«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հակակոռուպցիոն գործողությունների համար նախատեսվել է ծախսել 18 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ` ՀՀ կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին:
Եվ այդ ճանապարհին ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն 2 նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ ՀՀ ոստիկանությունից եւ Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվելու է նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին: Սակայն շատ մասնագետների պնդմամբ` Հայաստանը կոմիտեի ստեղծման հարցում ուսումնասիրել է Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը, որտեղ կոմիտեն այնքան էլ հաջող չի աշխատել:
Սակայն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ ուսումնասիրել են ԵԽ բոլոր երկրների փորձը՝ չմանրամասնելով, թե որոնք են դրանք»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում