Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, անտառների, ջրային ռեսուրսների կառավարման և մի շարք այլ ասպարեզներում լուրջ համագործակցություն սկսելու հնարավորությունները: Այս մասին օգոստոսի 26-ին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Կարծում եմ, որ այս ներկայացուցչական այցը Շվեդիայի կողմից որդեգրված մի դիրքորոշում և մոտեցում է մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններին և ժողովրդավարական գործընթացներին: Այդ գործընթացների մի յուրօրինակ հետևանք է: Շվեդիայի Թագավորությունն առաջին պետություններից էր, որ արձագանքեց Հայաստանում սկսված ժողովրդավարական գործընթացներին, և տեղի ունեցան մի շարք այցեր, ինչպես Շվեդիայից Հայաստան, այնպես էլ Հայաստանից Շվեդիա: Ինքս խոսնակի հրավերով, հուլիսին պաշտոնական այցով եղա Շվեդիայում, և այս բոլոր հանդիպումների արդյունքում Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում նաև հնարավորություն ստեղծելով ընդլայնել Հայաստանին ցուցաբերող ֆինանսական աջակցությունը:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ կառավարությունը մի շարք միջազգային գործընկերների հետ բավականին ծավալուն ծրագիր իրականացրեց, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել Հայաստանի ընտրական համակարգին, և Շվեդիայի Թագավորությունը այդ շատ կարևոր ծրագրի մաս էր: Այժմ մշակման փուլում է, և կարծում եմ, որ սեպտեմբերին կստորագրենք հուշագիր, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել և ընդլայնել Ազգային ժողովի կարողությունները: Այս ծրագրում ևս Շվեդիայի Թագավորությունը կարևոր մասնակիցներից մեկն է: Մեր հանդիպումների ընթացքում նաև շնորհակալություն հայտնեցի պարոն խոսնակին` Շվեդիայի խորհրդարանի կողմից ՀԸԳՀ-ի վավերացման համար: Բազմաթիվ են օրինակները նրա, որ մեր երկու երկրների, և մասնավորապես մեր խորհրդարանների միջև բավականին ակտիվ երկխոսություն է սկսվել: Եվ, կարծում եմ, որ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ մեր հարաբերությունները որակապես այլ փուլ են թևակոխում:
Մենք քննարկում ենք հնարավորություն` սկսելու լուրջ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների, անտառների, ջրային ռեսուրսների կառավարման, վերականգնվող էներգետիկայի ուղղություններով, ինչպես նաև հանքարդյունաբերության, թափոնների կառավարման, և բազմաթիվ այլ ուղղություններով: Սրանք ուղղություններ են, որտեղ Շվեդիայի փորձն իսկապես օրինակելի է մեզ համար»,- ասաց Միրզոյանը:
Ռիկսդագի խոսնակը նշեց, որ Շվեդիան ցանկանում է իր օժանդակությունը հայտնել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը և Հայաստանի ուղուն` դեպի ժողովրդավարական բարեփոխումներ:
«Մենք պատրաստ ենք մի քանի ուղղություններով շարունակել սատարել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին: Շվեդիան այս տարի տոնում է մեր խորհրդարանում ժողովրդավարության 100-ամյակը: Բավական խորհրդանշական զուգադիպություն է այն, որ Հայաստանն այս տարի նույնպես տոնում է իր առաջին անկախ հանրապետության, որի հաստատմամբ նաև ապահովվեց Հայաստանում ընդհանուր իրավունքն ամբողջ ժողովրդի համար: Սա իսկապես նշանակում է, որ ժողովրդավարության տեսանկյունից մենք իրարից հետ չենք մնում: Բոլոր նրանք, ովքեր մինչ այժմ պայքարում էին հանուն ժողովրդավարության Շվեդիայում և Հայաստանում, հիմքերն են գցել մեր այսօրվա նվաճումների համար, և մենք պարտք ենք նրանց շարունակել ջանքերը խթանելու համար ժողովրդավարության և իրավունքի գերակայությանը մեր երկրներում»,- նշեց Նորլենը:
Օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է Շվեդիայի Ռիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են խորհրդարանի 3 փոխխոսնակները եւ բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի և ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամների հետ: