Ինչ ճակատագիր է սպասվում «օրենքով գողերին» և նրանց դիմողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումների կատարելու մասին նախագիծ: Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել օրենքով գողի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար: Նախագծով խրախուսական նորմ է սահմանված այն անձանց համար, ովքեր կօգնեն բացահայտել նման խմբավորումներ:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը,- նշել է նախարարը և հավելել, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել.

ա. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու համար.

բ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) կամ 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները.

գ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար՝ միաժամանակ նախատեսելով խրախուսական նորմ առ այն, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.

դ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար:

Առաջարկվում է որպես որակյալ հանցակազմեր նախատեսել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, որոնք կատարվել են.

ա. քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

բ. պաշտոնեական դիրքն օգտագործելով,

գ. զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

դ. անչափահասի ներգրավմամբ,

ե. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից:

Հաշվի առնելով միջազգային փորձը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ տրվել են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունների մեկնաբանությունները՝ այդպիսով ապահովելով նշված հասկացությունների բովանդակության կանխատեսելիությունը և բացառելով իրավական որոշակիության սկզբունքի խախտման հնարավորությունը:

Վարչապետ Փաշինյանի խոսքերով, կարող է հարց առաջանալ, թե ինչու է պատիժ սահմանվում օրենքով գողի, կամ քրեական հեղինակության համար. «Հարցը ունի կոնկրետ պատասխան: Այդ կարգավիճակը պրակտիկայում նշանակում է, որ այդ մարդը պրոֆեսիոնալ ձևով զբաղված է հանցագործություններ կազմակերպելով: Դա աշխատանք է: Բերեմ ցայտուն օրինակ: Ենթադրենք ինչ-որ մեկը քաղաքացիական կյանքում ուզում է ինչ-որ մեկին թալանել: Նա գնում դիմում է նման կարգավիճակ ունեցող մարդու ու վերջինիս միջոցով կազմակերպվում է ամեն ինչ:

Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ սխոդկաների, օբշյագների հետ առնչություն ունեցող մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է: Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց պետք է ուղարկել իրենց տուն ապրելու»:

 




Լրահոս