«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ Արդարադատության նախարարության կողմից հրապարակվելու է «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ռազմավարության մեջ ներկայացված են այն ծրագրերը, որոնքպետք է կատարվեն 2019-2020 եւ 2021-2023 թվականների ընթացքում:
Մասնավորապես, 2019-2020 թվականների ընթացքում ակնկալվում է Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի եւ գործունեության մասին օրենքի մշակում եւ հանձնաժողովի ձեւավորում: Ուսումնասիրելով նախագիծը` պարզ է դառնում, որ 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության եւ դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար ձեւավորվելու է փաստահավաք հանձնաժողով: Սակայն այն չի ունենալու իրավապահ կամ դատական մարմնին բնորոշ գործառույթներ: Փաստահավաք հանձնաժողովն արտադատական, անկախ մարմին է: Հանձնաժողովը ձեւավորվելու է 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից, գործողության ժամկետը երկու տարի է՝ հնարավորություն նախատեսելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով: Հանձնաժողովում ներկայացված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա հանձնաժողովը զեկույցում ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձեւերի, չափերի եւ դրա անհրաժեշտության, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության եւ ուղղությունների վերաբերյալ:
2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կազմված մասնագիտացման սկզբունքով ընտրված անկախ անդամներից, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը եւ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Ընտրական օրենսդրության բարեփոխումն, ի թիվս այլնի, ընդգրկելու է հետեւյալ ուղղությունները.
թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում,
կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմիիջեցում,
կոալիցիաների ձեւավորման կարգի բարեփոխում,
ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում` ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկման ընթացակարգի վերանայում,
ընտրագրավի գումարի չափի վերանայում,
զինծառայողների եւ ազատությունից զրկված անձանց քվեարկության նկատմամբ որեւէ միջամտության բացառում,
ընտրողների ցուցակների կազմման եւ վարման գործընթացի արդյունավետության բարձրացում,
բանավեճի եւ լուսաբանման վերաբերյալ կարգավորումների բարեփոխում,
դիտորդական գործունեությամբ ընտրական գործընթացների վերահսկողության բարեփոխում:
Մյուս փոփոխությունների հիմնական մասը կապված է դատարանների եւ դատավորների գործունեության հետ: Եվ 2020 թվականին նախատեսվում է նաեւ դատավորների աշխատավարձի բարձրացում: Ռազմավարության մեջ նշված է, որներկայումս դատավորներին եւ նրանց աշխատակազմին առաջարկվող վարձատրությունը համարժեք չէ նրանց ծանրաբեռնվածությանը, ինչի հետեւանքով ոչ միայն վտանգվում է դատարանների անաչառությունը, եւ ստեղծվում են կոռուպցիոնռիսկեր, այլեւ առաջատար իրավաբանների համար դատական համակարգը մնում է ոչ գրավիչ: Եվ ներկայացված են նաեւ թվային տվյալներ, ըստորի` Երեւան քաղաքում քաղաքացիական գործերով մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 թվականին կազմել է 632 գործ, այնինչ՝ 2018 թվականին 1290 գործ, իսկ մարզերում2013 թվականին՝ 469 գործ, այնինչ 2018 թվականին` 1447 գործ: Երեւան քաղաքում քրեական գործերով մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռվածությունը 2013 թվականին կազմել է 66 գործ, իսկ 2018 թվականին՝ 81 գործ, մարզերում 2013 թվականին՝ 74 գործ, 2018 թվականին՝ 84 գործ,մինչդեռ 2014 թվականից ի վեր դատավորների պաշտոնային դրույքաչափը փոփոխության չի ենթարկվել:
Արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծում մեծ տեղ է հատկացված նաեւ դատարանների ծանրաբեռնվածության նվազման շուրջ տարվող աշխատանքներին, եւ նախագծում ամրագրված է, որ Հայաստանում գնալով աճում է դատական գործերիթիվը, մինչդեռ դատավորների թվակազմը գրեթե մնում է անփոփոխ: Եվ թվային տվյալները ցույց են տալիս, որ 2013 թվականի ընթացքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 48 540 քաղաքացիական գործ, ապա 2017 թվականին այդ թիվը կազմել է 137 003 գործ, իսկ 2018 թվականին՝ 129 941 քաղաքացիական գործ: Կամ 2013 թվականին ստացվել է 3376 սնանկության գործ, 2017 թվականին՝ 9218, իսկ 2018 թվականին՝ 9326 սնանկության գործ: Եվ իրավիճակը կարգավորելու նպատակով նպատակ կա նաեւ ավելացնել դատավորի թվաքանակը:
Ինչպես արդեն նշեցինք, վերը նշված փոփոխությունները նախատեսված են իրականացնել 2019-2020 թվականներին, սակայն մեծ թվով նախագծեր կան ամրագրված նաեւ 2021-2023 թվականների համար սահմանված: Արդեն այս թվականներին կատարվելու են նախորդ գործողությունների տրամաբանական շարունակումը: Մասնավորապես, նախատեսված է, որ 2021 թվականին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սկսելու է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը` այն ավարտելով 2023 թվականին: Այդ ընթացքում տեղի կունենան նաեւ հանրային քննարկումներ, որիցհետոտեղի կունենա սահմանադրական հանրաքվե: Իսկ, ահա, 1991-2018 թվականին վերաբերող խախտումների վերաբերյալ ուսումնասիրությունները փաստահավաք խումբը պետք է կառավարությանը եւ խորհրդարանին ներկայացնի արդեն 2020 թվականին, որից հետո տեղի կունենա այդ մարդկանց իրավունքների վերականգնումը:
Նաիրա Հովհաննիսյան