Ապրիլի 5-ին կրակոցներ էին հնչել Երեւանում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել էին հրազենից արձակված 2 գնդակ:
Պարզվել էր, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը, որն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հրամանատար: Ավելին` ըստ ականատեսների` հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, որը տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՆ հրամանատարի վրա կրակողը եղել է վերջինիս վարորդը: Հրամանատարն աշխատանքից ազատել է իր վարորդին, վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել հրամանատարի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել. կալանավորված պայմանագրային զինծառայողն իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ այդ քայլին չի գնացել նրա համար, որ իրեն ազատել են աշխատանքից, այլ որ իրեն հունից հանել է հրամանատարի պահվածքը:
«Ինչեր ասես, որ չի անում»,- անկեղծացել է նա ու հավելել, որ ազատվելով աշխատանքից` որոշել է հաշվեհարդար տեսնել, որ գոնե մեկը զսպի հրամանատարի անօրինական գործողությունները:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելու) հատկանիշներով: 4 ամիս անց այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը մտել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Հայտնի է, որ հրամանատարի վարորդը եղել է Հարություն Սարգսյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք բերած եւ ապօրինի կերպով պահած, ռազմամթերք հանդիսացող 7,6 մմ տրամաչափի 7 փամփուշտով լիցքավորված, նախկին ԽՍՀՄ 1941թ. գործարանային արտադրության «Նագան» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող թմբուկավոր ատրճանակով երկու կրակոց արձակելու եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ սպանությամբ կյանքից զրկել Ջոնի Սամսոնյանին` կապված վերջինիս կողմից իր ծառայողական գործունեության հետ, սակայն հանդիպել է տուժողի դիմադրությանը եւ հանցանքն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով:
Հրամանատարին սպանելու փորձով գործը քննելու է ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:
Քնար Մանուկյան