«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2019-ի առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հանքարդյունահանող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Բայց տարբերությունն այն է, որ հարկատուները ավելացրել են հարկերը:
Նախ` արձանագրենք, որ մեր հանրապետությունում հազար խոշոր հարկատուների մեծ մասը կա՛մ ծխախոտ արտադրողներ են կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրողներ, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցողներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների տասնյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում