ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Խնամատար ընտանիքի կողմից տարեցին նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» նոր նախագիծ է քննարկման դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, ովքեր ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայություններ կմատուցվի իրենց տանը խնամատար ընտանիքի կողմից:
Բայց խնամատար կարող է դառնալ ՀՀ տարածքում մշտապես բնակվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան չունեցող ընտանիքը, եթե ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 100-ը: Այսինքն` խնամատար ամուսինները կարող են լինել 50 տարեկան կամ կամ մեկը` 48 մյուսը` 52 եւ այսպես շարունակ: ստացվում է, որ նախարարությունը նախապատվությունը տվել է բարձր տարիքի անձանց: Ենթադրվում է, որ երիտասարդները չեն կարող օգտվել այս ծրագրից:
Բացի այս, խնամատար ընտանիքը պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան եւ պետք է բնակվի միայնակ տարեցի տանը եւ խնամի նրան: Եթե հավատանք այս ծրագրին, ապա ծառայությունը շահավետ է երկուսի համար. տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը` առանց բնակարանի համար վարձ վճարելու բնակվելու հնարավորություն տարեց տանտիրոջը խնամելու պայմանով: Բայց հույս ունենանք, որ այս ծրագիրը չի մնա որպես զուտ փաստաթուղթ, այլ կյանքի կկոչվի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի եւ ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը: Որպես ծրագրի երաշխավոր` հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը` հանձինս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության: Ի դեպ, այս նախագծի ընդունումից հետո` առաջին տարվա ընթացքում, ծառայություններից կօգտվի առնվազն 50 տարեց, իսկ հետագայում նախտեսվում է, որ այդ թիվը կկրկնապատկվի: Արդյոք տարեցները կվստահեն իրենց բնակարաններում, տներում երկարաժամկետ «հյուրընկալել» այլ ընտանիքի: Սա հարց է, որին պատասխան չկա:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս ձեւաչափը կկիրառվի հիմնականում մեծ քաղաքներում: Ծառայությունը գտնվելու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խիստ հսկողության ներքո:
Սյունէ Համբարձումյան