«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատի ՀՅԴ-ական նախկին փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, աշխատելով որպես ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ, Շվեյցարիայում բնակվող քրոջը՝ Վալյա Բաբայանին ՀՀ վերադարձնելու նպատակով օգտագործել է իր պաշտոնեական դիրքը: Նախաքննական մարմինը պարզել է, որ Արարատի մարզպետի տեղակալը 2018թ. սեպտեմբերի 26-ին իր աշխատասենյակ է հրավիրել «Ազատավան ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանին եւ հորդորելու եղանակով դրդել է տալ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք, թե, իբր, ՀՀ-ում բնակվող իր մյուս քույր Սուսաննա Բաբայանն ունի առողջական խնդիրներ:
Դրանից հետո Ա. Կարապետյանը Հ. Բաբայանի դրդմամբ, անձնական այլ դրդումներով Սուսաննա Բաբայանի վերաբերյալ կազմել է «Կրծքավանդակի ուռուցք 4-րդ աստիճանի, ծանր ընթացքով որովայնի օրգանների մետաստատիկ ախտահարումով» ախտորոշմամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք եւ այն հանձնել Հայրապետ Բաբայանին:
Այսինքն` Հ. Բաբայանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու համար, որը նախատեսված է ՀՀ քր. օր. 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում): Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերի 3-ին փոխմարզպետ Հ. Բաբայանը առավոտյան աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել. «Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից` հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձեւն ու մեթոդները անընդունելի համարելը»,- նշված էր ՀՀ վարչապետին ուղղված դիմումում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով եւ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել էին ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական 6 նախարարները: Ստացվում է, որ պաշտոնից ազատվելուց հետո նախկին փոխմարզպետները այդքան էլ խաղաղ օրեր չեն ունեցել՝ հայտնվելով իրավապահների ուշադրության կենտրոնում»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում