ԻՐԱՐԱՆՑՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք դատավորներ ահազանգում են, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ներսում լուրջ քայլեր են պատրաստվում իրականացնել, ինչը դժգոհության ալիք կարող է բարձրացնել:

Ինչպես գիտենք, մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որից հետո` հունիսի 7-ին, պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը: Այնուհետեւ հրաժարականի դիմում ներկայացրեցին Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը եւ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը: Այս հրաժարականներից ամիսներ առաջ էլ ԲԴԽ մեկ անդամի տեղ էր շարունակում թափուր մնալ: Ինչպես հայտնի է, Ռուզաննա Հակոբյանը նշանակվեց դատավոր, եւ ԲԴԽ անդամի նրա տեղը թափուր մնաց ու մինչեւ օրս չի համալրվում: Ռուզաննա Հակոբյանի փոխարեն ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշուն Տավարացյանը, ինչի առիթով դատավորները դժգոհեցին, եւ աղմուկի պատճառով նա հրաժարվեց ԲԴԽ անդամությունից: Եւ ստացվել է այնպես, որ այս օրերին ԲԴԽ-ի կազմում մնացել են 4 անդամներ` Հայկ Հովհաննիսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը եւ դատավոր Սերգեյ Չիչոյանը, եւ նորեկներ, Ազգային ժողովի կողմից ընտրված Գրիգոր Բեքմեզյանը եւ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Դատական համակարգում
իրարանցում է
Այսպիսով, ԲԴԽ-ն արդեն քվորում ունի եւ կարող է նիստեր գումարել, եւ արդեն ներքին խոսակցություններ կան այն մասին, որ ԲԴԽ 6 անդամները ցանկանում են նիստ հրավիրել եւ ԲԴԽ նախագահ ընտրել: Ըստ օրենքի` այս անգամ ԲԴԽ նախագահ պետք է ընտրվի ԲԴԽ դատավորների կազմից որեւէ մեկը: Սակայն դատավորներն անարդար են համարում, որ դեռ չհամալրված կազմից արդեն ԲԴԽ նախագահ ընտրվի, քանի որ այսօր ԲԴԽ կազմում ընդամենը 2 դատավոր կա` Սերգեյ Չիչոյանը եւ Անի Մխիթարյանը:
Բայց պարզվում է՝ համալրմանը չսպասելը խորը արմատներ ունի: Լուրեր են պտտվում, որ իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, այնուհետեւ հրաժարական տա, որից հետո ԲԴԽ թեկնածուները ԲԴԽ նախագահ պետք է ընտրեն արդեն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից մեկին: Եվ, ահա, ըստ դատական համակարգում տարածված լուրերի` իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, ԲԴԽ նորընտիր անդամ Վիգեն Քոչարյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ԲԴԽ-ում, եւ արդյոք դատավորների մտավախությունն իրականությանը համապատասխանում է, թե ոչ:
-Պարո՛ն Քոչարյան, դատավորները ահազանգում են այն մասին , որ ԲԴԽ անդամները ցանկանում են նիստ անել եւ ԲԴԽ նախագահ ընտրել ԲԴԽ դատավորների կազմից, որոնք ընդամենը երկու հոգի են: Բարձրաձայնում են նաեւ այն մասին, որ չեք սպասում` դատավորների թիվը համալրվի եւ հետո ԲԴԽ նախագահ ընտրեք:
-Այն տեղեկությունը, որ, իբր, միանգամից որոշել են նախագահ ընտրել, իրականությանը չի համապատասխանում:
– Այսինքն` կսպասե՞ք ԲԴԽ դատավորների թիվը համալրվի, եւ հետո ԲԴԽ նախագահ ընտրեք:
-Ես չեմ կարող ասել, բայց ներկայումս այդ հարցը քննարկվում է:
-Ըստ դատական համակարգում տարածված լուրերի` իշխանությունները ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, որից հետո հրաժարական տա, ու Դուք դառնաք ԲԴԽ նախագահ:
-Ես կարծում եմ` նման ենթադրությունները կամ երեւակայությունները որեւէ ձեւ հիմնավորված չեն:
-Լուրեր կան, որ Ազգային ժողով օրենք են ցանկանում բերել, որ ԲԴԽ-ի լիազորությունները ընդլայնեն, որպեսզի ԲԴԽ-ն դատավորներին վեթթինգի ենթարկի: Ի՞նչ գիտեք այս մասին:
-Դա որոշելիք խնդիր է Ազգային ժողովի կողմից, թե ինչպիսի լիազորություններ ապագայում կդրվեն Բարձագույն դատական խորհրդի վրա. դա կորոշի Ազգային ժողովը:
-Հիմա այդ նախագծի, Ձեզ լիազորություններ տալու գործընթացի մասին Դուք ի՞նչ գիտեք:
-Ես նման նախագծի կամ օրենքի մասին անձամբ ծանոթ չեմ:
-Վեթթինգի նախագծի մասին ի՞նչ գիտեք, ովքե՞ր են մասնակցում այդ նախագծի պատրաստմանը, ի՞նչ քննարկումներ են գնում, ի՞նչ առաջարկներ են արվել:
-Ես գիտեմ, որ համապատասխան աշխատանքները գնում են:
-Կոնկրետ որտե՞ղ, ովքե՞ր:
-Երբ որ արդեն նախագիծը համապատասխան որոշակի հասունացման փուլին կլինի, անպայման, ինձ թվում է, կդառնա հանրային քննարկման առարկա: Քննարկումները կարող են գնալ ամեն տեղ` ինչպես Ազգային ժողովում, կառավարությունում, Արդարադատության նախարարությունում: Համապատասխանաբար տարբեր ատյաններում, տարբեր մարմիններում տարբեր բնույթի քննարկումներ կարող են լինել: Ես գիտեմ, որ որոշակի աշխատանքներ կատարվում են ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ Արդարադատության նախարարությունում:
-Իսկ ովքե՞ր են մասնակիցները, ի՞նչ առաջարկներ են անում:
-Քանի որ ես ինքս չեմ մասնակցել այդ քննարկումներին, մանրամասներին չեմ տիրապետում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

7-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ
Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել. մայրը խեղդամահ էր արել 7-ամյա դստերը: Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի հետ. «Նրանք այստեղ չեն բնակվել: Այդ կինը 22 տարեկան հասակում մեր գյուղ հարս է եկել: Առաջին ամուսինը Զովունիում հովիվ էր աշխատում, հետո տեղափոխվեցին մեր գյուղ, ընտանեկան անախորժության պատճառով բաժանվեցին»: Ըստ գյուղապետի` կինը երկրորդ անգամ է ամուսնացել, ապրել է ամուսնու հետ Երեւանում: Ամուսնու անունը Հովհաննես է: Երեխան առաջին ամուսնուց էր, եկել է գյուղ, երկու ժամ հետո այդ դեպքը պատահել է: ArmLur.am-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 30-ամյա Ա. Կարապետյանի մորը պատկանող բնակարանում, որտեղ երեխային գտել են խեղդամահ եղած: Նշենք, որ կնոջ կողքին հայտնաբերվել էին նաեւ դեղորայքի դատարկ տուփեր: Իրավապահների ահազանգով դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը դեղորայքային թունավորման կասկածանքով կնոջը տեղափոխել էր Սպիտակի բժշկական կենտրոն, ժամեր անց` արդեն Երեւան:
Թե ինչու երիտասարդ մայրը կարող էր իր 7-ամյա դստերը խեղդամահ անել, շատերի մոտ է անպատասխան հարցեր թողել: «Ժողովուրդ» օրաթերթին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ 30-ամյա Ա. Կարապետյանը իրավապահներին իր այդ քայլը բացատրել է նրանով, որ երեխան շատ էր ցանկանում գնալ իր տատիկի մոտ, իսկ ինքն էլ իր երեխային ուղարկեց տատիկի մոտ: Նշենք, որ երեխայի տատիկը վաղուց մահացել է: Ինչեւէ, իրավապահները Ա. Կարապետյանի առողջական վիճակի եւ գործողությունների մասով մի շարք փորձաքննություններ են նշանակել: Ավելին, իրավապահները պարզել են, որ Ա. Կարապետյանը տեւական ժամանակ, իր առողջական վիճակից ելնելով, հանգստացնող դեղեր է օգտագործել:

 

 

 

ԴԵՌ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
«Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հորը` Սարգիս Ավագյանին, սպանության գործով անցնող անձանցից մեկին դեռեւս չեն հայտնաբերել: 2019 թվականի հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր տաքսու վարորդ Սարգիս Ավագյանը: Սարգիս Ավագյանի հետ վիճաբանել էին Զորիկ Մանուկյանը եւ Գրիգոր Բողջողջյանը: Ըստ նախնական վարկածի` վերջիններիս դուր չէր եկել տաքսու վարորդի մեքենայի երաժշտության բարձր ձայնը, որից էլ սկսվել էր կռիվը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նրանցից մեկը Զորիկ Մանուկյանն է, մյուսը` Գրիգոր Բողջողջյանը: Այս քրեական գործով դեռեւս իրավապահները հայտնաբերել են Գրիգոր Բողջողջյանին, իսկ Զորիկ Մանուկյանին դեռ փնտրում են:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ
Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երեկ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։ Օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում է խնդրել։ Խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի փոխանցմամբ` մի շարք ընթացակարգային խնդիրներ են եղել։ Երկրորդ ընթերցմանն ընդառաջ խմբակցություններն իրենց առաջարկները ներկայացրել են հանձնաժողովի նիստից օրեր եւ ժամեր առաջ, եւ կառավարության ներկայացուցիչը ժամեր առաջ է ծանոթացել դրանց հետ։ Նախագծում տեղ են գտել առաջարկություններ, որոնք չեն քննարկվել հանձնաժողովում, որից հետո կառավարության ներկայացուցիչն ասել է, որ որոշ խնդրահարույց հարցեր տեխնիկապես առաջ են քաշել, բայց կայքում նախագիծն այն տարբերակով է, ինչ առաջ էր։ 20 րոպե ընդմիջումից հետո նախագիծը դրվել է քվեարկության. կողմ է քվեարկել 24, դեմ՝ 65 եւ ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Ըստ այդմ՝ նախագիծը չի ընդունվել։

 

 

 

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ նիստում նկատողություն է արել ընդդիմադիր պատգամավորներին մնալու պատգամավորին հարիր վաքագծի շրջանակներում. «Նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում ելույթ ունեցողին, մի՛ արեք այդպես, չի կարելի։ 88 պատգամավոր ունի «Իմ քայլը», որեւէ մեկը չի բղավում։ Խոսքը ոճաբանության մասին է, ու դա բոլորին է վերաբերում»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին՝ հայտարարել է Ա. Սիմոնյանը: «Խոսում եք ատելության մթոնոլորտի, ինչ-որ բաների մասին, այստեղից է սկսում, երբ ծաղրում եք, հեգնում եք, է՜, այնքան հեգնեմ սաղին, որ ոչ մեկին պակաս չթվա»,- ասել է նա: Ա. Սիմոնյանն անդրադարձել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթին՝ հիշեցնելով, որ ժամանակին նա ասել է, որ պատգամավորական մեծ փորձ ունի: «Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշների մեջ»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

 

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՑ՝ ՏԵՂԱԿԱԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա Կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։




Լրահոս