«ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՄ ՀԱՄԲԵՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտիստուհի, մի շարք ֆիլմերից եւ սերիալներից հայտնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանն է:

-Արաքսյա՛, ո՞րն է շաբաթվա Ձեր սիրելի օրը:
-Չունեմ նման օր, որովհետեւ բոլոր օրերին աշխատում եմ (ծիծաղում է):
-Սովորաբար Ձեզ ինչպիսի՞ մարդիկ են ոգեշնչում:
-Տաղանդավոր:
-Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց…
-Շոկոլադի:
-Ապրել նախօրոք գծագրված գրաֆիկո՞վ, թե՞ չպլանավորված կյանքով:
-Ես խելագար ձեւով գծագրում եմ, դա ինձ համար շատ կարեւոր է: Աշխատում եմ մեծ մասամբ իմանալ, թե ինչ է սպասվում ինձ, եթե, իհարկե, հնարավոր է:
-Անտարբեր եք այն մարդկանց հանդեպ, որոնք…
-Տպավորությունն այնպիսին է, որ ես շատ շփվող եմ, բայց իրականում ոչ այնքան:
-Սոցցանցերում ընկերների ցանկից միանգամից հեռացնում եք այն անձանց, որոնք…
-Որոնք գրում են. «Բարեւ Ձեզ, Դուք դերասանուհի՞ եք», կամ «Բարեւ Ձեզ, Ձեր դեմքը շատ ծանոթ է…»:
-Շարունակե՛ք միտքը. «Կյանքում ամեն բան հարաբերական է, բացի…»
-Մայրական սիրուց:
-Բացի Հայաստանից, սիրով կապրեիք նաեւ…
-Մի երկրում, որտեղ ծով կա:
-Հարուստ թոռնե՞ր, թե՞ բարձր թոշակ:
-Բարձր թոշակ, ասեմ` ինչու: Քանի որ ամբողջ կյանքում աշխատել եմ պետական թատրոնում, կուտակային համակարգի շնորհիվ Range Rover-ով թոշակառու հարուստ տատիկ եմ լինելու (ծիծաղում է):
-Մարդուն առաջնային դատում եք այն բանով, թե…
-Ես արտաքինն, իհարկե, նկատում եմ, այն շոյում է աչքս, բայց դատողություն անում եմ այն բանով, թե մարդ ինչ է խոսում ինքն իր եւ մյուսների մասին:
-Ձեր կյանքի դժվարին պահերին Ձեր կողքին միշտ եղել են…
-Դժվարին պահերին միշտ փորձում եմ միայնակ մնալ, ես «մտնում եմ» ինքս իմ մեջ, սկսում եմ թափառել, եկեղեցի գնալ, բոլոր հարցերի պատասխանները գտնել:
-Կնոջ ամենագլխավոր հատկությունը:
-Համբերատարությունը, որ ես չունեմ, պետք է սովորեմ: Նաեւ աշխարհի ամենակարեւոր հատկությունը սեր տալն է, տարածելը: Հենց դա կարողացար անել, ամեն բան ավելի հեշտ կթվա:
-Գրողներից ո՞ւմ հետ կցանկանայիք սրճել:
-Դոստոեւսկու: Գժվում եմ նրա համար, ընդ որում` ոչ միայն սրճել, այլ նաեւ խմել (ծիծաղում է):
-Հպարտության առարկա, որը տրվել է ի վերուստ, եւ որը ձեռք եք բերել:
-Այն, ինչ ինձ շնորհվել է ի վերուստ, ձայնս է: Շատերն են ասում, որ ձայնս լավն է, միշտ պատասխանում եմ` իմ ձայնն ապրում է ինձնից առանձին աստղային կյանքով եւ ինձ հետ կապ չունի: Դա աստված է տվել, որի համար ես ամեն անգամ նրան ասում եմ շնորհակալություն: Ձեռք եմ բերել մասնագիտական հմտություններ: Ինձ միշտ ասում էին, որ կարող եմ, օրինակ, բժիշկ դառնալ, քանի որ ունեմ մտավոր այդ պոտենցիալը, բայց ես անընդհատ ձգտել եմ դերասանական ոլորտ գալ, այստեղ եմ վազել: Իմ գերդաստանում բոլորը գիտնականներ են, լեզվաբաններ, եւ ես ապստամբեցի ու գնացի ուրիշ մի պատ քանդեցի: Եվ չեմ զղջում դրա համար:
-Ո՞վ է Ձեր սիրելի ռեժիսորը:
-Ես աշխատել եմ Վահե Շահվերդյանի հետ` աշխարհի ամենապարզ եւ ամենաբարդ մարդու հետ, որը ինձ ե՛ւ տալիս էր թեւեր թռչելու համար, ե՛ւ իջեցնում էր մինչեւ անդունդի եզրը: Նրա հետ ես ինձ միշտ զգացել եմ պրոցեսի մեջ: Իսկ եթե ինձ հարցնեին, թե ում մոտ կնկարահանվեմ, կպատասխանեմ այսպես` ցանկացած մեկի, ով ինձ սիրում է: Դա իսկապես շատ կարեւոր է, հակառակ դեպքում այդտեղ ոչ մի աշխատանք չի կարող ընթանալ:
-Երեւանի ամենասիրուն անկյունը:
-Մեր Նոր Նորքի այգիները:
-Ձեր ամուսինը միշտ դժգոհում է` ասելով, որ…
-Շատ է նախատում, որպեսզի մարդիկ իմ մասին սխալ կարծիք չձեւավորեն, որովհետեւ այն, ինչ ես անում եմ, բացարձակապես կապ չունի ինձ հետ: Ես որքան կառուցում եմ, չորս այդքան քանդում եմ: Հենց հոգնում եմ, սկսում եմ ավերել: Հենց սկսում եմ զայրանալ, ասում եմ` երանի մեկը լինի, ձեռքերս բռնի: Բայց միեւնույն ժամանակ սովորել եմ նաեւ լռել:
-Եթե պարզվի, որ կա հավիտենական կյանք…
-Ես չեմ հավատում հավիտենական կյանքին: Իրականում հավատացյալ մարդ եմ, խոսքը դրա մասին չէ: Պարզապես այն համոզման եմ, որ դրախտը եւ դժոխքը հենց երկրում են` մեր ստեղծած միջավայրում: Կարողանո՞ւմ եմ նորմալ ապրել, խիղճս հանգիստ, ուրեմն դրախտ եմ ստեղծել, իսկ եթե անհանգիստ եմ, ինձ վատ եմ զգում եւ փչացնում եմ հարաբերություններ, ուրեմն դժոխք եմ ստեղծում: Ուրիշ բանի ես չեմ հավատում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏ
Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երեւանի «Ալաշկերտ»-ը մրցելու է մակեդոնական «Մակեդոնիա Սկոպյե» ակումբի հետ: Այդ առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ, որը պատմել է Եվրոպա Լիգայի վիճակահանությունից։ Ըստ նրա` դեռ շատ բան պարզ չէ. «Մեզ կարող էր ավելի թույլ մրցակից բաժին հասնել կամ ավելի ուժեղ: Մակեդոնական թիմի մասին դեռեւս ոչինչ ասել չեմ ցանկանում, որովհետեւ նախ պետք է հասկանալ, թե մենք ինչ վիճակում ենք եւ ինչպես կմոտենանք խաղին: Դեռ չենք սկսել ուսումնասիրել մրցակցին: Տրանսֆերներ կլինեն, հիմա մենք փնտրում ենք նոր խաղացողներ եւ առաջիկայում կունենանք նորություններ։ Դեռեւս ոչ մի բան ասել չեմ կարող տրանսֆերների առումով»,- մեզ հետ զրույցում ասել է Աբրահամ Խաշմանյանը: Հավելենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտը» լքել է Դենիս Թումասյանը եւ տեղափոխվել ռուսական «Չայկա»: Ի դեպ, հայկական ակումբն ունի նաեւ համալրում` ի դեմս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հայկ Իշխանյանի, որն «Ալաշկերտ» է տեղափոխվել Վանաձորի «Լոռիից»: Հիշեցնենք նաեւ, որ «Ալաշկերտ»-ը Ա. Խաշմանյանի գլխավորությամբ ավարտված առաջնությունում կարողացել էր նվաճել Հայաստանի Գավաթը` նվազագույն հաշվով հաղթելով հենց «Լոռի»-ին:




Լրահոս