«Մասկի շոու» Իջևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի` «6-րդ» վարչության աշխատակիցները ներկայացել են Իջեւանի «Գայանե», այժմ` «Իջեւան» համատիրության ղեկավար Սիրակ Աղասարյանին եւ նրանից պահանջել համատիրության գործունեության վերաբերյալ փաստաթղթերը` սկսած 2011թ. մինչեւ հիմա, նաեւ ցանկացել նրանից բացատրություն վերցնել:

Ս. Աղասարյանը նրանց ասել է` եթե համատիրության վերաբերյալ հարուցված քրեական գործ չկա, ինքը չի կարող փաստաթղթեր տրամադրել եւ բացատրություն տալ: Դրանից հետո ոստիկանության Իջեւանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանն է գրություն ուղարկել Ս. Աղասարյանին` պահանջելով տրամադրել վերոհիշյալ փաստաթղթերը:

Օգոստոսի 29-ի առավոտյան ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները Իջեւանի բաժնի աշխատողների հետ, ունենալով խուզարկություն կատարելու համար Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի տված վճիռը, մտել են Իջեւանի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում գտնվող համատիրության տարածք: Ոստիկանների թիվը եղել է մոտ 40, նրանցից 7-8-ը եղել են սեւազգեստ, դիմակավորված, ինքնաձիգներով:

Նրանք մոտ կես ժամ արգելել են Իջեւանի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում տեղակայված համատիրության գրասենյակի հարեւանությամբ գտնվող Իջեւանի կոմունալ հիմնարկության աշխատողներին մտնել իրենց աշխատավայր` ասելով, որ իրենք ոստիկանական գործողություն են կատարում, դրա համար տարածքը շրջափակել են: Իջեւանի քաղաքապետարանի աշխատողները, երկյուղելով կատարվածից, այդ ժամանակ մտել են քաղաքապետարանի մոտակա սրճարաններ` վախենալով բարձրանալ քաղաքապետարանի շենք:

Ոստիկանները Իջեւանի փրկարար ծառայությունից բերված հատուկ տեխնիկայով սղոցել-կտրել են համատիրության չհրկիզվող սեյֆը։ Համատիրության տարածքի խուզարկության ժամանակ Սիրակ Աղասարյանը այդտեղ չի գտնվել: Լուրջ հիվանդությամբ տառապող Ս. Աղասարյանի մոտ առողջական վիճակի վատթարացում է եղել, նա գտնվում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Իջեւանում տարածված կարծիք կա, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը եւ Իջեւանի համատիրությունում կատարվող խուզարկությունը ներկայումս իրականացնելը կարող են կապված լինել Իջեւանի քաղաքապետի` դեկտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների հետ, որպեսզի 2011 թվականից Իջեւանը ղեկավարող Վարդան Ղալումյանը այդ ընտրություններում չառաջադրի իր թեկնածությունը: Խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնում ուզում է տեսնել իր կնքահորը` Հայկ Ղալումյանին, որը զբաղեցնում է «Հայէկոնոնոմբանկի» Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: Նրա եղբայրը` Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանը, ԱԺ պատգամավոր է: Շրջանառվում են նաեւ Իջեւանի քաղաքապետի 2 այլ թեկնածուի անուններ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս