«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշանակման օրվանից «լծվել» է նախարարությունում կադրային փոփոխություններին: Ըստ մեր տեղեկությունների` վերջերս նախարարը աշխատանքից ազատել է նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանին ու այդ պարտականություններն այժմ իր աշխատանքին զուգահեռ կատարում է նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Ստեփան Մաչյանը: Ինչո՞ւ նա. ըստ մեր տեղեկությունների` Ս. Մաչյանը Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է` տագրը:
Մեր տեղեկությունների համաձայն` նախարարը իր ղեկավարած գերատեսչությունում կադրերին փոխարինում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներով, որը ստեղծել ու ղեկավարել է Բաթոյանը նախկինում: Ըստ նախարարությունում շրջանառվող տեղեկությունների` գրեթե անհնար է Բաթոյանի հետ որեւէ հարց քննարկել, խոսել կամ հանդիպել, քանի որ նախարարը շփվում է բացառապես նախարարության մի քանի պաշտոնյաների հետ, մնացածները մերժված են:
Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը խնդրեց հարցերն ուղղել գրավոր: Այդպես էլ վարվեցինք:
Մեր հարցին, թե նախարարն ինչու է իր բարեկամին երկու պաշտոնի նշանակել, մեզ պատասխանել են. «2019 թվականի հունիսի 5-ին Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնում նախարարի հրամանով նշանակվել է Ստեփան Մաչյանը:
2019 թվականի հունիսի 6-ին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ վարչապետի համաձայնեցմանն է ներկայացվել առաջարկություն` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Մաչյանին վերապահել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները: 2019 թվականի հունիսի 7-ի պատասխան գրությամբ ստացվել է համաձայնություն:
Հայտնում եմ, որ Ստեփան Մաչյանի հետ ունենք խնամիական հարաբերություններ: Պարոն Մաչյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, չի կարող դիտարկվել որպես փոխկապակցված անձ»:
Իսկ մեր հարցմանը, թե նախարարը աշխատակիցների հետ չի շփվում եւ գրեթե բոլոր պաշտոններում նշանակել է իր մտերիմներին, ովքեր նախկինում աշխատել են իր ղեկավարած ՀԿ-ում, մամուլի խոսնակը պատասխանել է մեկ բառով` «Ոչ»:
Սոնա Գրիգորյան