ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմի ժամանակ. սեպտեմբերից կսկսվեն դռնփակ նիստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 4-ին ԱԺ-ում տեղի կունենա 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը: Ըստ մեր տեղեկությունների` բավական երկար ժամանակ է` հանձնաժողովը նիստ չի անցկացրել, ու արդեն որոշվել է սեպտեմբերին ավելի ակտիվ ռեժիմով նիստեր հրավիրել: Նշվում է, որ մեծ ծավալի փաստաթղթղեր է ուսումնասիրել հանձնաժողովը, ու առաջիկայում սկսվելու են դրանց քննարկումն ու տարբեր բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ առաջիկայում արդեն հանձնաժողովի նիստերին են միանալու այն անձինք, ում հանձնաժողովը որոշել է հրավիրել իրենց այդ ծավալուն աշխատանքներում խորհրդատվություն տրամադրելու համար:

Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսին հանձնաժողովում որոշում էր կայացվել սեպտեմբերից փորձագետի կամ խորհրդատուի կարգավիճակով հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկել ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ նախկին բարձրաստիճան զինվորականների: Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ արդեն իսկ հայտնի են այդպիսի անձանց անուններ, ովքեր սեպտեմբերից կներգրավվեն հանձնաժողովի աշխատանքներում` ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Նորատ Տեր-Գրիգորյանց, ՀՀ նախկին ՊՆ Վաղարշակ Հարությունյան, Հայաստանի զինված ուժերի հրետանու հիմնադիր Վլադիմիր Հայրապետյան։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի` ինքը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ` խորհրդատուի կարգավիճակով հետախուզության համակարգի բարձրակարգ մասնագետ եւս հրավիրելու համար:

Ու, ըստ մեր տեղեկությունների, արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում նշված անձինք սկսելու են աշխատել հանձնաժողովի անդամների հետ: Հանձնաժողովի աշխատանքները տեւելու են 6 ամիս, որից հետո նոր պետք է տեղեկություն տրամադրվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Իսկ մինչեւ այդ հանձնաժողովի անդամները լռում են ու հայտարարում, որ դեռեւս որեւէ ինֆորմացիա չեն կարող հրապարակել իրենց աշխատանքների վերաբերյալ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս