Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում այրվում է 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ:
Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում 18 փրկարար, 21 զինծառայող, գյուղի 15 բնակիչ, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից 1 ջրատար:
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 100 հա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Չապնի գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում են դաշտեր:
Ժամը 15:55-ից Չափնի և Սևաքար գյուղերի բնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել էր (110 բնակիչ):
Ժամը 16:30-ից 20:07-ը Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 21-րդ կմ-ից մինչև Կապանի Գործարանային փողոցի (օդանավակայանի տարածք) հատվածը ՃՈ աշխատակիցների կողմից փակվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին: Այրվում է մոտ 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք: