Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկՆ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Ինչպես նախորդ տարi, այնպես էլ 2019-ի առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հանքարդյունահանող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Բայց տարբերությունն այն է, որ հարկատուները ավելացրել են հարկերը:
Նախ` արձանագրենք, որ մեր հանրապետությունում հազար խոշոր հարկատուների մեծ մասը կա՛մ ծխախոտ արտադրողներ են կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրողներ, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցողներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների տասնյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում:
Այսինքն` մեր երկրում այդպես էլ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը չի զարգանում, հակառակը` ընկերություններ կան, որոնք, չդիմանալով ֆինանսական բեռին, սնանկ են ճանաչվում: Այսպես, կարելի է արաձանագրել, որ Հայաստանի տնտեսության վրա իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, որոնք կա՛մ բենզին են ներկրում, կա՛մ ծխախոտ են արտադրում, կա՛մ պղինձ են արդյունահանում:
Այստեղ տեղին է հիշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք նա ուղիղ մեկ տարի առաջ մի առիթով ասաց. «Այսօր հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է: Եվ մեր կառավարությունը բազմիցս արձանագրել է, որ դա որեւէ կերպ չի կարող ընդունելի համարվել: Մեր կառավարության կարեւոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի այդ մոդելը»: Բայց այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկի առաջատարը դարձյալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությամբ է զբաղվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը վճարել է 29 մլրդ 504 մլն դրամ հարկ ու տուրք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը եւս ցանկի առաջատարն է եղել` վճարած 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամով: Բայց նկատենք, խոշոր հանքարդյունաբերողն ավելի քան 4 մլրդ 862 մլն դրամով ավելացրել է հարկերը:
բ. Հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ տեղում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի կատարած հարկային վճարումները կազմել են 28 մլրդ 281 մլն 404 հազար դրամ: Ծխախոտ արտադրողը, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, 11 մլրդ 581 մլն դրամով ավելացրել է հարկերը: Ակնհայտ է, որ ծխախոտ արտադրող ընկերություններ հարկային վճարումներն ավելացրել են հատկապես արտահանման ծավալների ավելացման հաշվին:
գ. Ծխախոտ արտադրողին հաջորդում է ծառայություն մատուցող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Նախորդ ընկերությունների նման «Գազպրոմ Արմենիա»-ն եւս զգալի ավելացրել է հարկերը. եթե այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 22 մլրդ 794 մլն դրամի հարկային վճարում, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ վճարումներները կազմել են 20 մլրդ 736 մլն դրամ:
դ. Ցանկի չորրորդ հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է` 9 մլրդ 455 մլն դրամ հարկ ու տուրքով: Նկատենք, որ այս ընկերությունը 2018 թվականի առաջին կիսամյակում հազար խոշորների ցանկում զբաղեցրել է 10-րդ տեղը` վճարած 5 մլրդ 839 մլն 461 հազար դրամ հարկով:
ե. Խոշորների ցանկի 5-րդ տեղը գլխավորում է Հայաստանի մյուս հանքարդյունահանող ընկերությունը` «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը, որը պետական բյուջե առաջին կիսամյակում վճարել է 9 մլրդ 127 մլն դրամ հարկ: Այս ընկերությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել է հարկային վճարւմները:
զ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հազար խոշորների ցանկում այս տարվա առաջին կիսամյակում հայտնվել է ցանկի 6-րդ տեղում եւ պետական բյուջե վճարել է 7 մլրդ 793 մլն դրամ հարկ ու տուրք: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը ցանկի 9-րդ տեղում է եղել` 6 մլրդ 518 մլն 918 հազար դրամ հարկային վճարումներով:
է. Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերության համար այս տարի կարծես թե լավ է սկսվել. ընկերությունը ավելացրել է հարկային վճարումները: Այսպես, 2019 թվականի առաջին կիսամյակում հայտնվել է ցանկի 7-րդ տեղում, իսկ պետական բյուջե վճարել է 7 մլրդ 601 մլն դրամ հարկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում 14-րդ տեղում էր` 4 մլրդ 839 մլն 849 հազար դրամ հարկային վճարումներով:
ը. Ցանկի 8-րդ տեղում է «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը` 6 մլրդ 553 մլն դրամով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 731 մլն դրամ հարկ: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է տրիկոտաժե ներքնազգեստի եւ գուլպեղենի մեծածախ առեւտրով:
թ. Ծխախոտի ներկրող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը, հակառակը, նվազեցրել է հարկային վճարումները. եթե անցած տարվա առաջին կիսամյակում ընկերությունը զբաղեցրել է 6-րդ տեղը`վճարելով 8 մլրդ 155 մլն դրամ հարկ ու տուրք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն գտնվել է 9-րդ տեղում եւ կատարել է 5 մլրդ 180 մլն դրամի հարկային վճարումներ:
ժ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացրել է հարկային վճարումները. այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 5 մլրդ 159 մլն դրամի, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2 մլրդ 861 մլն դրամի հարկային վճարումներ:
Սյունէ Համբարձումյան