ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արշալույսները խաղաղ չեն դատական համակարգում. միակ թեկնածուն կհամաձայնի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արշալույսները խաղաղ չեն դատական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու դառնալու հավակնություն ունի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը: Սակայն հիմա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան` դատավոր Ռուզաննա Հակոբյանը հրաժարվել է հետ վերադառնալ ԲԴԽ:

Հիշեցնենք, որ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: Եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւ դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ. թեկնածուներ չունեն: Բանն այն է, որ 2018թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը դարձավ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ` հրաժարվելով ԲԴԽ անդամ լինելուց:

2018 թվականի նոյեմբերի 8-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի նիստ, որտեղ ԲԴԽ անդամ դառնալու համար կռիվ էին տալիս երեք դատավոր` Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը: ԲԴԽ անդամ ընտրվեց Նախշուն Տավարացյանը, սակայն դատավորները չհաշտվեցին այդ հանգամանքի հետ, մեծ աղմուկ բարձրացրին, ու Տավարացյանը հրաժարական տվեց:

9 ամիս անց ԲԴԽ անդամների շուրջ նոր կրքեր հասունացան: Մայիսի 20-ին` ՀՀ վարչապետի կողմից դատական համակարգում ստեղծված իրավիճակի մասով հայտարարությունից հետո, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, եւ նրա հետեւից ԲԴԽ որոշ անդամներ եւս հեռացան:

Սկսվեց հերթական անգամ ԲԴԽ անդամ ընտրելու գործընթացը, եւ իրավիճակի փոփոխությունների արդյունքում Նախշուն Տավարացյանը որոշեց երդվել ու դառնալ ԲԴԽ անդամ, բայց այստեղ էլ թացը խառնվեց չորի հետ, ու սկսվեց Նախշուն Տավարացյանին քարկոծելու գործընթացը: ԲԴԽ գիտնական 3 անդամներ բարձրացրին նրա հրաժարականի հարցը, որը մերժվեց: Սակայն Նախշուն Տավարացյանը «կուլ չտվեց» իր հասցեին հնչած վիրավորանքները եւ որոշեց հրաժարական տալ:

Եւ մինչ օրս ԲԴԽ դատավոր անդամի տեղը շարունակում է թափուր մնալ: Բանն այն է, որ, համաձայն Դատական օրենսգրքի, ԲԴԽ կազմում գենդերային հարցը, ինչպես նաեւ վարչական մասնագիտացում ունենալու հիմքը հաշվի առնելով, ԲԴԽ անդամ կարող է դառնալ միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, եթե նա չորոշի ինքնաբացարկ հայտնել: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նա ներքին կարգով հայտնել է, որ հրաժարվելու է ԲԴԽ անդամության թեկնածու լինել:

Իհարկե, մենք փորձեցինք դատավորից ճշտել լուրերի իսկությունը, սակայն նա չպատասխանեց հեռախոսազանգերին: Ու դատական համակարգում նոր թեկնածուի փնտրտուք է: Ըստ էության, պալատի բոլոր դատավորները ցուցակում կընդգրկվեն, նրանցից որոշները, բնականաբար, ինքնաբացարկ կհայտնեն, եւ մրցակցությունը կծավալվի հետեւյալ դատավորների միջեւ` Գոռ Հակոբյան, Վարդան Ավանեսյան, Ստեփան Միքայելյան, Տիգրան Պետրոսյան, Սուրեն Անտոնյան, Մամիկոն Դրմեյան:

Այս իրավիճակին զուգահեռ ԲԴԽ անդամի փնտրտուքի մեջ են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, որպեսզի նրանք էլ ԲԴԽ-ն գիտնական անդամով համալրեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` արդեն մի քանի թեկնածուների առաջարկվել է, որոնք մերժել են: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 9-ին մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը, որտեղ գլխավոր թեմաներից է լինելու ԲԴԽ անդամի հարցը: Բանն այն է, որ ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի խայտառակ ընտրությունից հետո շատերը, ում առաջարկվել է, չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ։ Ասել է թե` ԲԴԽ կազմը համալրելու համար ինչպես դատական համակարգում, այնպես էլ Ազգային ժողովում կանգնել են փաստի առաջ:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանին է առաջարկվել դառնալ ԲԴԽ գիտնական անդամ: Հետաքրքիր է` նա կհամաձայնի, թե ոչ:

Քնար Մանուկյան




Լրահոս