«Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ առաջընթաց եմ նկատում երաժշտական ոլորտում: Հինգ տարի էր՝ հայրենիքում որպես արտիստ չէի ներկայանում, բացակա էի, բայց, արի ու տես, որ հեղափոխությունից հետո, երբ ազատ արտահայտվելու իրավունքը սկսեց տարածվել բոլոր ոլորտների վրա, իմ վերադարձը ստացվեց: Մինչ այդ երբ առաջարկում էի հայրենիքում որեւէ ծրագիր իրականացնել, պետք է սպասեի, որ մի քանի տասնյակ հոգի զններ այն, վերջում էլ կա՛մ համաձայնություն տար, կա՛մ ոչ:
Իսկ այս ամառ ինձ գրկաբաց ընդունեցին Երեւանում եւ թույլ տվեցին, որ այն, ինչ առաջարկում էի, կյանքի կոչվեր»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, որը հունիսին Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ հանդես եկավ համերգով:
Ալեքսանդրը բնակվում է Բեռլինում, դեռեւս Հայաստան մշտական բնակության վերադառնալու մտադրություն չունի, թեպետ վերադարձի համար նրան ոչինչ չի խանգարում. «Պետք է ուղղակի հարմար հրավեր եւ առաջարկ լինի, որպեսզի կարողանամ նվագախմբերի հետ կապված ծրագրերս կյանքի կոչել: Ինձ ու իմ պես այլ արտիստների համար հարթակ է պետք »,-մեկնաբանեց նա:
Փոխարենը կոմպոզիտորը խոստացավ ավելի ու ավելի շատ այցելել հայրենիք նոր ու թարմ ծրագրերով. «Հաջորդ տարի եւս Հայաստան եմ գալու յուրահատուկ մի ծրագրով, որի ականատեսը հայ հանդիսատեսը դեռ չի եղել: Հայրենիք եմ բերելու չլսված մի երաժշտություն:
Հայաստանում իմ բացակայությունը չեք զգա: Բայց չեմ կարծում, թե հանուն հայրենիքի ինչ-որ բան անելու համար անպայման պետք է ֆիզիկապես գտնվես այնտեղ: Այսօր այնպիսի թվային տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս գտնվել մի երկրում, բայց, օրինակ, լինել գլխավոր դիրիժոր մեկ այլ երկրում: Այնպես որ, ամեն բան դեռ առջեւում է»:
Աննա Բաբաջանյան