Լուրջ փոփոխություններ Ջրային օրենսգրքում. կստեղծվի դրամագլուխ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ջրային օրենսգրքում առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունն առաջարկում է անցնել ջրային ռեսուրսների ջրավազանային կառավարման սկզբունքին: Այդ մարմնի հիմնական գործառույթներից պետք է լինեն իրենց տարածքում գործող ջրօգտագործողների փաստացի գործունեության ուսումնասիրությունը եւ համադրումը` ըստ ջրօգտագործման թույլտվության պահանջների:

Բացի այս, կբացահայտվեն ապօրինի ջրօգտագործողներն ու կբերվեն իրավական դաշտ: Ի դեպ, նախարարությունը նախատեսում է ստեղծել ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատյան դաշտում գործում է շուրջ 120 ձկնաբուծարան: Տեղեկացնենք, որ 2010 թվականից, երբ Արարատյան դաշտում սկսեցին ձկնաբուծությամբ զբաղվել, դրա արդյունքում արտեզյան ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը նվազեց: Այսինքն` ստորերկրյա ջրերը գերշահագործվեցին: Ըստ շրջակա միջավայրի նախարարության` Արարատյան դաշտի արտեզյան վիճակի ջրավազանի վերականգնման միակ հնարավոր եղանակներից է չշահագործվող հորատանցքերի լուծարումը, կոնսերվացումը, ինչը կվերականգնի արտեզյան ջրավազանի ստորերկրյա հորիզոնը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ հորատանցքերի լուծարումն ու կոնսերվացումն իրականացվում է տնտեսվարողների միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում գտնվում է տվյալ հորը: Բայց նախարարության համար երբեմն խնդիրներ են առաջանում, երբ լքված տնտեսություններ են լինում: Եւ հենց այդ դեպքում մեծանում է պետության վրա ֆինանսական բեռը նման հորատանցքերը լուծարելու համար:

Եւ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ջրային օրենսգրքում լրացում կատարել, ըստ որի` տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել ֆինանսական երաշխիքներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարը տնտեսվարողը պետք է փոխանցի ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ: Այսինքն` հետագայում չօգտագործվող ստորերկրյա հորերի սահմանված կարգով կոնսերվացումը կիրականացվի առանց սեփականատիրոջ միջամտության: Թե ինչ գումարների մասին է խոսքը, եւ որքան պետք է տնտեսվարողը փոխանցի դրամագլուխ, դեռեւս հայտնի չէ: Արդյոք նախագիծը կողջունեն ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողները` դա էլ ցույց կտա ժամանակը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս