Անցած տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետաղական հանքավայրերում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարական տվեց:
Եւ այդ հանձնարարականից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ ստուգումներն իրականացվել են մետաղական երեք հանքավայրերում` Ամուլսարում (դեռ չի շահագործվում), Ազատեկի ոսկու հանքավայրում եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Բոլոր տեղերում ստուգումներն անցկացվել են խստորեն եւ մանրակրկիտ: Ի դեպ, ստուգումները միայն Զանգեզուրի ՊՄԿ-ում 4,5 ամիս են տեւել, որովհետեւ այս կոմբինատը երկրում մետաղական հանքարդյունաբերության 90 տոկոսն է ծածկում:
Ըստ որոշ տեղեկությունների` Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում վերջին կառուցվածքային փոփոխություններից հետո (այս տեսչական մարմնի ղեկավար վերջերս նշանակվեց Վիգեն Ավետիսյանը, որը երկար տարիներ աշխատել է Բնապահպանության նախարարությունում եւ հասցրել դիմավորել ու ճանապարհել բոլոր նախարարներին) մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացնելու վարչապետի հանձնարարականը ժամանակավորապես առկախված է: Սակայն ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ վարչապետի հանձնարարականն ուժի մեջ է, ստուգումները շարունակվում են: Այս պահին որոշ մետաղական հանքավայրերում ստուգումներն ընթացքի մեջ են: Թե որքան կտեւեն այս ստուգումները, տեսչական մարմնից դժվարացան մեզ ասել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում դեռեւս 2012 թվականից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստացած մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացել է 27 հանքավայր: Իսկ, ահա, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 431 իրավունք, որոնցից 27-ը մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման, 1-ը` ածխի, 403-ը` ոչ մետաղական հանածոների: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրվել է 30 իրավունք, որոնցից 21-ը` մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար:
Բայց պարզվում է, որ Բնապահպանության նախարարության կողմից մետաղական հանքավայրի արդյունահանման համար տրված որեւէ եզրակացություն ուժը կորցրած չի ճանաչվել:
Մինչդեռ, ըստ «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանի, տասնյակից ավելի ընկերությունների տրված բնապահպանական եզրակացություններ պետք է ուժը կորցրած ճանաչվեն:
Ըստ ՀԲՃ-ի` ներկայումս մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների մեծ մասը դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացումն այդպես էլ չի սկսել` հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում»:
Խոսքը «Ֆորչն Ռիզորսիս», «Վարդանի զարթոնքը», «Լիճքվազ», «Ատ-Մետալս»-ի, «Լեռ-Էքս» եւ այլ ընկերությունների մասին է: Նշենք, որ այս եւ այն ընկերությունները, որոնք հիմա շարունակում են օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ, դրա թույլտվությունը ստացել են հիմնականում 2012 թվականին: Տեղին է հիշեցնել, որ այդ ժամանակահատվածում բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը` Բուլկին, որը կաշառքի գործով ամիսներ շարունակ գտնվում է հետախուզման մեջ:
Ստացվում է, որ 2012 թվականից սկսած` ոչ մի մետաղական հանքավայրում Բնապահպանության նախարարությունը երբեւէ ուսումնասիրություն չի իրականացրել եւ չի պարզել` դրական եզրակացություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընկերությունները գործունեություն իրականացրել են, թե ոչ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՓՈՐՁԵԼՈՎ ՍՏԵՂԾԵԼ «ՆՈՐ ԳԱԼԱԿՏԻԿՈՍ»
Արդեն վաղուց ավարտվել է 2018/19 թվականի ակումբային մրցաշրջանը: Բոլոր ակումբները պատրաստվում են գալիք մրցաշրջանին, իսկ տրանսֆերային պատուհանում ամենաակտիվը որոշակի դադարից հետ կրկին Մադրիդի «Ռեալն» է:
Ինչպես ասում են, «օվկիանոսը փոթորկից առաջ միշտ էլ խաղաղ է լինում»: Մի քանի մրցաշրջան չկատարելով ինչ-որ ամպագոռգոռ տրանսֆեր՝ մադրիդյան «հսկան» կրկին փորձում է վերակառուցել թիմը կամ միգուցե ստեղծել «Նոր Գալակտիկոս»:
Զինեդին Զիդանի վերադարձից հետո «Ռեալը» արդեն ձեռք է բերել Էդեն Ազարին, Լուկա Յովիչին, Ֆերլան Մենդին, Ռոդրիգոյին եւ երիտասարդ Տեկաֆուսա Կուբոին: Վերջինս, իհարկե, դեռեւս հանդես կգա «Ռեալ Մադրիդ Կաստիլիայում»: Մի շարք գործարքներ ավարտին հասցնելով՝ «սերուցքայինները» դեռեւս չեն պատրաստվում վայր դնել իրենց զենքերը: Կիլիան Մբապե, Նեյմար եւ ՊոլՊոգբա: Նրանցից առնվազն մեկը դեռ կհամալրի թիմի շարքերը: Ռոնալդուի հեռանալուց հետո Մադրիդում մեծ ճգնաժամ է սկսվել, որը ակումբի ղեկավարությունը ցանկանում է վերացնել կատարած տրանսֆերների շնորհիվ: Ասել, որ մադրիդցիները ձախողեցին ավարտված մրցաշրջանը, նշանակում է ոչինչ չասել: Բառիս բուն իմաստով տապալած հանդիպումներ եւ պայքարի չձգտող ֆուտբոլիստներ. այս հանգամանքները ստիպեցին Ֆլորենտինո Պերեսին բացել «գանձերի սնդուկը» եւ աջ ու ձախ շռայլել գումարներ` գնելով ֆուտբոլիստներ: Ամեն դեպքում, չնայած այս ամենին, փաստ չէ, որ նրանք կկարողանան միանգամից ցուցադրել լավ ֆուտբոլ. չէ՞ որ նորեկները դեռ պետք է հարմարվեն թիմին: Այստեղ կարելի է բերել Գարեթ Բեյլի օրինակը, ով ֆանտաստիկ ֆուտբոլ էր ցուցադրում մինչեւ «Ռեալ» տեղափոխվելը, սակայն Մադրիդում այդպես էլ չկարողացավ ամրապնդվել ու կորցրեց տեղը մեկնարկային կազմում: Այստեղ պետք է շեշտել, որ, իհարկե, այն Բեյլը այս Ազարից ամենեւին էլ թույլ չէր:
Մադրիդյան թիմում բացի ֆուտբոլիստներ գնելուց կա նաեւ վաճառելու խնդիր, որովհետեւ այլ տարբերակի դեպքում կխախտվի ֆինանսական Ֆեյր-փլեյի կանոնները: Թիմը առայժմ լքել է միայն Մարկոս Լյորենտեն, ով երեկ` հունիսի 20-ին, պաշտոնապես դարձավ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ, իսկ, ահա, թիմի աստղերը` Բեյլը եւ Իսկոն, ամեն կերպ չեն ցանկանում լքել ակումբը, չնայած նրան, որ Զիդանը այս ֆուտբոլիստների հետ կապված պլաններ չունի:
Այսպիսով, վառ ընդգծվում է, որ «Արքայական» ակումբը կառուցում է նոր թիմ` քիչ-քիչ իրականացնելով նաեւ սերնդափոխություն: Կա մեծ հավանականություն, որ թիմը կլքի ձախ պաշտպան Մարսելոն, քանի որ Մենդիի տեղափոխությունից հետո բրազիլացին կարող է դառնալ միայն պահեստային խաղացող: Գալիք մրցաշրջանում այս թիմից, ինչպես միշտ, լինելու են նույն սպասելիքները` հաղթել ամեն ինչ առանց բացառությունների: Արդյոք Էդեն Ազարը կկարողանա՞ դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի արժանի փոխարինողը, թե՞ ամեն դեպքում անել նույնը, ինչ արել է պորտուգալացին, դասվում է անհնարինների շարքին: Զիդանի անձնական կարծիքով՝ այդ ամենը անհնար է կրկնել, սակայն բելգիացի ֆուտբոլիստը եկել է հենց Ռոնալդուին շրջանցելու նպատակով:
Առջեւում 2019/2020 մրցաշրջանն է, որը խոստանում է շատ հետաքրքիր լինել. կոնկրետ «Ռեալ Մադրիդը» կլինի գալիք մրցաշրջանի ինտրիգների էպիկենտրոնը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՉԻ ԼԻՆԻ
Երեկ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կան կադաստրային գներ անշարժ գույքին վերաբերող, որոնք հնացած են: «2002 թվականին են կատարվել վերջին շտկումները: Մենք ուսումնասիրել ենք շուկան եւ դրանց հիման վրա կադաստրային արժեք հասկացությունը, որը էականորեն զիջում է շուկայում եղած թվերին, մոտեցրել ենք շուկային»,-ասաց նա:Սարհատ Պետրոսյանը նշեց նաեւ, որ 2018 թվականի Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են կադաստրում եղած հավաստի տվյալները եւ դրանց վերլուծության արդյունքում ստացել են լրիվ այլ պատկեր: Նա ընդգծեց, որ գնահատումը հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ է եղել, սակայն հիմնական մասը` հեղափոխությունից հետո: «Այսօր Երեւանի կենտրոնում անշարժ գույքի շուկայական արժեքը հինգ հազար դրամով ավելին է, քան այն արժեքը, որ ֆիքսել ենք հիմա: Եթե շուկայում լինեն մեծ տատանումներ, մենք դա կվերանայենք»,-նկատեց նա`նշելով, որ եթե շուկայում գները ընկնեն 25 տոկոսով, ապա գինը կիջեցնեն 25 տոկոսով: Սարհատ Պետրոսյանի խոսքով, սա դեռեւս անշարժ գույքի հարկը չէ. «Նախագիծը ենթադրում է, որ գույքահարկ այլեւս չպետք է լինի ընդհանրապես. անշարժ գույքի միասնական հարկ է լինելու»: Ապա փոխանցեց, որ դրույքաչափի վերաբերյալ ինքը չի կարող որեւէ բան ասել, սակայն իր անձնական դիրքորոշմամբ` կառավարությունը պետք է այնպես անի, որ ռիսկային խավի վրա ճնշում չլինի: