
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները:
ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ:
Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը, այդ թվում նաև՝ Եվրոպական միության շրջանակում հայ-շվեդական կապերի խորացման հեռանկարներին:
ՀՀ վարչապետը և Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման շուրջ: