Բարձրագույն Խումբը նախորդ առաջնության համեմատ զգալիորեն աճել է. Դավիդ Կամպանյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն Խմբի 4-րդ տուրի «Լոռի» – «Նոա» (1:0) հանդիպումից հետո հետխաղյա մամուլի ասուլիսով է հանդես եկել վանաձորյան թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան. «Խաղի սկզբում շատ լավ էինք գործում եւ կարողանում էինք վերահսկել գնդակը: Մրցակիցն այսօր շատ շանսեր չունեցավ, մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն թիմը դեռեւս հեռու է այն կետից, որը ես եմ ձգտում: Թիմն աճում է մարզումից մարզում, խաղից խաղ: Կարծում եմ նախորդ հանդիպումից ավելի լավ խաղացինք:

Ինչ մնում է երկրորդ կեսին, կասեմ, որ նրանք պրեսինգի էին դիմում, սակայն մենք կարողացանք անառիկ պահել մեր դարպասը: Կարող էինք խփել 2-րդ գոլը եւ ժամանակից շուտ վճռել խաղի ելքը: Շատ ուրախ եմ, որ լավ խաղացին հայ ֆուտբոլիստները: Ժամանակն է շարունակելու աշխատանքը ու զարգացնելու թիմը:

Իմ կարծիքով առաջնությունը նախորդի համեմատ զգալիորեն աճել է : Ֆիզիկական պայքարը շատ ուժեղ է ինչի պատճառով պետք է շատ աշխատել դարպասն անառիկ պահելու համար: Հայաստանի առաջնությունը շատ բարդ է Իսպանիայի առաջնության հետ համեմատելը, սակայն վստահաբար այն մեծ աճ է գրանցել նախորդ առաջնության համեմատ: Կարող եմ ասել նաեւ, որ Հայաստանում կան թիմեր, ովքեր կարող են խաղալ Իսպանիայի բարձր մակարդկներում:

Ես շատ ուրախ եմ Գրիգոր Աղեկյանի համար, սակայն սա շատ քիչ է` ես ավելին եմ պահանջում: Նա գոլահարի հրաշալի տվյալներ ունի, բայց ես ցանկանում եմ զարգացնել նրան նաեւ առանց գնդակի գործողությունների ժամանակ: Սա շատ լավ շանս է նրա համար աճ գրանցելու համար: Եթե Գրիգորը շարունակի գոլեր խփել, ապա կարող է նաեւ հրավիրվել ազգային հավաքական: Մենք չենք ցանկանում ձեռք բերել արտասահմանցի հարձակվողի եւ նախընտրում ենք ունենալ Գրիգորի պես ֆուտբոլիստ: Ես առավելագույնն եմ պահանջում իմ խաղացողներից եւ նրանց մղում դեպի զարգացում»,-ասել է Կամպանյան:

Հիշեցնենք, որ վանաձորյան թիմը 7 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում, իսկ «Նոան» 4 միավորով 5-րդն է:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս