նաեւ հակահայկական հռետորաբանությունը։ Նա հարցրեց, թե որ փուլում են բանակցությունները գտնվում, եւ թեզերը բաց ու հստակ խոսակցություն տանելու, ինչպես նաեւ Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ ինչ փուլում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԳ նախարարն ԱՄՆ-ում է եւ պետք է հանդիպում ունենա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. «Բանակցությունների ընթացքում բոլոր խնդիրները, որոնք խանգարում են հետագա բանակցություններին, կբարձրացվեն»։ Փաշինյանը նշեց, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեման քննարկվում եւ բարձրաձայնվում է բոլոր հանդիպումների ժամանակ: Իսկ թե ինչ փուլում է գտնվում, ասաց, որ դա իրենց բանակցային դիրքորոշումն է, որը չի փոխվել։ «Ինչ փուլում է գտնվում Ղարաբաղյան հարցի կարգավորումը` ասացի, որ 25 տարի գտնվում է բանակցային փուլում: Գիտեք, Ադրբեջանն ինչ մեկնաբանություն տալիս է, դա իր մեկնաբանությունն է, մենք ունենք մեր մեկնաբանությունը, որ ՀՀ-ն, ԱՀ-ն ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն, իրենց շահերը ինչպես դիվանագիտական, այնպես էլ անհրաժեշտության դեպքում առաջնագծում, եւ այս ընթացքում ապացուցել ենք եւ կշարունակենք ապացուցել»,-ասաց նա։
ՓՈՔՐ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՋՆԵԿԸ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք չեն նախատեսում Ստեփանավանի օդանավակայանը վերագործարկել։ Հարցին ի պատասխան` Պապիկյանը նշեց, որ Ստեփանավանում՝ ոչ, բայց Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան։ «Այն դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը»,-ասաց նա։ Սանդիկովը նշեց, որ գուցե գաղափարներից մեկն այն լինի, որ բանակցեն գործարար Սամվել Կարապետյանի հետ, որը վերջին օրերին 150 մլն դոլար արժողությամբ այգու վերանորոգման ներդրում էր արել։ «Դրանից համեստ գումարով կարելի է նաեւ Ստեփանավանի օդանավակայանը վերականգնել»,-ասաց նա։ Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրենց կողմից պատրաստակամություն արդեն հնչեցվեց, եւ եթե գործարարները լսում են, եւ եթե կա ցանկություն, կարող են քննարկել։
ՈՍԿՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ ԱԺ-ում 2018թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց, որ ԿԲ-ն նախատեսում է որոշակի ծավալի ոսկու պաշար ունենալ։ Ջավադյանը հիշեցրեց, որ 2004թ.-ին ԿԲ-ն վաճառել է այն ժամանակվա համար ոչ մեծ քանակի՝ 1,6 տոննա ոսկի, քանի որ այդ պահին եկամուտների հետ խնդիր է եղել։ Նա ասաց, որ այդ ոսկուց տոկոս չէին ստանում այն ժամանակ, իսկ երբ վաճառվել է, ներդրվել է բարձրորակ գործիքների մեջ, որի արդյունքում շահույթ ունեցել են։ ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ արդեն երկու տարի աշխատում են հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ ՀՀ-ում ոսկու գործարան բացելու ուղղությամբ։ «Վերջին ակորդներն են, եւ շատ շուտով ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի (ոսկին էլեկտրոլիզով մաքրելու գործընթաց /խմբ.) գործարան, որտեղ կարտադրվեն բանկային ձուլակտորներ: Հաջորդ տարի այդ հնարավորությունը կունենանք, արդեն ամեն ինչ պատրաստ է,՝ սարքավորումները, տեղը ընտրված է, ԿԲ-ն էլ կարող է բաժնետեր լիներ՝ լուռ բաժնետեր, 6-7%… դա իրենց պահանջն է, եւ դա կբերի խնդրի լուծմանը»,-ասաց նա։
ԱՍՈՒՄ Է` ԿԱՊ ՉՈՒՆԻ
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում խոսել Քննչական կոմիտեի կողմից իրեն ուղարկված ծանուցագրի մասին։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, թե ինքն այս հարցերին արդեն իսկ պատասխանել է։ Դիտարկմանը, թե մտավախություն չկա, որ իրեն բերման կենթարկեն, Ծառուկյանն արձագանքեց. «Դատարկ-դատարկ խոսում ես, մի հատ հասկացի, թե ինչ ես ասում»։ Պատգամավորը եւս մեկ անգամ շեշտել է՝ ինքը որեւէ կապ չունի Աբովյանի ընտրություններին ՔՊ-ականի մեքենան ու տունն այրելու հետ։ Նա շեշտեց, որ մինչ ծանուցագիր ուղարկելն է իր փաստաբանն այդ հարցը լուծել։