«Սա ավտոկայարան է եւ վերջ». կռվախնձոր իշխանական կուսակցությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքի ավտոկայանի տարածքը դարձել է կռվախնձոր իշխանական կուսակցության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոյմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից մոտ 3 ամիս առաջ վարձակալությամբ ձեռք է բերել Նոյեմբերյանի ավոտոկայարանի շենքի տարածքը, վերանորոգել այն:

Հ. Բեգլարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այդ տարածքում աղտեղություն, հակասանիտարական վիճակ էր, ավտոկայարանի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքվել, ինքն ամեն ամիս վարձակալության գումար է մուծում 24 քառակուսի մետր մակերեսով տարածքի համար, 3 միլիոն դրամ ծախս է կատարել տարածքի նորոգման, տանիքը կառուցապատելու համար,սակայն «Հայավտոկայարան» ՓԲԸ իրավաբան Արթուր Օհանյանը շարունակում է դժգոհել իրավիճակից:

Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Նոյեմբերյանից սկիզբ առնող երթուղիների սեփականատերերը իրենց ընկերության հետ ավտոկայարանի տարածքն օգտագործելու վերաբերյալ պայմանագրեր չեն կնքել, սպասարկման վարձ չեն մուծում, քանի որ ավտոկայան, որպես այդպիսին, չի գործում Նոյեմբերյանում:

«Հայավտոկայարան» ՓԲԸ վարչատնտեսական բաժնի պետ Միհրան Ղամբարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ տարածքի վարձակալության վերաբերյալ առաջարկ է ստացել 2 անձանցից` Հայկանուշ Բեգլարյանից եւ Նոյեմբերյանի մեկ այլ բնակչուհուց` Լիլիթ Գասպարյանից. նրանց առաջարկի պայմանները իրենց բավարարել են, իրենք վարձակալության պայմանագիր են կնքել նրանց հետ, վերանորոգումից հետո Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքի մի մասը ծառայելու է որպես ավտոկայարան: Սակայն դա չի կատարվել, վերանորոգված տարածքում Հ. Բեգլարյանը դարակներ է տեղադրել, որպեսզի հագուստի խանութ գործարկի: Նոյեմբերյանի ավտոկայարանի շենքի ճակատից հեռացվել է ավտոկայարանի ցուցանակը:

Նոյեմբերյան քաղաքի եւ հարեւան գյուղերի բնակիչներն այսօր դժգոհում են, որ ավտոկայարանի սպասասրահն այլեւս չկա, ամառվա շոգին եւ տեղումների ժամանակ ուղեւորները պատսպարվելու տեղ չունեն: Բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք: Ավտոկայանի տարածքի վարձակալները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ պայմանները:

Եւ այս իրավիճակը դժգոհություն է հասունացրել նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոյեմբերյանի կազմակերպության ակտիվիստ Սուրեն Անանյանը Նոյեմբերյանի շատ բնակիչների հետ նախաձեռնել է Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքը որպես ավտոկայարան պահպանելու շարժում: Նրանք 2 անգամ ավտոկայարանի վերանորոգված շենքի ճակատին փակցրել են «Սա ավտոկայարան է եւ վերջ» գրառումով պաստառներ:

Սակայն մեկ այլ ՔՊ-ական Հայկանուշ Բեգլարյանի կողմնակիցները պոկել են այդ պաստառները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Սուրեն Անանյանի հետ, որը հայտնեց. «Իմ տեսակետն անփոփոխ է: Նոյեմբերյանի ավտոկայանում պետք է գործի սպասասրահ»: Մեր հարցին` արդյոք ՔՊ-ում տեղյակ են խնդրի մասին, պատասխանեց. «ՔՊ-ում տեղյակ են, սակայն չեն միջամտում»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս