ՆԱԽԱՐԱՐԻ ՄՏՔՈՒՄ ՊԱՀՎԱԾ ՈՒԺԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության հետ, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, Հայ Ազգային կոնգրեսի հետ, ինչպես նաեւ համագործակցություն է ունեցել «Հանրապետություն» կուսակցության հետ: Ըստ նախարարի` ինքն իր մտքում ունի նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք նախորդ ռեժիմի դեմ են պայքարել ու այսօր արժանի են, որ իրենց հետ համագործակցեն:

-Պարո՛ն Հարությունյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ կուսակցությունը կհամագործակցի բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք նախկինում պայքարել են նախորդ ռեժիմի դեմ: Որո՞նք են այդ ուժերը, ինչպիսի՞ն է լինելու այդ համագործակցությունը:
-Կոնկրետ կուսակցությունների կամ ուժերի վերաբերյալ քննարկումներ չի եղել, եղել են տասնամյակներ շարունակ ուժեր, որոնք մինչեւ վերջ պահել են իրենց գիծը ու չեն համագործակցել ռեժիմի հետ. խոսքը գնում էր այդ ուժերի մասին: Ես էլ իմ մտքում ունեմ մի քանի գործիչների ու ուժերի, որոնց հետ կարելի է ակտիվացնել համագործակցությունը: Մնացածն արդեն աշխատանքային բնույթ է կրում:
-Ո՞ր ուժերն են Ձեր մտքում, արդյոք դա «Հայ Ազգային Կոնգրես»-ին կամ «Հանրապետություն» կուսակցությա՞նն է վերաբերում:
-«Հանրապետություն» կուսակցության հետ ունեցել ենք համագործակցություն եւ ունենք լավ հարաբերություններ: Դա ե՛ւ Հայ Ազգային Կոնգրեսն է, դա ե՛ւ Հովհաննես Հովհաննիսյանի «Լիբերալ» կուսակցության ղեկավարն է, կան ուժեր որոնց հետ կարող ենք համագործակցել, դրանց թվում է նաեւ Ստեփան Դեմիրճյանի Ժողովրդական կուսակցությունը: Կան ուժեր, որոնց հետ կարելի է ավելի ակտիվ համագործակցել:
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրությունից հետո ՔՊ-ն արժանացավ քննադատությունների այն բանի համար, որ վարչությունում ընտրվել են քաղաքական անփորձ ու երիտասարդ մարդիկ, որոնք չեն կարողանալու ղեկավարել կուսակցության աշխատանքները: Ինչո՞ւ նման պատկեր արձանագրվեց` ըստ Ձեզ:
-Ես կարծում եմ, որ այդ ամենը արհեստական է, օրակարգում այդ թեման մտցրել են արհեստականորեն` երիտասարդների ու, այսպես ասած, ավելի տարեցների հակադրություն ստեղծելով, այդ օրակարգը արհեստական է: Իրականում նման բան չկա, կուսակցությունում նախկինում էլ են եղել ընտրություններ, ու այս կամ այն որոշումը կայացվել է փակ գաղտնի քվեարկություններով, այնպես որ, կուսակցությունն ու պատվիրակներն են որոշել, թե ինչպիսի վարչություն պետք է լինի: Ու ընտրվել է այնպիսի վարչություն, որը ցանկացել է ունենալ պատվիրակը:
-Բայց Հովիկ Աղազարյանը, Սասուն Միքայելյանը մեծ ներդրում են ունեցել կուսակցության կայացման հարցում. արդա՞ր եք համարում նրանց դուրս մնալը վարչության կազմից: Գուցե պայմանավորվածությո՞ւն եք ունեցել ավելի երիտասարդ կադրերի ընդգրկել վարչության կազմ:
-Մեր կուսակցությունը ճանաչողները շատ լավ կիմանան, որ որեւէ պայմանավորվածություն չի լինում, բոլորն էլ ներկա են եղել ու տեսել են, որ մինչեւ վերջին պահն էլ բոլորն էլ լարված սպասել են, թե ինչպիսի արդյունքներ են եղել, որոնք, ըստ էության, պարբերաբար փոխվում էին: Այնպես որ, հավասար մրցակցություն էր ընթանում, բոլոր պատվիրակներն էլ հավասար հնարավորություն են ունեցել ազատ ընտրության համար: Որոշումը կայացվել է, ընտրությունը եղել է, ու որեւէ պայմանավորվածություն չէր կարող լինել:
-Պարո՛ն Հարությունյան, հիմա Դուք համարվում եք սուպեր նախարար, ինչպե՞ս եք կարողանալու կառավարել այդ կառույցները, ճի՞շտ եք համարում նման միավորումը:
-Իհարկե, աշխատանքները դժվարանալու են, առիթ ունեցել եմ ասելու, որ լավ թիմ է հավաքված, վստահ եմ, որ յուրաքանչյուրն իր մասով պատասխանատվություն կստանձնի` որոշ չափով հեշտացնելով նախարարի գործերը: Կարեւոր է այսօրվա մեր կառավարման համակարգում եւ մշակույթում կարողանալ լիազորություններ պատվիրակել, որպեսզի որոշումները մեկ մարդուց կախված չլինեն. լիարժեք փոխնախարարները իրենք իրենց մասով հնարավորություն ունենան, հարցը չհասցնի նախարարին եւ, ամենափոքր հարցից սկսած` նախարարի լուծմանը չսպասի: Մենք այլ տրամաբանություն ենք դրել նախարարների տրամաբանության հիմքում, որի մասին բազմիցս հայտարարել ենք: Մենք շատ մեծ խնդիրներ ենք մեր առջեւ դրել ու առաջնորդվում ենք այդ ամենով:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ «Լիբերալ» կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանի հետ` պարզելու համար` արդյոք իրենք ՔՊ-ի հետ համագործակցելու առաջարկություն ստացել են, թե ոչ: «Մենք համագործակցության առաջարկություններ չենք ստացել»,- հայտարարեց Հովհաննիսյանը: Իսկ հարցին` եթե լինի առաջարկություն, իրենք ընդունելու են համագործակցելու առաջարկությունը, վերջինս ասաց. «Չեմ կարող ասել, առաջարկություններ կլինի, կնայենք, կասենք, կքննարկենք, կորոշենք»:

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու է ՀՀ ոստիկանության զորքերում, որտեղ նշվելու է ՈԶ-ի 27-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ ՊՆախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եւ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները:

Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ է մասնակցելու ոստիկանության զորքերին նվիրված տոնական միջոցառմանը: Հիշեցնենք, որ ժամանակին այս ոլորտը կարելի է ասել «սեփականաշնորհել» էր Լեւոն Երանոսյանը ու Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Երանոսյանը պաշտոնանկ եղավ: Իսկ արդեն մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին ներկայացրեց ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանության զորքերում այս օրերին լուրջ «պատրաստություն» են տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար: Հեղափոխությունից հետո հայրենի իշխանությունների առաջին այցելությունն է լինելու ոստիկանության զորքեր, որտեղ ժամանակին մեծ շուքով Երանոսյանը տոնում էր իրենց տոնը:
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Լեւոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԱԾՆԵՐԸ
Երեկ խորհրդարանում 95 կողմ, դեմ 17 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշեց կողմ քվեարկել կատարողականին, իսկ, ահա, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` դեմ: Սակայն խմբակցության անդամների թվում կային մարդիկ, որոնք չնայած առավոտյան գրանցվել էին, սակայն բյուջեի կատարողականի քվեարկությանը չմասնակցեցին: Նրանք են Արթուր Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը, Սողոմոն Սողոմոնյանն ու Վարդան Վարդանյանը: Որքան էլ տարօրինակ է, սակայն քվեարկությունից բացակայողներ են եղել նաեւ «Իմ քայլը» խմբակցությունում, այդ թվում` խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մյուս չքվեարկողներն են Արսեն Ջուլֆալակյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վաղարշակ Հակոբյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իրենց կողմ քվեարկելը բացատրեց այսպես. «Հետաքրքիր մարտահրավերի առաջ ենք: Մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը մենք ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետեւաբար, չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մենք ժամանակին դեմ ենք քվեարկել այդ բյուջեին, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

 

 

 

 

ՕԴՈՐՈԿԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել էր պատգամավորների դժգոհությանը` կապված աշխատասենյակներում օդափոխման համակարգերի բացակայության հետ: Եվ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ խնդիրը տեխնիկական է եւ կապված է հին մասնաշենքի լարերի հետ, որոնց հին լինելու հետ կապված` անհեռանկարային է նման սարքերի տեղադրումը: Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ այդպիսի խնդիր կա նաեւ Ազգային ժողովի ճաշարանի հետ կապված, եւ պատգամավորները եւ, առհասարակ, խորհրդարանի ճաշարանից օգտվողները դժգոհում են այնտեղ շոգ լինելու հանգամանքից: Եվ, ահա, երեկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե, ամենայն հավանականությամբ, ճաշարանում օդորակիչներ կտեղադրեն: Մեր հարցին` դա տեղադրվելու է Ազգային ժողովի, թե ճաշարանը սպասարկող ընկերության միջոցների հաշվին, Տիգրան Գալստյանը նշեց. «Մենք կապահովենք էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ օդորակիչները` սպասարկող ընկերությունը»: Նա հավելեց, թե զուգահեռ աշխատում են նաեւ պատգամավորների աշխատասենյակների օդորոկիչների հարցերով:




Լրահոս