«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը «Արցախի ջրային պաշարներն ու ջրամատակարարման առկա խնդիրները» թեմայով հանդես է եկել վերլուծական հոդվածով:
Հոդվածում վեր են հանվել Արցախում առկա ջրային խնդիրներն ու պաշարները, երկրի կլիմայական և աշխարհագրական կառուցվածքը: ԱՀ նախկին վարչապետը գիտական վերլուծությամբ գնահատականներ է տվել ոչ միայն ստեղծված իրավիճակին, այլև կոնկրետ ուղղություններով առաջարկել հիմնավոր լուծումներ: Հոդվածն ամբողջությամբ ստորև՝
Արցախի ջրային պաշարներն ու ջրամատակարարման առկա խնդիրները. վերլուծություն
Տարիներ առաջ գրածս թեկնածուական ատենախոսությունն բովանդակային առումով առնչվում էր Արցախի ջրային ռեսուրսներին (մասնավորապես՝ Սարսանգի ջրամբարին): Այն հաջողությամբ պաշտպանեցի, բայց թեման այնքան խորն ու հետաքրքիր էր, որ շարունակական հետազոտության կարիք ուներ: Հերթական առիթն էլ այս տարի Արցախում ջրամատակարարման (խմելու և ոռոգման առումներով) սուր արտահայտված խնդիրն էր: Պատճառները հասկանալու համար թույլ տվեք որոշակի համադրումներ կատարել:
Ընդհանրապես, ցանկացած տարածքի կլիմայի, ինչպես նաև ջրային հաշվեկշռի տարրերի ձևավորման գործում մթնոլորտային տեղումներն ունեն իրենց դերը: Արցախում և հարակից տարածքներում մթնոլորտային տեղումների ստացիոնար դիտարկումներ սկսվել են դեռևս 1891թ.-ից, իսկ առավել ծավալուն աշխատանք՝ 1925-30թթ.-ից: Դիտարկումներն իրականացվել են 52 օդերևութաբանական կայաններից (որոնցից 21-ը տեղակայված էին Արցախում. ցավոք, ներկայումս մոտ 10-ն են գործում)՝160-2470 մետր բարձրությունների միջակայքում: Արցախի տարածքում մակերևութային և ստորերկրյա ջրերի ձևավորման, շարժման և կուտակման օրինաչափությունները մեծ չափով պայմանավորված են այստեղ տարածված ապարների հատկություններով և ջրաերկրաբանական պայմաններով:
Լեռների գագաթային հատվածներում ջրաերկրաբանական պայմանները մթնոլորտային տեղումների ծծանցման (ֆիլտրացման) համար նպաստավոր չեն, որի պատճառով այստեղ ստորերկրյա ջրերի մեծ կուտակումներ չկան: Ավելին, Արցախի լեռները ունեն միաթեք կառուցվածք (հյուսիս արևմուտքից՝ հարավ արևելք), ուստի ներծծվող ջրերի մեծ մասը խորքային ճանապարհով դուրս է գալիս հանրապետության սահմաններից հիմնականում դեպի Ադրբեջանի տարածք և սնում այնտեղ գտնվող ճնշումային և ոչ ճնշումային ստորերկրյա ջրավազանները:
Այնտեղ, ուր լեռնալանջերը ունեն մեծ թեքություն (հիմնականում այդպես է), մթնոլորտային տեղումները ունեն մեծ հոսք, որը արագությամբ հեռանում է և գրեթե չի մասնակցում ստորերկրյա ջրերի ձևավորմանը (հիմնականում գարնանային վարարումներով): Այդ պատճառով շատ աղբյուրներ հատկապես ամառային շրջանում չորանում են:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել ընթացիկ տարվա ութ ամիսներին: Ներկայացնեմ մթնոլորտային տեղումների միջին բազմատարյա (մոտ ինիսուն տարիների արդյունքով) քանակը ստորև բերված աղյուսակի տեսքով.
Աղյուսակից երևում է, որ այս ամառվա տեղումները հանրապետության տարածքում կազմել են բազմատարյա միջին ցուցանիշի 5-30 %-ը: Բազմատարյա տեղումների միջին քանակից զգալիորեն նվազել է նաև անցած 8 ամիսների տեղումների քանակը: Ու սա է ներկայումս առկա ջրի սակավության հիմնական պատճառը: Իսկ տեղումներն Արցախում հիմնականում կապված են արկտիկական և բարեխառն օդային զանգվածներից գոյացած ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետ (և այն որևէ կապ չունի Սևանա ջրի մակարդակի, ՀԷԿ-երի գործունեության և այլ գործոնների հետ):
Իսկ հիմա ներկայացնեմ մի քանի հետաքրքիր ցուցանիշներ Թարթառ գետի ջրագրությունից:
Վերջին 90 տարվա արդյունքներով՝ Թարթառ գետի բազմատարյա տարեկան հոսքը Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի մոտ կազմել է 15,3 մ/խ: Իսկ 1996թ.-ից սկսած՝ վերջին 22 տարիների ընթացքում, 15,1 մ/խ: Այսինքն տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Բայց տատանումներ պարբերաբար գրանցվում են, ինչպես, օրինակ, 2001թ.-ին միջին տարեկան հոսքը 8,2 մ/խ էր, 2003թ.-ին՝ 22,5 մ/խ: Ինչը վկայում է տատանումների մեծ տարբերության մասին:
Ինչո՞ւ ներկայացրի հենց այս օրինակը. որպեսզի հաստատենք, որ նման իրավիճակները կրկնվող են: Արցախը ավելի մեծ երաշտներ է տեսել պատմության ընթացքում:
Լուծումներ տալու համար պետք է շարունակենք արդեն իսկ սկսած ինտենսիվ աշխատանքները՝ ավելի մեծ ուշադրության կենտրոնում պահելով արտեզյան ջրհորների, նոր ջրամբարների կառուցումը, Սարսանգի ջրերը Թարթառ գետի աջափնյա հատված տեղափոխումը և, ամենակարևորը, կորուստների նվազեցումը:
Համեմատության համար նշենք, որ Իսրայելը ունի 1,8 մլրդ խ/մ ջրային պաշարներ, 8 մլն բնակիչ և 200 հազ. հեկտար կայուն ոռոգովի տարածք, իսկ միայն Արցախի ջրային ռեսուրսները հասնում են 2,5 մլրդ. խ/մ-ի…
Ստեղծված իրավիճակը պետք է փոխենք միասին՝ հանուն հզորացող հայրենիքի, հանուն մրցունակ տնտեսություն ունեցող Արցախի: Մի խոսքով՝ անելիքները շատ են, բայց հաստատուն է նաև կամքը և ընթացքը դեպի ավելի բարեկեցիկ ապագա: