Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետեւանքով կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Ըստ մի շարք դատավորների` Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականներից հետո քվորում չի լինում, եւ դատական իշխանության գործունեությունը հարվածի տակ է:
Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որից հետո` հունիսի 7-ին, պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը: Այնուհետեւ հրաժարականի դիմում ներկայացրեցին Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը եւ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը: Այս հրաժարականներից ամիսներ առաջ էլ ԲԴԽ մեկ անդամի տեղ էր շարունակում թափուր մնալ: Ինչպես հայտնի է, Ռուզաննա Հակոբյանը նշանակվեց դատավոր, եւ ԲԴԽ անդամի նրա տեղը թափուր մնաց ու մինչեւ օրս չի համալրվում: Ռուզաննա Հակոբյանի փոխարեն ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշուն Տվարացյանը, ինչի առիթով դատավորները դժգոհեցին, եւ աղմուկի պատճառով նա հրաժարվեց ԲԴԽ անդամությունից:
Եւ ստացվել է այնպես, որ այս օրերին ԲԴԽ-ի կազմում մնացել են 4 անդամներ` Հայկ Հովհաննիսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը եւ դատավոր Սերգեյ Չիչոյանը: Եւ հիմա դատավորները ահազանգում են, որ ԲԴԽ անդամների, հետեւաբար նաեւ քվորումի բացակայության պատճառով նիստեր չեն գումարվում, որոշում չի կայացվում: Ըստ դատավորների` այս իրավիճակը պետք է անհանգստացնի ինչպես Ազգային ժողովի պատգամավորներին, այնպես էլ Դատավորների միությանը:
Մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ Ազգային ժողովը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որոնք կարող են նշանակվել ԲԴԽ անդամներ, իսկ դատավորների ժողովը դատավորներից 3 հոգու պետք է ընտրի ԲԴԽ անդամ: Սակայն Ազգային ժողովում դեռեւս ընդամենը մեկ թեկնածուի հարց է քննարկվում, որը Գրիգոր Բեքմեզյանն է եւ դեռ չի էլ ընտրվել, իսկ, ահա, մյուս թեկնածուի անունը անհայտ է:
Իսկ ինչո՞ւ դատավորները չեն ընտրում ԲԴԽ անդամ: Պարզվում է՝ այստեղ էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է դատավորների ժողով հրավիրի եւ դատավորների կազմից ԲԴԽ 3 անդամ ընտրի, սակայն որեւէ քայլ չի իրականացնում, ժողով չի հրավիրում:
Դատավորները ահազանգում են, որ ԲԴԽ-ն այն օպերատիվ կառույցն է, որը կազմակերպում է դատական իշխանության ողջ գործունեությունը: Սակայն այսօր ԲԴԽ-ն կազմալուծված է, ինչը դատական իշխանության գործունեությունը դնում է վտանգի տակ: Դատավորներից ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ այս պայմաններում վտանգի տակ է դրված իրենց աշխատավարձ ստանալու հարցը: Ավելին, դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց նշանակման եւ այլ գործընթացները եւս մտել են փակուղի:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին` հասկանալու համար, թե ինչքան պետք է դատավորները առանց աշխատավարձի աշխատեն: Ի պատասխան` վերջինս ասաց. «Պաշտոնապես հայտնում եմ ի լուր բոլորի, որ որեւէ դատավոր կամ համակարգի որեւէ աշխատակից աշխատավարձի որեւէ խնդիր չի ունենա: Հայտնեմ Ձեզ` երբ Բարձրագույն դատական խորհուրդը ուներ քվորում, հունիսի 13-ին մենք խորհրդի հաստատմանը ներկայացրեցինք դատարաններում որոշակի նախահաշիվների փոփոխության վերաբերյալ խորհրդի որոշման վերաբերյալ նախագիծ, որը ընդունվեց խորհրդի կողմից, որով մենք լուծեցինք այն հնարավոր խնդիրը , որը կարող էր առաջանալ թե՛ դատավորների սոցիալական փաթեթի, թե՛ որոշակի դատարաններում որոշակի աշխատավարձների վճարման հետ կապված: Կրկին հայտնում ենք` աշխատավարձի խնդիր չի առաջանա ոչ մի պարագայում»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Դատավորների միության նախագահ Երվանդ Խունդկարյանին` հասկանալու համար, թե ինչու Դատավորների միությունը ժողով չի հրավիրում, որպեսզի դատավորներից ԲԴԽ անդամ ընտրի: Ի պատասխան` Դատավորների միության մամուլի պատասխանատու Աննա Բալյանը հայտնեց. «Օրենքի պահանջն է, որ երբ Վճռաբեկ դատարանի նախագահը ԲԴԽ-ից գրություն է ստանում թափուր տեղի մասին, 1 ամսվա ընթացքում հրավիրում է Դատավորների ընդհանուր ժողով թեկնածու առաջադրելու նպատակով։ Վճռաբեկ դատարանը գրությունը ստացել է հունիսի 17-ին. սա նշանակում է, որ մինչեւ հուլիսի 17-ը ժամանակ կա ժողով հրավիրելու համար։ Ընդ որում, դատավորները պետք է ժողովի օրվա եւ ժամի մասին ծանուցված լինեն առնվազն 10 օր առաջ։ Այս պահին ժողովի օրը դեռ հայտնի չէ, բայց սահմանված ժամկետում անպայման կհրավիրվի»։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԵՌ ՉԵՆ ԳՏԵԼ
Իրավապահները Մարտակերտի քաղաքապետի որդուն դեռեւս չեն հայտնաբերել: Ինչպես հայտնի է, Մայիսի 30-ին հայտարարություն եղավ, որ մայիսի 29-ի գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Սեւանի մայրուղու Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, նրանց ճանապարհը փակել են եւ հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ: Այս դեպքի մասով կալանավորվել են Արցախի բնակիչներ Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը: Ըստ լուրերի` վերջիններս իրավապահներին հայտնել են, որ իրենք խնդիր չունեն Սամվել Բաբայանի թիմակիցների հետ, այլ վերոնշյալ մեքենայում է եղել Մարտակերտի քաղաքապետի որդին, եւ իրենք նրա հետ են խնդիր ունեցել: Ինչեւէ, իրավապահ մարմինները փնտրում են Մարտակերտի քաղաքապետի որդուն:
ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԻ
Դպրոցի ուսուցիչների, աշխատակիցների հայցերը մազպետների դեմ չեն դադարում: Այս անգամ հայց է ներկայացվել դատարան Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի դեմ: Մեզ հայտնի դարձավ, որ Մաշա Իվանյանը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ Արմավիրի մարզպետի 2019 թվականի հունիսի 3-ի որոշումը անվավեր ճանաչելու եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարման վաղաժամկետ դադարեցումը վերացնելու:
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
Սյունիքի մարզպետարանի գործունեության շուրջ իրավապահների բացահայտումները չեն դադարում: Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2006 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2018թ. հոկտեմբերի 15-ը զբաղեցնելով Սյունիքի մարզպետարանի սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետի պաշտոնը, ստացել է ապօրինի վարձատրություն: Մասնավորապես, Մեղրի համանքի Լեհվազ գյուղի բնակչուհի Ռիմա Գրիգորյանին ընտանեկան նպաստ տալու դիմաց, 2010թ.-ից սկսած, 2012, 2014 եւ 2015 թվականներին նրանից անձամբ ստացել է 15000 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն եւս հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ 2016 թվականին Սյունիքի նախկին մարզպետի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մասով գործ է բացահայտվել: Ըստ լուրերի` խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է, որը տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չէ:
ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Երեկ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում խաղողի այգում աշխատելիս դեռեւս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը: Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ԴԵՂՈՐԱՅՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆԽՎԵԼ Է
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանում երեկ կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումը: Ըստ քաղաքացու հայտարարության` դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի: Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին դեղորայք գնելու դեպքում ուշադրություն դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված դրոշմապիտակի եւ հայերեն մակնշման առկայությանը:
ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին եւ 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթեւեկության անվտանգության բարձրացման, ինչպես եւ հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու եւ բացահայտելու նպատակով։ Ուժեղացված ծառայության շրջանակներում Տավուշի ոստիկանների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 16-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Իջեւանի, Դիլիջանի, Տավուշի եւ Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Տարբեր կասկածանքներով հիշյալ բաժիններ բերման են ենթարկվել նաեւ մի խումբ անձինք, որոնց հետ եւս տարվել են համապատասխան աշխատանքներ։
ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքի քննությունը։ Դատարանն իր աշխատանքը կշարունակի այսօր։ Նշենք, որ երեկվա դատական նիստին ներկա էին «Մարտի 1»-ի գործով 10 տուժածների իրավահաջորդները, որոնք միացան Դատախազության ներկայացրած բողոքներին՝ նշելով, որ դատարանը պետք է բեկանի Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ռ. Քոչարյանը հայտնվել է ազատության մեջ, եւ փոխի Քոչարյանի խափանման միջոցը։