ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թավշյա հեղափոխությունից հետո հստակեցնում ենք մեր առաջնահերթությունները. Զոհրաբ Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ելույթ է ունեցել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին:

Հարգելի գործընկերներ,

Ջերմորեն ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին, կարևորում եմ ձեր բոլորի ներկայությունը և ակնկալում եմ ակտիվ և բովանդակային քննարկում համաժողովի օրակարգի շուրջ: Բայց մինչ բուն խոսքիս անցնելը, կուզենայի հիշել նրանց ովքեր պետք է այստեղ լինեին, սակայն ճակատագրի բերումով մեզ հետ չեն այսօր: Կխնդրեի լռության րոպեով հարգանքի տուրք մատուցել վերջերս կյանքից հեռացած մեր դեսպանների՝ Արման Կիրակոսյանի և Գառնիկ Բադալյանի հիշատակին:

Շնորհակալություն։

Հարգելի գործընկերներ,

ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի անցկացումը Երևանում ավանդույթ է դարձել: Այնուամենայնիվ, այս համաժողովն առաջինն է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, ուստի և նպատակ ունի հստակեցնելու տեղի ունեցած փոփոխություններից հետո հայկական դիվանագիտության առաջնահերթություններն ու դրանց իրականացման առավել արդյունավետ ուղիները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի: Հրամայական է նաև վերլուծել մեր պետության առջև ծառացած ազգային անվտանգության հիմնարար մարտահրավերներն ու սպառնալիքները, քննարկել արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացները, որոնք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի վրա, ինչպես նաև կանխատեսել անցանկալի զարգացումներն ու հնարավորության դեպքում մշակել դրանց չեզոքացմանն ուղղված քայլերը:

Այնուհանդերձ, կցանկանայի ընդգծել, այս անգամ փոխվել է ոչ միայն քննարկումների ձևաչափը, այլև ներկայացվում են Հայաստանի դիվանագիտական ծառայության տեսլականն ու ամրագրվել են արտաքին քաղաքական երեք հիմնարար սկզբունքները, որոնք ծառայելու են որպես հիմք և ուղենիշ մեր դիվանագիտական գործունեության համար:

Համաժողովն անցնում է «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Ի՞նչ նկատի ունենք արժեքների տակ։

Առաջինը, հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում ստեղծել է քաղաքակրթական արժեքներ, որոնց հենքում են մարդու արարչագործությունը, նրա հոգևոր զարգացումը, ազգայինը և համամարդկայինը ներդաշնակեցնելու շարունակ ձգտումը: Որպես քրիստոնեությունն ընդունած առաջին ազգ, հայ ժողովուրդն իր ազգային հաստատությունների միջոցով շարունակել է դավանել և կրել հենց այդ համամարդկային արժեքները։ Այս կոնտեքստից բխում է նաև այսօր մեր գլոբալ պատասխանատվությունն ու առաքելությունը պաշտպանելու քաղաքակրթությունները և նորովի վերաստանձնելու քաղաքակրթությունները կամրջողի Հայաստանի պատմական և բնական դերակատարությունը:

Երկրորդ, պատմամշակութային այն հարուստ ժառանգությունն է, որ թողել է պատմության ընթացքում հայ ժողովուրդն աշխարհի տարբեր մասերում և որը պետք է վերածել արժեքավոր դիվանագիտական հաղթաքարտի երկկողմ և բազմակողմ մակարդակներում։

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս