ԴԵՂԵՐ ԵՎ ՕՃԱՌ ԵՆ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻՑ ՏՎԵԼ ԿԵՆՏՐՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անմարդկային խախտումներ են հայտնաբերվել: Կենտրոնում ուսումնասիրություններ իրականացրել է Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ձորակ»-ի ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված սենյակում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել: Մասնավորապես, արձանագրվել են այնպիսի դեղորայք եւ պլոմբանյութեր, որոնց պիտանելիության ժամկետը լրացել է մեկուկես տարի առաջ («Դիբազոլ», «Վիկասոլ», «Կլարիտրոմիցին գրինդեքս», «Ունիցեմ», «Նիտրոգլիցերին», «Էուգենոլ», «Ֆուրացիլին», «Ցեմիոն-Ֆ»): Եւ սարսափելին այն է, որ դրանց մի մասն օգտագործվում է ամենօրյա աշխատանքում, իսկ մյուս մասը նախատեսված է օգտագործել անհետաձգելի դեպքերում: Համաձայնեք, որ սա առողջական խնդիր ունեցող անձի նկատմամբ անմարդակային վերաբերմունք է. չէ՞ որ ժամկետանց դեղերի օգտագործումն անթույլատրելի է: Սա դեռ ամենը չէ. մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձանագրել է նաեւ դեղերի պահպանմանն առնչվող խնդիրներ:
Օրինակ, Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի միջամտությունների սենյակներում դեղերը պահվել են ոչ թե սառնարանում կամ փակ պահարաններում, այլ թափանցիկ ապակյա դեղապահարաններում, որոնք արեւի լույսի ուղղակի ազդեցության ներքո են եղել: Ավագ բուժքրոջ կաբինետներում, որտեղ նույնպես պահվել են դեղեր, այդ թվում` հոգեմետ, չի եղել չհրկիզվող պահարան: Իսկ, ահա, միջամտությունների սենյակում պահվող հոգեմետ դեղերի հսկողությունը պետք է իրականացվի միայն սենյակի դուռը փակ պահելով, բայց օմբուդսմենի գրասենյակի աշխատողների այցի ընթացում այն գրեթե միշտ բաց է եղել:
Ավելին, Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի տղամարդկանց 1-ին բաժանմունքի միջամտությունների սենյակի դեղապահարանում առկա են եղել նիտրոգլիցերինի դեղաշշից հանված եւ ստվարաթղթե տուփի մեջ լցված նիտրոգլիցերինի հաբեր: Արձանագրվել են նաեւ դեղամիջոցների ոչ բավարար քանակի տրամադրման հետ կապված խնդիրներ:
Ամենակարեւորը` պարզվում է, որ «Ձորակ» կենտրոնի ատամնաբույժն ատամնաբուժական ծառայության կազմակերպման համար անհրաժեշտ դեղերի ու նյութերի մեծ մասը ձեռք է բերում իր միջոցներով: Նրա խոսքերով` ատամնաբուժական ծառայության համար նախատեսված տարեկան 150 հազար դրամը բավարար չէ ամբողջ ծավալով դեղորայք եւ անհրաժեշտ պլոմբանյութեր ձեռք բերելու համար: Էլ չենք խոսում ժամկետանց բժշկական կաթետերների մասին, որոնք «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի իրային պահեստում են պահվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Սեւանի հոգեկան առողջության կենտրոնը հոգեմետ դեղորայքը ստանում է եռամսյակը մեկ ՀՀ առողջապահության նախարարությունից, որոնց տեսականին որոշվում է վերջինիս կողմից:
Բայց օմբուդսմենի գրասենյակի աշխատողների այցի պահին դեղատանը սպառված են եղել «Ֆլյուֆենազին», «Մոդիտեն դեպո» դեղամիջոցները: Պարզվել է նաեւ, որ հոգեբուժարանը «Սիբազոն» դեղատեսակի կարիք էլ ունի, բայց նախարարությունը չի տրամադրել այն, իսկ հոգեբուժական կազմակերպությունն այն ստիպված ինքնուրույն է ձեռք բերել:
Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի առաջին օգնության դեղերը հոգեբուժական ուղղվածության են, իսկ թերապեւտիկ խնդիրների համար նախատեսված անհետաձգելի մի շարք դեղեր չկան, օրինակ` ադրենալին, ներերակային ինֆուզիաների կամ սրտանոթային վերակենդանացման համար նախատեսված դեղեր եւ պարագաներ, որոնք շատ կարեւոր են:
«Ձորակ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով օմբուդսմենի` իրենց վերաբերյալ բացահայտումներին, հայտարարեց. «Այդ հարցով իրավապահ մարմիններն էլ են նաեւ զբաղվել, բայց մեր կողմից այդ թերությունները վերացվել են: Այդ կաթետերները ժամկետանց չեն եղել, արկղի վրա ժամկետ նշված չի եղել, ժամկետանց դեղեր եւս չենք ունեցել: Ժամկետանց մի տեսակ դեղ է եղել ատամնաբուժարանում: Այն չի օգտագործվել, դա այժմ օտարված է եւ հանձնված թափոններ ընդունող հանձնաժողովին»:
Բայց զրույցի ընթացքում «Ձորակի» տնօրենը բարձրաձայնեց մեկ խնդրի մասին: Պարզվում է` խնամքի կենտրոնի` դեղերի, դեղամիջոցների ձեռքբերման համար հայտարարված մրցույթները չեն կայանում, քանի որ պահանջած քանակությունը քիչ է, ինչի պատճառով մասնակիցները հրաժարվում են մասնակցել մրցույթին: «Չեն մասնակցում: Դա զուտ ձեռք ենք բերում բարեգործներին խնդրելով: Մասնակից չկա: Զանգում ենք դեղատներին, խնդրում ենք, չեն գալիս մասնակցելու, ասում են` քիչ է քանակությունը, չնչին գումար է կազմում: Խնդրում ենք բարեգործներից, չգիտեմ, մատաղ են բերում, խնդրում ենք` էս երկու դեղը բերեք, բայց դա հետո մենք հաշվապահության կողմից մուտքագրում ենք ու նշում, որ բարեգործի կողմից է: Եթե ինչ-որ բանի պակաս ենք ունենում, այդ ձեւով ենք հարցը լուծում: Ովքեր ուզում են բարեգործություն անել, օրինակ` լվացքի պարագա է լինում` ատամի մածուկ, օճառ»,- նկատեց տնօրենը:

 

 

 

 

ՈՒՐԻՇ ԱՉՔՈՎ ԵՆ ՆԱՅՈՒՄ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԱՄՆ-ն ավելացրել է ՀՀ-ին ուղղված ֆինանսական աջակցության ծավալները: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրելու` կոնգրեսական Ջեքի Սփիրի նախաձեռնությունը: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 268 ներկայացուցիչ:

Նախաձեռնության հեղինակ, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրի խոսքով` ԱՄՆ կողմից Հայաստանին հավելյալ օգնության տրամադրումը խորհրդանշական քայլ է, որը վկայում է, որ ԱՄՆ-ում գնահատում են Հայաստանի կողմից թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության ճանապարհին արված լուրջ քայլերը:
Հիշեցնենք` նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով ՀՀ-ին տրամադրել է 14 միլիոն դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ: Առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն դոլար: Նրա խոսքով` սա 20 մլն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից:
Ի դեպ, վերջին շրջանում կարծիք է ձեւավորվել այն մասին, որ եթե չլիներ թավշյա հեղափոխությունը, ապա ԱՄՆ-ն նման դրամական միջոցներ չէր տրամադրի: Ասել է թե` հետհեղափոխական Հայաստանին ԱՄՆ-ն սկսել է ուրիշ աչքով նայել: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ-ն կտրուկ նվազեցրել էր Հայաստանին տրամադրվելիք դրամական օգնության ծավալները: Օրինակ` 2017 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել էր 2018 թվականի ֆինանսական տարվա համար առաջարկությունները, ըստ որի` զգալի նվազեցվելու էր ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությունը: Այսպես, 2018-ին Հայաստանին առաջարկվում էր 6.8 մլն դոլար տալ, մինչդեռ 2017-ին այդ ֆինանսական օգնությունը կազմել էր 20.4 մլն դոլար:
Սա դեռ ամենը չէ. հիշենք` անցած տարվա մարտին եւս նախատեսվում էր Հայաստանին 2019 թվականի համար տրամադրվելիք ֆինանսական օգնությունը կրճատել` հասցնելով 6 մլն դոլարի: Բայց, ինչպես տեսնում եք, հակառակը տեղի ունեցավ, եւ ԱՄՆ-ն Հայաստանին որոշեց տրամադրել ավելի շատ դրամական միջոց, քան նախորդ տարիներին: Փաստորեն, Հայստանը սկսել է վայելել ԱՄՆ-ի վստահությունը:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ՎՆԱՍՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ
Հունիսի 17-ին` ժամը 16:55-ից սկսած, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան համայնքում մոտ կես ժամ տեղացած կարկուտը եւ տեղատարափ անձրեւը մեծ վնասներ են պատճառել գյուղի ցանքատարածություններին: Կարկտահարության պատճառած վնասների մասին տեղեկատվություն ստանալու համար նույն օրը Իջեւանից Բերդավան է ժամանել Տավուշի մարզպետի օգնականը: Հունիսի 18-ին նույն նպատակով Բերդավան է այցելել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:
Նշենք, որ Բերդավանը խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում: Մարզպետարանի ներկայացուցիչը հայտնեց, որ ստեղծվել է Բերդավանում կարկտահարության վնասների չափերն ուսումնասիրող համայնքային հանձնաժողով, որի ղեկավարն է Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Գիշյանը:
Հունիսի 18-ին էլ Բերդավան է այցելել, դաշտերում, այգիներում շրջել, կարկտահարության վնասներն ուսումնասիրել Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Նա հայտնեց, որ վնասների չափերը մեծ են, կառավարությունից համապատասխան մասնագետներ են հրավիրելու կարկտահարության վնասների չափերի մասին ճշգրիտ հաշվարկներ կատարելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց նրանից` սպասվում է արդյոք, որ կառավարությունը նյութական կամ ֆինանսական փոխհատուցում, օգնություն կտա կարկտահարությունից տուժած սահմանամերձ Բերդավանի բնակիչներին: Նա ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, սակայն նախադեպ կա. անցյալ տարի պետական բյուջեից 20 միլիոն դրամի չափով օգնություն տրվեց կարկտահարությունից տուժած Տավուշի մարզի բնակիչներին: Բերդավան գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ կարկտահարության վնասները հատկապես մեծ են գյուղի «Ձորի բաղ» եւ «Քարի հետեւ» տեղամասերում, վնասվել են դաշտերում ու բերդավանցիների տնամերձ հողամասերում ցանքերն ու այգիները: Նրա խոսքերով` բերդավանցի երկու ընկերներ գյուղատնտեսական վարկ են վերցրել, 3,5 միլիոն դրամ ծախսելով` պոմիդորի, ձմերուկի եւ այլ մշակաբույսերի մեծ ցանքեր կատարել, նրանք իրենց ընտանիքներով 4 ամիս դաշտերում տքնաջան աշխատել են, սակայն կարկուտը ոչնչացրել է նրանց աճեցրած բերքը. վարկերի բեռի տակ գտնվող այդ ընտանիքներն անելանելի վիճակում են:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հակակարկտային 10 կայան կա, որոնք գլխավորապես տեղակայված են Նոյեմբերյանի տարածաշրջանի` Դեբեդի հովտի բնակավայրերի տարածքում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս