Բալետի առաջնակարգ պարուհի Ժակլին Սարխոշյանն արդեն երկու տարի է՝ հրաժեշտ է տվել մեծ բեմին, սակայն նա շարունակում է պահել պարարվեստի հետ կապը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ որտեղ է Ժակլինը եւ ինչով է զբաղված:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն հինգ տարի է՝ ինքն ու ամուսինը՝ «Բարեկամություն» պետական անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանը, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում աշխատում են որպես պարուսույց, բեմադրիչ եւ փորձավար: Նրանք դասավանդում են Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում. «Այսինքն՝ չենք կորել ասպարեզից: Այս հինգ տարվա ընթացքում բազմաթիվ ներկայացումներ ենք բեմադրել: Վերջին մեկ տարում, օրինակ, բեմադրել ենք «Մաուգլի»-ն եւ «Մի կաթիլ մեղրը»: Արդեն երկու ամիս է՝ Հայաստանում եմ, եկել եմ հանգստանալու, հարազատներիս տեսնելու: Սեպտեմբերին կրկին կմեկնեմ Լիբանան: Իհարկե, շատ ենք կարոտում մեր հայրենիքը, վեց ամիսը մեկ անգամ այցելում ենք»,-շեշտեց պրիմա պարուհին:
Հարցին, թե ինչու նույն աշխատանքը Հայաստանում չեն անում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեւանում էլ ունեինք պարի դպրոց, բայց Լիբանանի հայ համայնքը մեր կարիքն ունի: Այնտեղ երեխաներն ուսման ծարավ են, շատ գիտելիքներ չունեն պարի ասպարեզից: Մենք նրանց սովորեցնում ենք բալետին վերաբերող նրբություններ, հայկական պարեր, եւ, առհասարակ, սովորեցնում ենք՝ ինչպես մնալ հայ»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք կապը պահում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ. «Այո, իհարկե, պահում եմ կապը:
Թատրոնում ժամանակին բեմադրել եմ «Երազ» բալետային ստեղծագործությունը՝ Թդուարդ Համբարձումյանի երաժշտության ներքո: Այն արդեն խաղացանկում է: Հենց թատրոնում ունենում են իմ կարիքը, սիրով գնում եմ, որպես բեմադրիչ աշխատում եմ նոր սերնդի ներկայացուցիչների հետ»,-եզրափակեց պարուհին:
Աննա Բաբաջանյան