Ախալքալաքցի պատգամավորները միջնորդել են խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի ազատման համար․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը, մեր տեղեկություններով, խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի՝ Ակակի Տոնոյանին, կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել։

Բայց պարզվում է՝ երիտասարդը բավականին տխուր միջադեպի հերոսներից է․ նա եւ իր տասը ընկերները մոտ մեկ ամիս առաջ ջարդուխուրդ են արել մեկ այլ երիտասարդի, ու հիմա խուլիգանության հոդվածով քրեական գործ է քննվում։ Երիտասարդի եւ պատգամավորների առնչության մասին էլ ասացին, որ մեղադրյալն ախալքալաքցի է՝ Շիրակ Թորոսյանի հայրենակիցը։

Թորոսյանը չհերքեց միջնորդության փաստը. «Այո, ներկայացրել եմ, որովհետեւ ինքը ջավախքեցի տղա է, երիտասարդ: Ինչպես գրեթե բոլոր ջավախքեցիները միշտ կռվի մեջ են ընկնում, ես էլ ուսանող ժամանակ նման բաների միջով շատ եմ անցել ու շատ լավ հասկանում եմ իրեն»:

Բայց խուլիգանության հոդված է երիտասարդի վրա։ «Խուլիգանություն ասածը կռիվն է, ո՛չ գողություն է արել, ո՛չ հանցագործություն, շարքային ծեծկռտուք է եղել: Մանրամասներ չգիտեմ, բայց սովորաբար ախալքալաքցիները տասը հոգու չեն ծեծում»: Թորոսյանը շեշտեց, որ ինքը չի էլ ճանաչում տղային, ծնողներն են իրեն խնդրել՝ որպես ջավախեցի պատգամավոր, ինքն էլ իր պարտքն է համարել օգնել տղային: Ասաց նաեւ, որ Փամբուխչյանն էլ արմատներով ջավախեցի է, դրա համար համատեղ են միջնորդել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս