Նախորդ իշխանության ներկայացուցիչներն ուզում են Ամուլսարի հարցը Փաշինյանի դեմ օգտագործել. Անդրե Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Ամուլսարի հանքի շահագործման հարցն է: Թեեւ Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը փոքր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, բնապահպանները, երկրաբանները պնդում են, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով Սեւանա լիճն ու Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կվտանգվեն:

Թեմայի շուրջ իրենց տեսակետն են հայտնում ոչ միայն բնապահպանները, այլեւ մշակույթի գործիչները: Մենք արդեն ներկայացրել էինք դերասան Սերգեյ Դանիելյանի մտահոգությունները: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռոք երգիչ եւ երաժիշտ Անդրե Սիմոնյանի հետ:

-Անդրե՛, տեղյակ ենք, որ, առհասարակ, դեմ եք Հայաստանում որեւէ հանքի շահագործմանը: Ամուլսարի դեպքում, սակայն, Ձեր տեսակետը միանշանակ չէ: Ինչու՞:

-Այո, դա իմ դիրքորոշումն է. չէի ուզի, որ Հայաստանում հանքեր լինեին: Կարծում եմ՝ տնտեսական աճ գրանցելու համար կարելի էր զարկ տալ, օրինակ, ՏՏ, զբոսաշրջության ոլորտների զարգացմանը,բայց Ամուլսարի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է:

Նախ՝ եկեք հիշենք, որ հանքի շահագործումը եղել է նախորդ իշխանության նախաձեռնությունը, եւ այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարզապես ժառանգել է նախորդներից: Երկրորդ՝ ես վստահ եմ, որ վարչապետը մտահոգ է մեր հայրենի բնության պահպանությամբ եւ թույլ չի տա, որ առանց բնության պահպանության համոզիչ երաշխիքների հանքը շահագործվի: Երրորդ՝ ներկայիս իշխանությունը չի ուզում վնասել Հայաստանի համբավն արտերկրում, չորրորդ՝ նպատակահարմար չի գտնում 400 միլիոն դոլարի չափ վնաս հասցնել պետբյուջեին:

Ուստի ես կողմ եմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, բայց եթե պահպանվեն բնապահպանական բոլոր նորմերը, եւ սա լինի Հայաստանի վերջին հանքը: Իհարկե, շատ կափսոսամ, երբ Ամուլսարը դառնա հանք, բայց պետք է հաշվի նստենք այն իրավիճակի հետ, որն ունենք: Հաշվի առնելով իմ նշած հանգամանքները՝ ժողովուրդը չպետք է քննադատի Փաշինյանին: Եթե նա իսկապես պոպուլիզմի հետեւից ընկներ, ինչպես շատերն են կարծում, ապա հանքի շահագործումը թույլ չէր տա, կդառնար բոլորի աչքի լույսը եւ պետբյուջեից 400 միլիոն կվճարեր: Բայց նա չի ուզում վատնել այդ գումարը եւ Հայաստանի համբավին վնաս հասցնել:

-Դուք համարում եք դա վատնու՞մ: Բնապահպանները պնդում են՝ հանքի շահագործումը մեծապես վնասելու է շրջակա միջավայրը, եւ, նրանց համոզմամբ, այդ դեպքում արդեն միլիոններն էլ չեն փրկի…

-Բայց ի՞նչ փաստարկներ կան, որ հանքն այդ աստիճան վնասելու է բնությանը: Իհարկե, չկա այնպիսի հանք, որ վնաս չհասցնի բնությանը, բայց պետք է հասկանանք՝ ինչ ենք դնում կշեռքի նժարներին:

-Կա կարծիք, որ Փաշինյանի վրա գործարար հատվածից ճնշում են գործադրում, այդ պատճառով էլ նա չի կարողանում հրաժարվել հանքի շահագործումից…

-Չեմ կարծում: Տեսեք, թե այսօր ովքեր են բերման ենթարկվում: Իմ կարծիքով՝ չկա մեկը, ով կարող է նման ճնշում բանեցնել: Եվ հետո մի բան էլ ասեմ: Հիմա նախորդ իշխանության ներկայացուցիչները սկսել են պղտոր ջրից ձկներ բռնել, ուզում են Ամուլսարի հարցը Փաշինյանի դեմ օգտագործել:

Հիմա մենք միանանք այդ մարդկանց ու մի մարդու մեղադրե՞նք, թե՞ կանգնենք վարչապետի կողքին եւ մինիմալ վնասներով դուրս գանք այս խնդրից: Կարծում եմ՝ երկրորդ տարբերակը, եթե, իհարկե, հավատում ենք, որ այս իշխանությունը թույլ չի տալու Հայաստանում նոր հանքերի շահագործումը: Իսկ ես հավատում եմ: Բացի այդ, վստահ եմ, որ Ամուլսարի հանքից եկած օգուտը կրկին ուղղվելու է պետական բյուջե, ոչ թե դղյակների տերերի գրպաններ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս