Երեւան գալը՝ խնդիր մարզաբնակների համար. ինչ է մտածում քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի ոչ միայն բնակիչները, այլեւ ուղեւորափոխադրում իրականացնողները հայտնվել են անհարմար դրության մեջ: Պատճառը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրահանգն է:

Բանն այն է, որ եթե նախկինում Գեղարքունիքի մարզի բնակիչները կարողանում էին հասնել Երեւանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայան, ապա Երեւանի քաղաքապետի հրահանգի արդյունքում նրանք ստիպված լրացուցիչ գումար են ծախսելու` գնալու «Հյուսիսային» ավտոկայան:

Գեղարքունիքի մարզի բնակիչների` մարզից Երեւան իրականացվող ուղեւորափոխադրումների երթուղու փոփոխության վերաբերյալ նախօրեին ահազանգեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, սակայն պատգամավորի ահազանգին դեռեւս չեն արձագանքել պատկան կառույցները`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ու Երեւանի քաղաքեպատարանը:

Ըստ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի` այս հրահանգի հետեւանքով բնակիչները լրացուցիչ ծախսեր են անելու, ինչի հնարավորությունը իրենք չունեն: «Նվազագույնը 1000 դրամ` տաքսիով Երեւան հասնելու եւ իրենց առօրյա խնդիրները լուծելու համար: Ստացվում է, որ Երեւան հասնելու ուղեվարձը քաղաքացու համար ամենաքիչը 1000 դրամով ավելանում է։ Ինչո՞ւ տաքսիով. որովհետեւ շատ դեպքերում մարդիկ մարզից գալիս են մեծ պայուսակներով, ծանր բեռներով, եւ քաղաքային տրանսպորտից տեխնիկապես հնարավոր չի լինում օգտվել»,- նկատեց պատգամավորը:

Օրենսդիրի ներկայացուցչի խոսքով` միջքաղաքային երթուղիների նկատմամբ գործադրվող այսպիսի ճնշումն աստիճանաբար հանգեցնելու է վերջիններիս գործունեության դադարեցման. «Ինչպես, օրինակ, տեղի ունեցավ մի քանի մարզերի բնակավայրերի երթուղիների հետ, երբ երթուղիներին փոխարինեցին անօրեն դաշտում «թաքուն» աշխատող տաքսիները»: Պատգամավորը նկատի ունի այն տաքսիներին, որոնք մարզային քաղաքներից ուղեւորներին տեղափոխում են Երեւան`իրենց ուզած վայրը, այդպես վնաս հասցնելով միկրոավտոբուսներին, ավտոբուսներին:

Ըստ որոշ տեղեկությունների`քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է Վարդենիս-Երեւան երթուղուն «վտարել» Երեւանից`այդպես բեռնաթափելով մայրաքաղաքը: Պարզվում է` նա խնդիրը լուծելու իր տարբերակն է ընտրել` բնականաբար Գեղարքունիքի մարզի բնակիչների հաշվին:

«Միանգամայն գիտակցելով Երեւանի գերբեռնվածության խնդիրն ու բեռնաթափման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, միաժամանակ պետք է ընդգծել, որ դրանք չպետք է իրականացվեն այլոց իրավունքների հաշվին: Հակառակ դեպքում ստեղծվում է իրավիճակ, որ մարդիկ գումար են վճարում Երեւան հասնելու համար, բայց չեն հասնում:

Բացի այդ, քաղաքապետի հրահանգը, որն, ի դեպ, բխում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից, այն է` «Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Երեւանի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը համաձայնեցնելով Երեւանի քաղաքապետի հետ», մեկ այլ գլոբալ խնդիր էլ է առաջացնում: Կարծում եմ` նպատակահարմար է որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել, թե քանի քաղաքացու իրավունք է ոտնահարվում, եւ ինչ հարց է լուծվում դրա դիմաց:

Օրինակ` Վարդենիս-Երեւան ուղեւորափոխադրումներն իրականացնում են 12 մեքենաներ, որոնցից հազիվ թե 10-ը աշխատեն օրվա մեջ:«Արդյոք 10 մեքենայի արգելքով բեռնաթափվելո՞ւ են մայրաքաղաքի փողոցները»,- հետաքրքրվեց պատգամավորը: Ապա կոչ արեց քաղաքապետին ապահովել «Հյուսիսային» ավտոկայանից դեպի Երեւան բնակիչների անվճար տեղափոխությունը` մեծ ուղեբեռների հարմարավետ տեղափոխման հնարավորությամբ: Պատգամավորը հույս հայտնեց նաեւ, որ խնդիրը կլուծվի փոխընկալելի տարբերակով, եւ մարդիկ ստիպված չեն լինի մայրուղին փակելով հարց բարձրաձայնել ու լուծել:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորի ահազանգի հետքերով դիմեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Այս պաշտոնյան էլ իր հերթին ընդգծեց քաղաքի ծանրաբեռնվածության խնդիրը:

««Կա «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված, որտեղ ասվում է, որ Երեւան ներս մտնելու դեպքում պետք է համաձայնեցվի Երեւանի քաղաքապետարանի հետ: Եւ կա Կառավարության որոշում, որտեղ ասվում է, որ շրջաններից եկող երթուղիները պետք է իրենց երթուղին ավարտեն առաջիկա ավտոկայանում: Այսինքն` եթե վարդենիսցին գա, պետք է քաղաքը կտրի, գնա «Կիլիկիա» ավտոկայան, գյումրեցին գա, քաղաքը կտրի գնա «Հյուսիսային» ավտոկայան, մյուսը`«Հարավային» ավտոկայան.Դուք պատկերացնո՞ւմ եք էս քաղաքի ծանրաբեռնվածությունը: Յուրաքանչյուր մարդ` 10-15 մեքենա, դա կլինի հարյուրավոր մեքենա: Կա օրենք, որով պետք է մենք ուղղորդվենք: Այսօր մեքենան Էջմիածնից գալիս եւ գնում է Պոլիտեխնիկի մոտ կանգնում. դա խանգարո՞ւմ է երթեւեկությանը, թե՞ ոչ: Դուք երբեւիցե նկատե՞լ եք դա»,- վրդովվեց Նավասարդյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` եթե ուղեւորափոխադրողները հրաժարվում են երթուղին սկսել «Հյուսիսային» ավտոկայանից, ինչ է անելու քաղաքապետարանը, Հենրիկ Նավասարդյանն արձագանքեց. «Ես չեմ անելու, թող Տրանսպորտի նախարարությունը մտածի, թե ինչ պետք է անի: Եթե մեկը խռովի, ասի` ես չեմ գնալու, վաղը մյուս օրը կիրովականցին կխռովի, կասի` ես էլ չեմ գնալու: Երեւան-Արտաշատ երթուղին ժամանակին գալիս էր, «Կինո Ռոսիա»-ի մոտ էր կանգնում, եւ ես 2012 թվականին մոնիթորինգ արեցի, պարզվեց Տիգրան Մեծ պողոտայով մեկ ժամվա ընթացքում 360 մեքենա էր անցնում:

Բոլորը գալիս էին «Ռոսիա»-ի մոտ էին կանգնում»: Ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից փոխանցեցին հետեւյալը. «Երեւանում անցնող երթուղիների ուղեգիծը համաձայնեցվում է եւ հաստատվում Երեւանի քաղաքապետարանի կողմից`հաշվի առնելով տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածությունը»: Այսինքն`ներում-բեկում չկա: Ավելին, եթե Վարդենիս-Երեւան ուղեւորափախոդրումը շարունակվի «Կիլիկիա» ավտոկայանից, ապա տրանսպորտի տեսչական մարմինն իրավունք ունի վարչական ներգործության միջոցներ կիրառել:

Նկատենք, որ խնդիրը ոչ միայն Գեղարքունիքի մարզի կամ Վարդենիս քաղաքի բնակիչներին է վերաբերում, այլ բոլոր մարզերի: Այսուհետ Երեւան գալը դառնալու է խնդիր բոլոր մարզաբնակների համար: Երեւանի Կենտրոնն անձեռնամխելի է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս