«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Քեթրին Մանասյանն է: Նա խոսել է մարդկային հարաբերությունների, ամուսնություն ինստիտուտի, ձեռքբերումների, կյանքի լավագույն պարգեւի մասին:
-Քեթրի՛ն, մանուկ ժամանակ Ձեզ ի՞նչ մականուն են տվել:
-Չեմ ունեցել:
-Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ նվեր ստանալ:
-Երկուսն էլ շատ եմ սիրում: Եթե մարդուն ճանաչում եմ, միանշանակ, հեշտորեն եմ նվեր ընտրում, եթե ոչ, նախընտրում եմ գումարը տալ: Թող ինքը որոշի ինչ գնել: Կարեւորում եմ, որ նվերը ձեւական բնույթ չկրի:
-Երբ դպրոցական էիք, երազում էիք…
-Ճամփորդելու մասին: Առաջին երկիրը, որտեղ երազել եմ լինել, Միացյալ Նահանգներն էր: Եվ հետաքրքիրն այն է, որ երազանքս իրականացավ: Ավելի վաղ` պատանի հասակում, նախատեսել էի Ուկրաինա մեկնել, բայց հիվանդացա ջրծաղիկով, եւ պլաններս ձախողվեցին: Կարծես ինձ վիճակված էր առաջինը մեկնել հենց ԱՄՆ:
-Մի բան, որի համար երբեք գումար չեք ծախսի:
-Խոստովանեմ, որ հաճախ պահի ազդեցության տակ գումար եմ ծախսում նաեւ անպետք իրեր գնելով: Երեւի թե դեմքս փոփոխությունների չեմ ենթարկի, դրա համար գումար չեմ ծախսի:
-Շարունակե՛ք միտքը. «Լավ ղեկավարը նա է, ով…»
-Հաշտ է ինքն իր հետ, լավ ռազմավարություն ունի:
-Ֆիլմ, որ դիտել եք տասնյակ անգամներ:
-Չկա նման ֆիլմ: Նույնիսկ երկու անգամ նույն ֆիլմը չեմ դիտի: Ես շատ ուշադիր ակնդիր եմ եւ ֆիքսում եմ ամեն մի դետալն ու տողատակը: Ես երեւի կինոման չեմ: Փոխարենը գրքերին հաճախ եմ վերադառնում, փորձում եմ հասկանալ` տարիքի հետ ընկալումներս փոխվել են, թե ոչ:
-Ձեր հետեւից խոսացողներին միայն կասեք…
-Խոսեք, երբեք չի ազդել դա ինձ վրա: Համենայնդեպս, դա հնարավոր չէ կանխել:
-Եթե որեւէ բիզնես ոլորտ մուտք գործեիք, ո՞րը կլիներ այն:
-Գաղափար չունեմ այդ ոլորտից, բայց որպես նախասիրություն կարող եմ ասել արտ-սրճարան ունենալու ցանկության մասին: Գուցե մի օր հետաքրքիր ձեւով այդ ծրագիրս իրագործեմ:
-Ի՞նչ կանեիք, եթե լինեիք մեր քաղաքապետը:
-Քաղաքականության ոլորտ ոտք չէի դնի, բայց, եթե պատկերացնենք նման բան, վստահ եմ` շատ սրտացավ կլինեի, յուրաքանչյուր քաղաքացու կլսեի, բայց քանի որ ֆիզիկապես հնարավոր չէ յուրաքանչյուրի պահանջները բավարարել, գործս կտուժեր:
-Երբեք չեք հավատացել այն մարդկանց, որոնք…
-Շատ քիչ բան են պատմում իրենց մասին, բայց պատրաստ են շատախոս դառնալ, երբ խոսքը վերաբերում է ուրիշներին:
-Մեկ բառով կասե՞ք` ինչպիսին եք սիրո հարցում:
-Եթե սեր, ուրեմն իսկական, անմնացորդ ու կրակոտ:
-Կնոջ հիմնական սխալը ո՞րն է:
-Որ մեծ մասամբ առաջնորդվում է էմոցիաներով: Մենք քիչ ենք հաշվարկում, չափազանց զգացմունքային ենք:
-Աստվածաշնչյան պատվիրան, որը հաճախ եք խախտում:
-Բոլորիս կողմից ամենաշատը խախտվողն, ըստ իս, «Մի ստիր»-ն է, բայց անվնաս ստեր, ուզես, թե չուզես, օրվա մեջ ասում ես: Բայց մյուս պարագաներում հերքում եմ սուտը:
-Ձեր ամուսինը Ձեր մեջ ի՞նչն է ամենաշատը գնահատում:
-Ես իր համար ամեն ինչում ամենաբարձր կետում եմ: Գուցե մեծամտություն հնչի, բայց թե՛ որպես տնային տնտեսուհի, թե՛ որպես մասնագետ միշտ խրախուսական խոսքեր եմ լսում նրանից:
-Իսկ ի՞նչ է նա ամեն օր Ձեզ համոզում:
-Որ ջազային երգերից բացի ժողովրդական երգեր էլ կատարեմ: Ամբողջ օրը դա է համոզում:
-Ամուսնությունն ինչպիսի՞ ինստիտուտ է Ձեր բնորոշմամբ:
-Շատ բարդ: Ամուսնությունը անկանխատեսելի խաղերի շարք է, միշտ պետք է պատրաստ լինես տարբեր զարգացումների, պետք է կարողանաս ստանձնել տարբեր դերեր: Դերերը պարբերաբար փոխվում են:
-Երբեմն հասկանում եք, որ անզոր եք…
-Ես ունեմ ինքնապաշտպանական միջոցներ. կյանքի փորձն է օգնել ձեռք բերել: Յուրաքանչյուր իրավիճակում գտնում եմ ելք: Եթե ես իմ տեղում չեմ, հեռանում եմ:
-Կվարանեք ժամանակ տրամադրել…
-Եթե խոսքը վերաբերում է կենցաղին, ապա ժամանակ չեմ վատնում գեղեցկության սրահներում: Փորձում եմ այդ ժամանակը տրամադրել փոքրիկիս: Իսկ եթե մի փոքր փիլիսոփայական մոտեցում ցուցաբերենք, կասեմ, որ պատրաստակամ եմ ժամանակ տրամադրել անգամ անծանոթներին, եթե նրանք, օրինակ, ցանկանում են իրենց սիրտը բացել իմ առաջ:
-Կյանքի լավագույն պարգեւը Ձեզ:
-Որդիս:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՏԱՐԵՑ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ
Քիչ արտիստներ կան, որոնք տարեց հասակում շարունակում են պահանջված մնալ թե՛ որպես բեմի, թե՛ էկրանի մարդ: Դերասանուհի Անահիտ Ղուկասյանն այդ եզակիներից է: Չնայած նա 70-ն անց է, միեւնույնն է, հայտնի պրոդյուսերների, ռեժիսորների կողմից ստանում է հետաքրքիր առաջարկներ:
«Ես այնքան երջանիկ եմ, որ մինչ օրս էլ իմ հանդեպ հետաքրքրությունը չի մարում: Երբեք ինքս չեմ մոտենում որեւէ մեկին, դեր չեմ խնդրում: Միշտ դերերն իրենք իրենց են գալիս ինձ մոտ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց տիկին Անահիտը: Ի դեպ, նա հրաշալի լեզու է գտնում երիտասարդների հետ եւ համարում է, որ մեր նոր սերնդի ներկայացուցիչների շրջանում շատ տաղանդավոր դերասաններ կան. «Հենց մեր` Պատանի հանդիսատեսի թատրոնում ես տեսնում եմ կարող ուժեր, շնորհքով արտիստներ: Հպարտ եմ, որ այդպիսի երիտասարդություն ունենք»,-շեշտեց մեր զրուցակիցը:
«Աշնան արեւ» ֆիլմում նկարահանվելուց շատ տարիներ են անցել, Տիկին Անահիտը կերտել է բազմաթիվ կերպարներ թե՛ գեղարվեստական ֆիլմերում, թե՛ սերիալներում եւ թատրոնում, բայց հեռուստադիտողը մինչ օրս նրան ասոցացնում է Աղունի հետ. «Յուրաքանչյուր դերասան ունենում է մի կերպար, որը նրա համար դառնում է այցեքարտային ողջ կյանքում: Աղունն էլ իմ այցեքարտն է»,-մեկնաբանեց տիկին Անահիտը:
Նա տեղեկացրեց, որ թատրոնի հանդիսատեսը թերեւս աշնանը կտեսնի իրեն նոր դերում: Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում առաջիկայում կհայտնվի մի ներկայացում` Նար-Դոսի պատմվածքների հիման վրա: Տիկին Անահիտը եւս ընդգրկված կլինի:
Ինչ վերաբերում է էկրանային կյանքին, տիկին Անահիտը դեռ անցյալ տարի նկարահանվել է արտասահմանյան մի նախագծի շրջանակում` արտագաղթի, դրա հետեւանքով առաջ եկող կորուստների թեմայով: Այդ մասին մանրամասներ նա դեռեւս չցանկացավ հայտնել:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» պորտուգալացի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի, սակայն ոչ ակումբային ասպարեզում. «Ցանկություն ունեմ մասնակցել Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններին, եւ պարտադիր չէ, որ գլխավորեմ Պորտուգալիայի ազգային հավաքականը: Պատրաստ եմ դիտարկել յուրաքանչուր հավաքականի առաջարկ»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Յուրահատուկը» մանչեստրյան ակումբից պաշտոնանկ էր արվել վատ արդյունքների եւ թիմի ֆուտբոլիստների բողոքների պատճառով:
«ՉՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՅԻ»
Թվում էր, թե այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաաղմկահարույց տրանսֆերը կլինի Էդեն Ազարինը, որը «Չելսիից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», սակայն ինչպես հավաստիացնում են ֆրանսիական եւ իսպանական հեղինակավոր պարբերականները, ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող ՆԵյմարը կվերադառնա կատալոնական «Բարսելոնա»: Արդեն տեղեկացրել էինք, որ բրազիլացի գերաստղի համար կատալոնական ակումբը ցանկանում է առաջարկել 100մլն եվրո եւ փարիզցիներին տալ նաեւ թիմի 3 ֆուտբոլիստի: Ամեն դեպքում, տրանսֆերային այս սագան նոր թափ ստացավ այն ժամանակ, երբ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարեց, որ Նեյմարին ոչ ոք չի ստիպել պայմանագիր կնքել, որին էլ ի պատասխան` Նեյմարը ասել է. «Ցանկանում եմ վերադառնալ տուն` Բարսելոնա, որտեղից երբեք էլ չպետք է հեռանայի»: Այս ամենից հետո հստակ ընդգծվում է, որ Նեյմարը ամեն ինչ կանի ակումբային գրանցումը փոխելու համար, բայց, այնուամենայնիվ, այդ ամենը այդքան էլ հեշտ չէ. ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին միայն 222 մլն եվրոյի դիմաց, նույն այն գինը, որով նրանք գնել են ֆուտբոլիստի տրանսֆերը:
ՄԻՇԵԼ ՊԼԱՏԻՆԻՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ազատ է արձակվել: AFP-ն տեղեկացնում է, որ նա հարցաքննվել է մի քանի ժամ, որից հետո ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Պլատինին բերման էր ենթարկվել կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նա հարցաքննության էր կանչվել 2022 թվականի Աշխարհի առաջնությունը Քաթարին հանձնելու գործի հետ կապված: Ֆուտբոլային նախկին պաշտոնյան հերքել է բոլոր մեղադրանքները եւ նշել, որ իր կողմից ոչ մի ապօրինի գործունեություն չի ծավալվել:
Հավելենք, որ այս գործով զբաղվում է Ֆրանսիայի հակակոռուպցիոն ոստիկանությունը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ