«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է հայրաքաղաք համարվող Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծել:
Այսպես, ազատ տնտեսական գոտին կստեղծվի Գյումրիի Մարմաշենի խճուղի թիվ 17, Մարմաշենի խճուղի թիվ 19, Մարմաշենի խճուղի թիվ 21, Մարմաշենի խճուղի թիվ 60 եւ Մարմաշենի խճուղի թիվ 66 հասցեներում գտնվող տարածքներում: Կառավարությունը հույս ունի, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման արդյունքում օտարերկրյա ներդրումները կավելանան, բացի այս, նոր աշխատատեղեր կբացվեն: Հիշենք` Կարեն Կարապետյանի կառավարությունը եւս ոգեւորված էր Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ: Երկու տարի է անցել, բայց Մեղրիի ազատ տնտեսական գոտին դեռեւս գործունեություն չի իրականացնում: Թե երբ տնտեսական գործունեություն կծավալի, հայտնի չէ: Հուսանք` Գյումրիի ազատ տնտեսական գոտին եւս չի արժանանա Մեղրիի ԱՏԳ-ի ճակատագրին:
Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս 2009 թվականին հայտարարել էր, որ Գյումրիում ստեղծելու է ազատ տնտեսական գոտի, սակայն նրա խոսքն էլ գործ չդարձավ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ` ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 40 տարի է: Իսկ գոտու կազմակերպիչ կառավարությունն առաջիկայում կճանաչի «Եվրասիական Լոգիստիկ Պարկ ազատ տնտեսական գոտի» ընկերությանը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ազատ տնտեսական գոտում գործունեության ոլորտները կլինեն բազմամյա մշակաբույսերի աճեցում, բերքի մշակում բերքահավաքից հետո, սննդամթերքի, մանագործական արտադրատեսակների, հագուստի, դեղագործական արտադրանքի արտադրություն եւ այլն: