ՅՈՒՆԵՍԿՕ-ն կողմնապահ կազմակերպություն է, և Գյումրու հարցում ամենևին էլ ոգևորվել պետք չէ. Արգամ Այվազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները օրերս շրջայց են կատարել Գյումրիում, ուսումնասիրել են պատմական քաղաքի կառույցները, ճարտարապետությունը, հետաքրքրվել են շենքերի սեյսմակայունությամբ։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ իր համար շատ կարեւոր է պատմական շենքերի գնահատումը։ «Մենք սպասել ենք՝ հասկանալով, որ ունենք պատմական քաղաք, պատմական շենքեր, «Կումայրի» արգելոց- թանգարանը։ Գյումրին յուրահատուկ քաղաք է Հայաստանի Հանրապետությունում, կուզենայինք, որ այն` որպես պատմական քաղաք, անպայման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ մտներ։ Ֆրանսիայի դեսպանը, տեսնելով մեր քաղաքը, նույնպես շատ մեծ հակում ունի, որպեսզի այն մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում, դրա համար ձեր այցը շատ ենք կարեւորում»,-շեշտել է Բալասանյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանից հետաքրքրվեց՝ ինչ կտա Հայաստանին այն, որ Գյումրին դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաք:

«Այն կարելի է դրական համարել։ Սակայն խնդիրն այն է, որ Գյումրիում եւ, առհասարակ, Հայաստանում, շատ դժվար է ինչ-որ չափով ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար գործող պահանջները։ Քանզի մեզանում ՝ թե՛ իշխանությունների, թե՛ ժողովրդի մեջ դեռեւս չի ձեւավորվել մեր արժեքների նկատմամբ պահպանություն իրականացնելու հարգանքն ու պատասխանատվությունը։ Այնպես որ, մեր արժեքների պահպանությունը նախեւառաջ պետք է մեր իշխանությունների եւ յուրաքանչյուրիս հոգու ու մտքի պահպանության ցանկերում լինեն»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այնքան էլ լուրջ չպետք է վերաբերվել։ Հայագետի բնորոշմամբ՝ այն կողմնապահ կազմակերպություն է, եւ Գյումրու հարցում ամենեւին էլ ոգեւորվել պետք չէ։

«Հիշեցնեմ, որ այդ կազմակերպությունը մինչեւ այսօր ոչինչ չի արել Նախիջեւանի հայկական ողջ ժառանգությունը 1998-2006թթ. այդ կազմակերպության անդամ Ադրբեջանի կողմից վանդալիզմի ենթարկելու համար, որի ընթացքում իսպառ գետնի երեսից վերացվեց շուրջ 27 հազարի հասնող պատմամշակութային հուշարձան։ Քանզի այդ կազմակերպության նախագահները կաշառվել էին Ադրբեջանի կողմից եւ լլկվել են մինչեւ օրս։ Իսկ Հայաստանն էլ իր հերթին մոռացության է տալիս այս ամենը: Ժողովրդական իմաստուն խոսքով ասած՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»,-եզրափակեց նախիջեւանագետը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս