Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտարվեստի սիրահարների համար կկայանա խառը մենամարտերի մեծ մրցաշար` MIX FIGHT 42-ը: Արդեն բոլորը գիտեին, որ այդ մրցաշարին մասնակցելու է նաեւ Օլիմպիական խաղերի ըմբշամարտի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, սակայն վերջերս առաջացած խնդիրների պատճառով պարզ է դարձել, որ անվանի մարզիկը այս մրցաշարին չի մասնակցելու: «Միքս Ֆայթի» կազմակերպիչ Վարդան Մնացականյանը նշել էր, որ բոլոր խնդիրները կապված են գումարի հետ, եւ պահանջել եւս 4 հազար դոլար: Նա նաեւ նշել էր, որ փորձել է համագործակցության եզրեր փնտրել Միհրանի հետ, սակայն ապարդյուն:
Այսպիսով, Միհրան Հարությունյանը չի մասնակցի «Միքս Ֆայթ 42»-ին, եւ դեռեւս պարզ չէ, թե այդ մենամարտի փոխարեն ինչ մենամարտ կկայանա:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի հետ:
-Արդեն գիտենք, որ Միհրան Հարությունյանը հրաժարվել է մասնակցել այս մրցաշարին: Ի՞նչ մենամարտ է կայանալու Միհրան Հարությունյան-Ուեսլի Ժեժուս մենամարտի փոխարեն:
-Փաստ է դեռ միայն այն, որ Միհրանը չի մասնակցի մրցաշարին: Ես չեմ պատրաստվում բողոք ներկայացնել նրա դեմ, իսկ թե այդ զույգի փոխարեն ուրիշ ինչ զույգ դուրս կգա օկտագոն, դեռեւս պարզ չէ: Նրա փոխարեն մենամարտողը կլինի հայ, բայց հստակ չէ` ում հետ կմենամարտի: Այս պահին բոլոր մարզիկները ունեն մենամարտեր, եւ մի փոքր դժվար է նոր մարտիկ գտնելը, բայց կարծում եմ` ամեն ինչ կկարգավորվի մինչեւ մրցաշարի մեկնարկը:
-Բացի «Միքս ֆայթ» մրցաշարը Հայաստանում անցկացնելուց ի՞նչ նոր ծրագրեր ունեք` կապված Հայաստանի հետ:
-Քանի որ ես հանդիսանում եմ «King of Kings» կազմակերպության նախագահը Իսպանիայում եւ ցանկանում եմ այդ կազմակերպությունը բերել Հայաստան, ես աջակցում եմ այն մարզիկներին, ովքեր ցանկանում են մասնակցել մրցաշարերի:
-Տեղյակ ենք, որ պայմանագիր ունեք Իսպանական Լա Լիգայի հետ: Հնարավո՞ր է` Հայաստանում կայանալիք մրցաշարերից որեւէ մեկում որպես հյուր հրավիրեք Իսպանական Պրիմերայում հանդես եկող հայտնի ֆուտբոլիստի:
-Այո՛, մենք պայմանագիր ունենք Լա Լիգայի հետ, եւ կարծում եմ` արդեն մյուս մրցաշարերից հնարավորություն կունենանք Հայաստանում հյուրընկալել ինչ-որ հայտնի ֆուտբոլիստի: Այս մրցաշարին այդպիսի անակնկալ չի լինի, սակայն արդեն մյուսներում կփորձենք:
-Որտե՞ղ կկայանա «Միքս Ֆայթ 43»-ը: Այս մրցաշարը Հայաստանը կրկին կհյուրընկալի՞:
-Արդեն հստակ է, որ հաջորդ մրցաշարը կկայանա Իսպանիայի Վալենսիա քաղաքում, ամենայն հավանականությամբ, սեպտեմբեր ամսին, իսկ «Միքս Ֆայթ 44»-ը, ամեն ինչ կանենք, որ կայանա Հայաստանում, բայց դրա մանրամասները դեռեւս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Հայաստանում կայացավ «Mix Fight 40»-ը, որի շրջանակներում աշխարհի չեմպիոն հռչակվեց Ռազմիկ Ղուլինյանը, իսկ Եվրոպայի չեմպիոն դարձավ Դավիթ Խաչատրյանը: Այդ մրցաշարի հատուկ հյուրը ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Սամի Նասերին էր: Հուլիսի 6-ին կայանալիք մրցաշարին նույնպես կլինի հատուկ հյուր` ի դեմս հայազգի հայտնի բռնցքամարտիկ Գագիկ Հարությունյանի, ով հանրությանը ավելի հայտնի է որպես Գագո Դրագո: Նա երկար տարիների դադարից հետո կվերադառնա Հայաստան:
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ
Արեւմտյան երկրներն անտեսում են Վրաստանում ազգայնականության եւ ռուսատյացության դրսեւորումները. այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Արեւմտյան կուրատորները պատրաստ են աչքերը փակել ազգայնականների, ռուսատյացության վայրագությունների վրա, միայն թե խզեն մեր երկրի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերաշարադրեն մեր ընդհանուր պատմությունը»,- ասել է նա: «Մենք սթափ ենք գնահատում համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների եւ նրանց դաշնակիցների դերը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը ոչ մեկից չի պատնեշվում, իրեն չի մեկուսացնում, երկխոսությունից չի հեռանում այն հարցերում, որտեղ համատեղ փոխշահավետ աշխատանքի հնարավորություն կա ամբողջ մարդկության համար ընդհանուր խնդիրների ճնշման նպատակով։