Ինչու է Նիկոլ Փաշինյանն իշխանության վերնախավին հրավիրել Ծաղկաձոր. մանրամասներ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր շարունակ շրջանառվող տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, հայրենի կառավարության եւ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների միջեւ փոխհարաբերություններում «արշալույսները խաղաղ չեն»: Իրավիճակն ավելի է լարվել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի հանքի շահագործման հարցում իշխանությունների ներսում տարբեր դիրքորոշումներ կան, ավելին` շատերը կողմ չեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշման հետ, որ հանքը կարելի է շահագործել: Մեր տեղեկությունների համաձայն` դա է եղել պատճառը, որ Ն. Փաշինյանը իշխանության վերնախավին շաբաթ օրը հրավիրել է Ծաղկաձոր՝ հարցը քննարկելու համար:

Տեղեկացանք, որ հայրենի կառավարության գրեթե բոլոր անդամները ներկա են գտնվել հանդիպմանը` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ այլք:

Հայրենի խորհրդարանից ներկա են եղել ԱԺ տարբեր հանձնաժողովի ղեկավարներ ու անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Փաշինյանը փորձել է ներկաներից պարզել իրենց տրամադրվածությունները ու բացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել: Ըստ մեր տեղեկությունների` Ն. Փաշինյանը հայտարարել է, որ շատ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որեւէ քայլ չարեցին այդ հարցում իրեն աջակցելու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ողջ օրվա ընթացքում փորձեց զրուցել այն անձանց հետ, ովքեր ներկա են գտնվել Ծաղկաձորում կայացած քննարկմանը, սակայն ոչ ոք չէր ցանկանում հանդիպման վերաբերյալ զրուցել: Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետախոսազանգին էլ պատասխանեց իր օգնականը` հայտարարելով, թե երբ հարմար լինի, իրենք կզանգահարեն:
Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս վերջնական դիրքորոշում չի ներկայացրել:

-Պարո՛ն Բոշյան, ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր խմբակցությունը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում իմքայլականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այդ հարցում իրեն մենակ եք թողել: Կա՞ իրականում նման բան:

-Ընդհանուր հանդիպում է եղել, որի ժամանակ շոշափվել է Ամուլսարի հանքի հետ կապված հարցը: Ծաղկաձորի հանդիպումից ես տեղեկացված չեմ, ընդհանուր հանդիպում է եղել գրասենյակում, որտեղ տարբեր հարցեր ենք քննարկել: Իսկ այդ հարցում օգնելու կամ դժգոհելու բան չկա, այնպես չէ, որ Ամուլսարի հանքի հետ կապված վերջնական եւ վճռական վիճակ է: Հստակ արձանագրվել է, որ որոշում կկայացվի, Ջերմուկում ՀՀ վարչապետն արդեն հայտարարեց, որ ինչ է կատարվում իրականում: Վարչապետը չի ասել` հանքը բացվելու է կամ չի բացվելու: Ընդամենը արձանագրվել է, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, ու այն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, եւ փորձագետների հետ հանդիպում կլինի: Իսկ այդ հանդիպման ժամանակ պետք է իրենք մեկնաբանեն, թե իրենք ինչ են ի նկատի ունեցել: Այսինքն` այն, ինչ վարչապետը Ջերմուկում հրապարակային հայտարարել է, դա է, ուրիշ որեւէ բան չկա:

-Բայց իշխանության ներսում տարաձայնություններ կան, որը չի թաքցրել անգամ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

-Դրանք նորմալ գործընթացներ են, դրանք ոչ թե տարաձայնություններ են, այլ մոտեցումների տարբերություն, հարցին տարբեր պրիզմայով նայելու պրոցես է, ու ինքը շատ նորմալ պրոցես է: Այնպես չէ, որ խմբակցությունը սեւով սպիտակով արձանագրել է իր վերջնական դիրքորոշումը: Երբ որ բոլոր հարցերի պատասխանները կլինեն, կարծում եմ` խմբակցությունը նույնպես իր միասնական դիրքորոշումը կարտահայտի այս հարցի վերաբերյալ:

-Մեր տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետը հանդիպման ժամանակ դժգոհել է ձեր խմբակցության աշխատանքներից` նշելով, որ որեւէ կերպ խորհրդարանականները չեն աջակցում իրեն:

-Չէ, չէ, նման բան չի եղել: Ամեն ինչ նորմալ է: Մենք աշխատանքային բնականոն փուլ ենք մտնում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս