Արդեն 33 տարի է՝ սիրահարված եմ, թրթիռներն, իհարկե, պահպանվել են. Արա Դեղտրիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ, «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր» հեռուստասերիալներից, «Անթրապոլոգիա», «Welcome papa», «Անառակ որդու վերադարձը» եւ հայ-ամերիկյան «Այստեղ» ֆիլմերից հայտնի դերասան Արա Դեղտրիկյանն է, որին հեռուստադիտողները ճանաչում են նաեւ ինքնատիպ ձայնի շնորհիվ. նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր: Նա անդրադարձել է այն սկզբունքներին, որով ապրում է, նշել, թե որն է իր հաջողության գրավականը: Պարոն Դեղտրիկյանը խոստովանել է, որ խուսափում է շփվել տգետ մարդկանց հետ, դիմացինի հետ հարաբերություններում նախընտրում է անկեղծությունը: Դերասանը խոսել է անձնական կյանքի մասին՝ շեշտելով, որ տարիների ընթացքում իր եւ կնոջ սերը վերածվել է խորը մի աշխարհի, որտեղ այր ու կին նայում են միեւնույն ուղղությամբ:

Ո՞վ է Ձեր առաջին հիշողությունների հերոսը:

-Ծնողներս են:

-Շարունակե՛ք միտքը. «Անհնար է անտարբեր անցնել մարդկանց կողքով, որոնք…»

-Առհասարակ, անտարբերությունը լավ բան չէ: Մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես թելադրում է սիրտդ:

-Կա՞ մի պարզ սկզբունք, որը որդեգրել եք ապրելու համար:

-Լինել ազնիվ, պարկեշտ… Երեւի հնացած բաներ եմ ասում… Սրանք կարեւորագույն որակներ են, որոնցով մարդ պետք է առաջնորդվի:

-Այն ամենը, ինչին հասել եք, հասել եք շնորհիվ…

-Իմ աշխատասիրության, նվիրվածության, երեւի ինձ տրված շնորհի: Մասնագիտական առումով միշտ փորձել եմ հղկվել, հասնել պրոֆեսիոնալ բարձր մակարդակի:

-Պետք չէ հավատալ մարդկանց, որոնք…

-Գիտակից, ադեկվատ չեն… Այն մարդկանց կարծիքն եմ հաշվի առնում, որոնց մարդկային տեսակը բարձր եմ համարում:

-Ունե՞ք բնավորության մի գիծ, որի համար մտերիմները միշտ մեղադրում են Ձեզ:

-Չգիտեմ, դա պետք է մտերիմներին հարցնել:

-Ձեր համառությանը կարող է հաղթել միայն…

-Ճիշտն ասած, ես այդքան էլ համառ չեմ (ծիծաղում է):

-Ձեր ամենատարօրինակ սովորությունը ո՞րն է:

-Չգիտեմ… առանձնապես տարօրինակություններ չունեմ:

-Ո՞ր մուլտհերոսին եք նմանեցնում Ձեզ:

-Հստակ չեմ կողմնորոշվում, բայց հաստատ բարի մի հերոսի…

-Ինչի՞ց կամ ումի՞ց կախում ունեք:

-Ոչ մի բանից:

-Հնարավո՞ր է լինել միշտ սիրահարված:

-Այո, իհարկե: Ես արդեն 33 տարի է՝ սիրահարված եմ, ապրում եմ իմ սիրելի կնոջ հետ (նրա կինը քաղաքական գործիչ Կարինե Աճեմյանն է-հեղ.): Սերը միշտ մնում է, պարզապես տարիների ընթացքում վերածվում է խորը մի աշխարհի, որտեղ այր ու կին նայում են միեւնույն ուղղությամբ, իսկ թրթիռներն իհարկե մնում են, հասնում անբացատրելի մի ստադիայի…

-Ո՞րն է աշխարհի ամենալավ տեղը:

-Իմ տունը: Դա այն տեղն է, որտեղ ինձ զգում եմ հանգիստ, հասկացված եւ կարոտում եմ, ուր էլ որ լինեմ, իսկ, ընդհանրապես, աշխարհում շատ գեղեցիկ վայրեր կան, որտեղ կուզեի էլի ու էլի լինել: Շատ եմ սիրում հատկապես ծովափնյա գեղեցիկ քաղաքներ:

-Ձեզ միշտ ոգեշնչել են այն մարդկանց պատմությունները, որոնք…

-Որոնք խելացի են, խորաթափանց, որոնց կյանքն անցել է շատ հետաքրքիր…

-Ձեզ երբեմն վախեցնում են մարդիկ, որոնք…

-Տգետ են: Տգիտությունը մարդկային արատներից ամենասարսափելին է:

-Կյանքն անտանելի կլիներ՝ առանց…

-Սիրո, ընտանիքի:

-Ձեր կյանքի ամենադժվարին փուլը ո՞րն եք համարում:

-Ամեն ժամանակահատված իր դժվարություններն ունի: Համենայնդեպս այդ փուլերը կարծես թե հաղթահարել եմ եւ դրանցից դուրս եմ եկել պատվով:

-Դիմացինի հետ նախընտրում եք խոսել ակնարկներո՞վ, թե՞ բաց տեքստով:

-Միշտ նախընտրում եմ անկեղծությունը: Նախընտրում եմ շփվել հասկացող մարդկանց հետ, որոնք իրենց աշխարհայացքով նման են ինձ:

-Եվ վերջին հարցը՝ ինչու՞ համաձայնեցիք մեզ հարցազրույց տալ:

-Որովհետեւ նախապես ասացիք Ձեր հարցերի շրջանակը, հետաքրքրեց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս