«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչպես է պայքարելու քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների», «օրենքով գողերի» դեմ:
-Պարո՛ն Բադասյան, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիսավոր կերպով տոնել է Ձեր գնալը, քանի որ Դուք, ըստ մամուլի, վերադասի, այսինքն՝ ՀՀ վարչապետի «աչքն ու ականջն» եք եղել ՊԵԿ-ում:
-Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ ես պարոն Անանյանի հետ մեկ տարվա ընթացքում բավական արդյունավետ համագործակցություն եմ ունեցել, փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատել ենք, եւ խնդիր չի եղել, եւ չեմ կարծում, որ պարոն վարչապետը որեւէ պետական հիմնարկում լրացուցիչ ականջների կարիք ունի:
-Իսկ ի՞նչ կասեք մամուլի այն հրապարակման մասին, որ Դուք «Կոնցեռն Դիալոգի» բաժնետերերից մեկն եք, 2015 թվականից մինչեւ 2018-ի մայիսը աշխատել եք «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան, ավագ իրավաբան եւ գործընկեր: Իսկ, ահա, «Կոնցեռն դիալոգի» գործընկերներից է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբում ընդգրկված Արամ Օրբելյանը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Դա իրականությանը չի համապատասխանում, ցավոք սրտի: Ձեր ասածից եմ նշում, քանի որ չեմ կարդացել այդ նյութը: Ես բաժնետեր չեմ հանդիսանում, ես 2018 թվականին՝ մայիս ամսին, երբ ստանձնել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, մեկ ամսվա ընթացքում նախ հանձնել եմ հավատարմագրային կառավարման բաժնետոմսերը, եթե չեմ սխալվում, մեկուկես ամսվա ընթացքում հետ եմ վաճառել իմ բաժնետոմսերը: Այսինքն՝ առնվազն սեպտեմբեր ամսվա դրությամբ չեմ հանդիսանում նշված ընկերության բաժնետեր:
-Դուք՝ որպես նորանշանակ նախարար, ինչպե՞ս եք պայքարելու քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների», «օրենքով գողերի» դեմ, քանի որ իրականում «Արմավիր» ՔԿՀ-ի բացահատումները ցույց տվեցին, որ ոչինչ չի փոխվել:
-Այս պահի դրությամբ շատ դժվարանում եմ պատասխանել: Ձեր վկայակոչած դեպքով ծառայողական քննություն է ընթանում, եւ պետք է տեսնենք՝ դրա արդյունքները ինչպիսին են: Ինչ վերաբերում է «օրենքով գող» կամ այդ տարրերի դեմ ինչ պայքար ենք մղելու, ոչ միայն դա քրեակատարողական հիմնարկներին է վերաբերում, առհասարակ, «օրենքով գող» հասկացությունը կամ հանցավոր տարրերի հետ կապված՝ մշակված է Արդարադատության նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնություն քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներով լրացումներ կատարելու, հանցավոր մշակույթ, հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու: Այդ նախագծերը քննարկվել են, շտկվել են արդեն մի քանի անգամ, այսօր արդեն քիչ ժամանակ ունեցել եմ առավոտյան հետաքրքրվելու այդ նախագծի ընթացքից:
-Եվ ի՞նչ փուլում է այն, ո՞նց եք պայքարելու:
-Ասել են, որ 70-80 տոկոսով պատրաստ է, հիմա շատ կարագացնենք այդ պրոցեսը, քանի որ, որպես նախարար, շատ եմ կարեւորում հանցավոր վաքագիծ ունեցող անձանց …
-Բայց այս նախագիծը, Ըստ Ձեզ, «օրենքով գողերին» ինչ-որ կերպ կզսպի՞, այսինքն՝ իրենց մի բան կասի՞, թե՞ ուղղակի օրենք է, մշակում ենք՝ ցույց տանք, որ պայքարում ենք: Օրինակ՝ կալանավորները, դատապարտյալները ասում են, որ ՔԿՀ պետերը ամեն հարցով դիմում են «օրենքով գողերին», «զոն նայողներին», որ նրանք գաղութում կարգ ու կանոն հաստատեն:
-Հուսով եմ, որ դա իրականությունից շատ հեռու է, եւ մենք չունենք քրեակատարողական ծառայությունում նման պաշտոնատար անձինք, որոնք նման մտածելակերպ ունեն: Եթե հանկարծ կհայտնաբերվեն նման մտածելակերպ ունեցող անձինք, անպայման մենք շատ շուտ կարգով կազատվենք իրենցից:
-Շարունակելո՞ւ եք աշխատել ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ: Ըստ նախարարությունում տարածված լուրերի՝ ինքը, որպես ՔԿ ծառայության պետ, իրականությունը չի ներկայացրել Արտակ Զեյնալյանին, թե ինչ է կատարվում բանտերում, դրա համար էլ ԱԱԾ-ն մտավ ու իրականությունը ջրի երես հանեց: Եվ, առհասարակ, ՔԿՀ պետերի մասով կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Նայեք, երեկ ես օրվա առաջին կեսին ՊԵԿ նախագահի տեղակալն էի, օրվա երկրորդ կեսին նախարար էի եւ պետք է անմիջապես նշանակումից հետո գայի Ազգային ժողով՝ հարց ու պատասխանի, ու մոտավորապես ժամը 8-ի կողմերն է այն ավարտվել, գնացել եմ հետ Պետական եկամուտների կոմիտե, որոշ փաստաթղթեր հանձնել եմ: Այսօր առավոտյան՝ պարոն վարչապետի ներկայացումից հետո, ընդամենը կես ժամ եմ աշխատակազմի հետ շփվել, նմանատիպ հարցերի դեռ պատրաստ չեմ պատասխանելու, դեռ պետք է տեսնենք՝ ինչպես է ստացվելու տարբեր պաշտոնատար անձանց հետ համագործակցությունը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԿՆՈՋ ԴԻ
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հունիսի 19-ին` ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել, որ Գյումրու Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 71-ամյա կինը սպանված է։ Մարմնի արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք եւ այլ վնասվածքներ։ Կումայրիի ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է սպանվածի որդին։ Արդեն հունիսի լույս 20-ի գիշերը քրեական հետախույզները 50-ամյա կասկածյալին հայտնաբերեցին հենց Գյումրիում եւ բերման ենթարկեցին բաժին։ Նա ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքի բնակչուհու սպանության դեպքը. վերջինիս որդին ձերբակալվել է:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
2019թ. հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հ. Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում, քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
ԲԱՑ Է
Լարսի անցակետն այժմ բաց է. տեղի ունեցած կուտակումների պատճառը «Լոմիսոբա» ազգային տոնն էր։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։ «Որոշ սահմանափակումներ են եղել՝ պայմանավորված դեպի անցակետ տանող բնակավայրերում նշվող տոնակատարություններով։ Երեկ 18։00-ի դրությամբ ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար։ Հարկ ենք համարում նշել, որ երբեմն ծագում են խնդիրներ մեքենաների գերբեռնվածության պատճառով, ինչպես նաեւ բեռները սքանավորող սարքավորումներով անցկացնելուց հետո կարող է առաջանալ լրացուցիչ զննության անհրաժեշտություն։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները ամենօրյա ուղիղ կապի մեջ են Հյուսիսկովկասյան մաքսատան վարչության հետ նման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով»,- գրել է նա։
ԿԲԱՐՁՐԱՆԱ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ չի կարող լինել առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու: ՀՀ վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում ՀՀ 2018 թվական պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում: «Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, մենք սա գիտենք շատ երկար տարիներ: Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, ասելու եմ շատերի համար շատ տհաճ բան, առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու», – նշեց նա։
ՆԻՍՏԻ ՕՐԸ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով պաշտպանների բողոքների վերաբերյալ վերջնական դատական ակտերը կհրապարակի հունիսի 25-ին` ժամը 16:00-ին: Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենք օրենսդրական խնդիրներ են տեսնում գործով, եւ խնդրեց այս պահին կասեցնել գործի քննությունը եւ դիմել Սահմանադրական դատարան: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետեւ դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները: