Բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանի (1919թ., հունվար 20 Երևան-2006թ., օգոստոս 26) պոեզիային բնորոշ են ազգային նկարագրի շեշտվածությունն ու քաղաքացիական խիզախությունը:
Նա 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1950թ.՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները: Վաղ տարիքից տպագրել է բանաստեղծություններ «Կանչ» թերթում: 1944թ. հրատարակել է «Երկու զրույց», 1945թ.՝ «Օրերի հետ» բանաստեղծությունների ժողովածուները: Նրա պոեզիայի գլխավոր թեմաներն են հայրենիքը և սերը:
«Զանգվի ափին» (1947թ.), «Այս իմ երկիրն է» (1949թ.), «Իմ հարազատները» (1951թ.), «Սրտաբաց զրույց» (1955թ.), «Բարի երթ» (1957թ.), «Դեպի խորքը լեռան» (1972թ.) ժողովածուներում, «Մտորումներ ճանապարհի կեսին» (1961թ.) պոեմում անդրադարձել է հայ ժողովրդի սխրանքներով ու ողբերգություններով լի ճակատագրին, մտորել նրա ներկայի ու գալիքի մասին:
Կապուտիկյանի և´ պոեզիայում, և´ հրապարակախոսական գործերում Հայաստանը հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանն է: Կապուտիկյանի սիրո քնարերգությունը, ծնվելով անձնական տառապանքից, ընդհանրանալով հասել է համամարդկային զգացմունքի մարմնավորման:
Անկեղծությամբ շնչող նրա սիրային բանաստեղծություններում սիրո բերկրանքն ու տագնապն են, կարոտի կանչն ու հուսահատությունը, տառապանքն ու վիշտը («Հայնեական երգեր», 1966թ., «Երգ երգոց», 1970 թ., «Լիլիթ», 1981թ., «Ձմեռ է գալիս», 1983թ.): Կապուտիկյանը խորապես մտահոգվել է Սփյուռքի ճակատագրով, հայապահպանության խնդրով:
1962-63թթ. և 1973թ. այցելել է սփյուռքահայ գաղթավայրեր, գրել «Քարավանները դեռ քայլում են» (1964թ.), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976թ.), «Քարավանները հեռանում են» (1999թ.), «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» (2002թ.) ուղեգրությունները, որտեղ անդրադարձել է սփյուռքահայի հոգսերով ու փորձություններով լի ճակատագրին:
Նա հայությանն ուծացումից փրկելու միակ երաշխիքը համարել է Հայաստանը: Կապուտիկյանի ուղեգրությունները մեծապես նպաստել են սփյուռքահայության միասնությանը, ներքին հոգևոր կապերի պահպանմանն ու զարգացմանը: Կապուտիկյանին մշտապես հուզել են ժամանակաշրջանի հրատապ ու կարևոր հարցերը:
Հրապարակախոսական երկերում արտացոլել է արցախահայության ազատագրական պայքարը, հայ ժողովրդի ինքնորոշման ու անկախության խնդիրները («Իմ ժամանակը: Հրապարակագրություն և ուղեգրություն», 1979թ., «Էջեր փակ գզրոցներից», 1997թ., «Վերջին զանգը», 2006թ.):
Կապուտիկյանը հրատարակել է նաև մանկական բանաստեղծություններ, որոնք ամփոփել է «Փոքրի´կ Արա, ակա´նջ արա» (1950թ.), «Մեր Լալիկը, սիրունիկը» (1952թ.), «Տանը, բակում, փողոցում» (1953թ.), «Մի տարով էլ մեծացանք» (1958թ.), «Ծաղկանոց» (1984թ.), «Երկու քույրիկ, երկու ուլիկ» (1988թ.) և այլ ժողովածուներում:
Գրել է նաև դրամաներ՝ «Կռո՜ւնկ, ուստի կուգաս» (1961թ.), «Եվ դո՞ւ, Բրուտո՜ս» (1976թ.), թարգմանել ռուս բանաստեղծների ստեղծագործություններից: Նրա գործերից թարգմանել են բազմաթիվ լեզուներով: Կապուտիկյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց, 2009թ. բացվել է նրա տուն-թանգարանը: