
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Երևանի Շենգավիթ վարչական տարածքում օգոստոսի 25-ին հնչած կրակոցների հետևանքով Էրեբունի բժշկական կենտրոն է այսօր տեղափոխվել ևս մեկ վիրավոր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Նա նշեց, որ միջադեպի մասնակիցներից մեկին ոտքի հրազենային վնասվածքով այսօր տեղափոխել են Էրեբունի ԲԿ, իսկ մյուս վիրավորը, ով գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում այսօր տեղափոխվել է հիվանդասենյակ:
Միքայել Մանուկյանի խոսքով՝ հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում, այս պահի դրությամբ առողջական վիճակները կայուն են:
Նշենք, որ մահացածը թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանն է եղել։
Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նշենք, որ ձերբակալված անձը «Դոն Կիխոտ» ռեստորանի տնօրենն է:
Լիդա Եղիազարյան