Հրդեհի հետեւանքները առողջապահության նախարարությանը չի մտահոգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 24-ին խոշոր հրդեհ էր բռնկվել կենցաղային իրերի «Վեգա» խանութի պահեստային մասում: Հրդեհի հետեւանքով մեծ քանակությամբ ծուխ է արձակվել մթնոլորտ, որից շատերը գլխացավ, գլխապտույտ են զգացել կամ սրտխառնոց: Եւ մարդկանց համար կարեւոր այս պահին Առողջապահության նախարարությունը լուռ էր:

Մինչդեռ համաշխարհային փորձն ասում է, որ նմանօրինակ հրդեհների կամ պայթյունների ժամանակ, երբ սեւ ծուխ է լինում, ուրեմն դրանում տոքսիկ նյութեր կան, հետեւաբար այն կարող է վտանգ առաջացնել շրջակա միջավայրի ու մարդկանց համար: Բայց, արի ու տես, որ հրդհեի ժամանակ, երբ դեպքի վայրում էին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Առողջապահության նախարարությունը անգամ չբարեհաճեց մի հայտարարության տեքստ տարածել` կոչ անելով մարդկանց զգուշանալ:

Կամ եթե այն վտանգավոր չէր, ապա նախարարությունը կարող էր հանգստացնել քաղաքացիներին` նշելով, որ հրդեհի արձակած ծուխը վտանգավոր չէ առողջության համար, միաժամանակ հորդորեր ռիսկային խմբերին՝ երեխաներին, ծերերին ու խրոնիկ հիվանդներին զգուշավորություն ցուցաբերել: Բայց Առողջապահության նախարարությունը ուխտի ականջում քնած էր:

Տպավորություն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այս կյանքում միայն անհանգստացնում է ծխախոտի ծուխը, եւ նա, բանուգործը թողած, իր թիմի հետ միասին պայքարում է միայն ծխելու դեմ: Անգամ օրեր անց նախարարությունը չի բարեհաճում խոսել այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ երեկ ողջ օրվա ընթացքում փորձեց մեկնաբանություն ստանալ Առողջապահության նախարարությունից,սակայն մեր փորձերն ապարդյուն անցան:

Սա դեռ ամենը չէ: Պարզվում է` հրդեհից արձակված ծուխը անհանգստացրել է միայն Շրջակա միջավայրի նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը դիտարկումներ է կատարել: Ըստ այդմ` օգոստոսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Մալաթիա-Սեբաստիայում գտնվող «Վեգա» խանութի պահեստային մասում առաջացած հրդեհի մոտակա դիտակետերում արձանագրել է մթնոլորտային օդի աղտոտվածություն։

Ըստ այդ կենտրոնի`օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերացանցել է՝ հասնելով մինչեւ 1․961 մգ/մա (սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ ՍԹԿ=0․05 մգ/մա), իսկ ազոտի երկօքսիդը՝ 0․209 մգ/մա (ՍԹԿ=0․04 մգ/մա): Ի դեպ, նկատենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունն օզոնաքայքայիչ նյութերի մոնիթորինգ չի իրականացնում, որովհետեւ կարողություններ չունի:

Ստացվում է, որ կենտրոնի կատարած դիտարկումների արդյունքներին էլ Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ: Ինչեւէ,փորձեցինք մեր հարցերին պատասխաններ գտնել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Զրուցեցինք արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ` միաժամանակ ներկայացնելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած դիտարկումների արդյունքները: Նկատենք, որ ԱԻ նախարարը եւս զարմացավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունից իրենց չեն տեղեկացրել մոնիթորինգի արդյունքների մասին: Ապա ասաց, որ քիչ հետո կապ կհաստատի մեզ հետ:

Օրվա վերջին նախարար Ֆելիքս Ցոլակյանը կապ հաստատեց մեզ հետ եւ փոխանցեց, որքիմիկոսներին ուղարկել է դեպքի վայր` ուսումնասիրություն իրականացնելու նպատակով: «Հրդեհի առաջին օրը եղել է ծծմբական թթվի ավելցուկ, դրանից հետո այն ցնդել է, վերացել է: Ձեր զանգից հետո մեր քիմիկներին ուղարկել ենք այնտեղ. նրանք 7 կոմպոնենտով ստուգում են անցկացրել, ամեն տեղ 0 է արձանագրվել, նորմայի սահմաններում է:

Ինչ եղել է, առաջին օրն է եղել. մենք չէինք կարող առաջին օրը հենց ուսումնասիրություն կատարել: Շատ արագ ցնդել գնացել է, այրվել է կիսլատա, սոսինձ: Հետո այնտեղ հիմնականում սառնարանների ֆրիոնների պայթյուններ էր, դրանց պայթյունի ձայնը մենք լսում էինք հրդեհի ժամանակ: Այդ պահին դրա դեմ մենք ոչինչ անել չէինք կարող, դա ծխի հետ գնում էր»,- պարզաբանեց նախարարը: Ապա եւս մեկ անգամ ընդգծեց`նշելով, որ ոչինչ չէր փոխվելու, եթե իրենք հենց այդ օրը ուսումնասիրություն անեին. «Քաղաքացիները տանից դուրս չէին գալիս, իսկ ով դուրս էր գալիս, ստիպված էր լինում այդ ծուխը շնչել: Մենք այդ պահին ոչինչ չէինք կարող անել»:

Այնուամենայնիվ, որպեսզի պարզենք, թե ինչ վնաս կարող է մարդուն հասցնել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն»-ի կողմից արձանագրվածը, դիմեցինք բնապահպան Ինգա Զարաֆյանին:

Նրա ներկայացմամբ` ծծմբի երկօքսիդը միանշանակ թունավոր գազ է: Նույնիսկ եթե մարդը շնչում է քիչ կոնցետրացիայով, այն կարող է նրա մոտ բարդություններ առաջ բերել վերին շնչառական ուղիներում, ձայնային շեղումների պատճառ դառնալ, օրինակ`հազի պատճառ կարող է դառնալ: Այն կարող է առաջացնել սրտխառնոց, թթվածնի անբավարարություն: Բացի այս, երբ մարդը շնչում է այդ գազը, նույն պահին նշանները կարող է չզգալ, այլ մեկ կամ երկու օր անց: Ծծմբական թթուն ազդում է մաշկի, լորձաթաղանթի մեմբրանների, շնչուղիների վրա` պատճառելով քիմիական այրվածքներ։ Շնչառության ժամանակ օրգանիզմում առաջացնում են թթվածնային քաղց, հազ, բրոնխիտ եւ այլն։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս