Հայաստանի Բարձրագույն Խմբի 4-րդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ»(3:1) խաղի ավարտից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
«Նախ ցանկանում եմ ես էլ միանալ բոլոր շնորհավորանքներին՝ կապված Գյումրի քաղաքի տոնի հետ: Մենք այա հաղթանակը նվիրում ենք մեր քաղաքին: Խաղի մասին կարող եմ ասել, որ արեցինք այն ամենը, ինչը պլանավորել էինք, սակայն վերջին վայրկյաններին բաց թողեցինք ոչ պարտադիր գոլ՝ տարրական սխալից: Մենք իրավունք չունենք նման սխալներ թույլ տալու, որքան էլ հաշիվը մեր օգտին լինի: Տղաները գործեցին շատ կարգապահ եւ կարողացան օգտագործել հակագրոհները:
Շնորհավորում եմ բոլորին այս հաղթանակի կապակցությամբ, եւ այս պահից սկսած մենք պատրաստվում ենք հաջորդ խաղին: Մորի Կոնեի խաղը, բնականաբար, կգնահատեմ գերազանց, որովհետեւ եթե հարձակվողը մեկ խաղի ընթացքում օգտագործում է իր բոլոր պահերը, ապա ուրիշ գնահատական չեմ կարող տալ: Էդգար Մալաքյանը այսօր չխաղաց, որովհետեւ ուներ մկանների հետ կապված խնդիրներ, եթե ռիսկի դիմեինք, կմասնակցեր խաղին, բայց չցանկացանք խորացնել վնասվածքը: Կարծում եմ, որ մյուս խաղին կազմ եւ պատրաստ կլինի»,- ասել է Բիչախչյանը:
Էդմոն Մարտիրոսյան