ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների Լիգայի եւ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Չեմպիոնների Լիգայում այս տարի Հայաստանը կներկայացնի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող «Արարատ-Արմենիան», իսկ Եվրոպա Լիգայում մեր երկրի ակումբներից պայքարը կսկսեն Երեւանի «Փյունիկը», «Ալաշկերտը» եւ «Բանանցը»:
Սկսենք Չեմպիոնների Լիգայից: Սա միայն որակավորման առաջին փուլն է, եւ միանգամից «Արարատ-Արմենիային» բաժին է հասնում ուժեղ մրցակից` շվեդական ԱԻԿ-ի տեսքով: Այո, ԱԻԿ-ը ուժեղ է, բայց չի կարելի ասել, որ հայկական թիմը նվեր է շվեդների համար: «Արարատ-Արմենիան» հրաշալի անցկացրեց ներքին առաջնությունը, եւ հիմա եկավ ժամանակն արդեն ուժերը չափելու եվրոպական արենայում: Պատասխանատու խաղերի մասին խոսել է նաեւ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը. «Դեռ խորությամբ չենք ուսումնասիրել մեր մրցակցին, բայց գիտենք, որ սկանդինավյան թիմերին բնորոշ լավ խաղ են ցուցադրում: Կանենք առավելագույնը այս երկու խաղերում եւ կփորձենք լավագույնս հանդես գալ»:
Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի` ԱԻԿ-ի դեմ խաղի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը. «Կարծում եմ` բոլոր թիմերն էլ ուժեղ էին, եւ վիճակահանության այս արդյունքը կարելի է համարել գոհացնող: Թիմը մարտական է տրամադրված ԱԻԿ-ի դեմ խաղին, եւ մենք ամեն ինչ կանենք լավ արդյունքի հասնելու համար»:
Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի որակավորման փուլի մեկնարկից առաջ հայկական ակումբը ունի նորեկ` ի դեմս պորտուգալացի 25-ամյա պաշտպան Անժելո Մենեզեսի:
Նշենք, որ այս զույգի հաղթողը որակավորման հաջորդ փուլում կմրցի «Վալյուր»-«Մարիբոր» զույգի հաղթողի հետ:
Հավելենք, որ «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ առաջին խաղը կկայանա այստեղ` Հայաստանում` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հուլիսի 6-ին, իսկ պատասխան խաղը Շվեդիայում կկայանա հուլիսի 16-ին:
Արդեն նշեցինք, որ Եվրոպա Լիգայում մենք ունենք 3 ներկայացուցիչ:
Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտին» որակավորման առաջին փուլի համար բաժին է հասել մակեդոնական «Մակեդոնիա Սկոպյե» ակումբը: Հայկական թիմը, կարելի է ասել, ֆավորիտ է համարվում մակեդոնական թիմի դեմ պայքարում: Ակումբը այս մրցաշրջանում ներքին առաջնությունում այնքան էլ հաջող հանդես չեկավ, սակայն կարողացավ դառնալ Հայաստանի Գավաթի հաղթող: Կարեւոր խաղից առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ իր տպավորություններով է կիսվել «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Գագիկ Դաղբաշյանը. «Այս մրցաշրջանը այդքան էլ լավ չանցկացրինք եւ ցանկություն ունենք վատ մրցաշրջանը ծածկել Եվրոպա Լիգայում լավ հանդես գալով: Կարծում եմ` «Մակեդոնիա» ակումբը եղած թիմերից ամենահարմարն էր մեզ համար, բայց եւ հասկանում ենք,որ այլեւս թույլ թիմեր չկան, եւ բոլորն էլ պայքարելու են մինչեւ վերջ: Ամեն դեպքում, գոհ ենք վիճակահանության արդյունքից: Բարձր եւ մարտական տրամադրությամբ ենք մոտենում մակեդոնական թիմի դեմ խաղին»:
Հայկական թիմերից մյուսը` Երեւանի «Փյունիկը», կմրցի մակեդոնական մեկ այլ ակումբի` «Շկուպիի» հետ: «Փյունիկը» չնայած չկարողացավ դառնալ Հայաստանի չեմպիոն, սակայն ասել, թե վատ մրցաշրջան անցկացրեց, սխալ կլինի. երեւանյան ակումբը վերջին 9 խաղում ոչ մի պարտություն չի կրել: Կարեւոր խաղի մասին «Ժողովուրդ» օրաթերթին իր մեկնաբանությունն է փոխանցել «Փյունիկի» ֆուտբոլիստ Ալիկ Առաքելյանը. «Կարծում եմ` լավ վիճակահանություն է: «Շկուպիին» ծանոթացա արդեն վիճակահանությունից հետո եւ կարող եմ ասել, որ բավականին ամուր թիմ է: Նրանք ԵԼ-ի նախորդ խաղարկությունում կարողացան ոչ-ոքի խաղալ «Ռեյնջերսի» հետ, ինչը շատ բանի մասին է խոսում: «Փյունիկը» բարձր նոտայով ավարտեց մրցաշրջանը, եւ վստահ եմ, որ Եվրոպա լիգայում նույնպես հաջող հանդես կգանք: Հուսով եմ` կհասցնեմ հավաքների ժամանակ լավ մարզավիճակ ձեռք բերել եւ ԵԼ-ում օգնել թիմին: Նախորդ խաղարկությունում մենք կարողացանք լավ արդյունքի հասնել, եւ ոչինչ չի խանգարում մեզ այս տարի նույնպես հաջող հանդես գալ»:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը` «Բանանցը», կփորձի շրջանցել սերբական «Չուկարիչկիի» արգելքը: Հայաստանի առաջնությունում «Բանանցը» զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, իսկ մեր մրցակիցը Սերբիայի առաջնությունում 4-րդն էր: «Բանանցում» մրցակցին թերագնահատելու ցանկություն չունեն. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը. «Կարող եմ ասել, որ մեզ հավասար մրցակից է: Սերբիայում թույլ թիմեր չկան, «Չուկարիչկին» էլ բացառություն չէ: Այժմ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում, ինտենսիվ կերպով մարզվում ենք: Չենք թերագնահատելու մրցակցին, բայց, միեւնույն ժամանակ, դուրս ենք գալու խաղադաշտ հաղթելու եւ հաջորդ փուլ անցնելու համար»:
Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, պատասխան խաղերը` հուլիսի 18-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ԲԻՉԱԽՉՅԱՆԸ` ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆԻ ՀԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինչպես գիտենք, ամռան ամիսներին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների ծառայություններից օգտվելը մեծ գլխացավանք է դառնում ՀՀ քաղաքացիների համար, քանի որ այնտեղ անվերջ կուտակումներ են տիրում, եւ արհեստականորեն բարդացնում են բնակիչների կյանքը:

ArmLur.am լրատվականը խնդրի շուրջ զրուցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ:
-Պարո՛ն Բիչախչյան, ինչպես գիտեք, ամռան ամիսներին անձնագրային դիմողների թիվը կրկնապատկվում է, եւ սա բազում անհարմարությունների պատճառ է դառնում ՀՀ քաղաքացիների համար: Կուտակումներ չառաջացնելու համար ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկում:
-Անցած տարի ոստիկանության պետի հրամանով կատարվել են մի շարք կազմակերպչական միջոցառումներ, որն ուղղված է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, որը նաեւ միտված է այսպիսի կուտակումները բացառելու համար: Եթե նախկինում անձնագիր ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ անձնագրային վիզաների վարչություն, ապա անցած տարվանից սկսած` քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն: Այսինքն` եթե Երեւանի բնակիչ հաշվառված անձը ժամանակավորապես բնակվում է Գյումրիում, կարիք չկա վերադառնալ Երեւան, ծանրաբեռնել անձնագրային վարչությունը, այս պարագայում կարող է դիմել Գյումրու անձնագրային ծառայություն եւ ստանալ անձնագիր: Այստեղ ժամկետները նույն են, տարբերություն չկա, այնպես չի, եթե իր հաշվառման վայրից դուրս է դիմում, պետք է ժամկետը երկարաձգվի: Ոստիկանության պետի կողմից տրված հանձնարարականի համաձայն` կատարվեցին մի քանի փոփոխություններ, մասնավորապես, հաշվառման հասցեների տեղեկանքներ տրամադրվում են, քանի որ դա նույնպես ամառային սեզոնին ակտիվանում է եւ առաջացնում է զգալի հերթեր: Որպեսզի ծառայության որակը բարձրացվի, եւ մատուցվող ծառայության առումով քաղաքացին չունենա անհարմարություններ, այստեղ նաեւ կատարվել են աննախադեպ փոփոխություններ ոստիկանության պետի կողմից, դեռեւս մայիսի սկզբին տրվել էր հանձնարարական ձեռք բերել պատճենահանման սարքավորումներ եւ տրամադրել անձնագրային ծառայություններին: Մրցույթով մենք ձեռք են բերել եւ հունիսի 1-ից արդեն Երեւան քաղաքի բոլոր անձնագրային ծառայություններին տրամադրել ենք սարքավորումները, որպեսզի քաղաքացին հերթից դուրս չգա, գնա փաստաթուղթը պատճենի, բերի ներկայացնի, սա նույնպես առաջացնում է կուտակումներ: Գումարի հայթայթման առումով նախատեսել ենք կառավարության որոշման նախագիծ, վերաբաշխում ենք կատարում, հենց լինի լրացուցիչ ֆինանսավորում, ապա այս տարվա ավարտին կհասցնենք մարզերում տեղադրել պատճենահանման սարքավորումներ եւ Երեւանը նույնպես վերազինել: Խոստանում ենք, մինչեւ այս տարվա վերջին բոլոր աշխատանքները ավարտված կլինեն, եւ բոլոր անձնագրային ծառայությունները կունենան այդ սարքավորումները:
-Տեղեկություններ կան, որ ոստիկանության աշխատակիցներին հրահանգել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում կարգապահական վարույթ իրականացնել այն աշխատակիցների նկատմամբ, որոնք քաղաքացիներին պատուհանից պատուհան են «ցրում»: Նման բան կա՞, թե՞ ոչ:
-Այո, ոստիկանության պետի կողմից նման հանձնարարականներ պարբերաբար հնչեցվում են: Այս առումով ես օպերատիվ միշտ զեկուցում եմ ոստիկանության պետին, միշտ կապի մեջ ենք, եւ խիստ հանձնարարական է հնչեցվել բոլոր խորհրդակցությունների ժամանակ, եւ առանձին հանձնարարականներ է տրվել, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների առումով լինեն բարեկիրթ, տիրապետեն գործող օրենսդրությանը, հակառակ դեպքում դա առաջացնում է կոնֆլիկտ, բայց եթե անձնագրային ծառայության աշխատակիցը տիրապետում է գործող օրենսդրությանը, ապա, կարելի է ասել, հիսուն տոկոսով հարթվում է առկա վեճը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս